‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար բոլոր հիմքերը կան’

1458

Հունիսի 28-ին նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ նրա գործողությունները հիմք են ստեղծում Սարգսյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ ազգի առաջ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ եւ ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր, եւ ինչ ծավալի չարաշահումների մասին է պետք խոսել՝ ըստ էության կանխատեսելով քննության արդյունքները:

«Երկրորդ` միգուցե ավելի խայտառակ բան. նա, ըստ էության, հրապարակավ ճնշում գործադրեց Վերահսկիչ պալատի նախագահի վրա եւ ընդհանրապես ՎՊ ինստիտուտի վրա», — նշեց Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության՝ ՎՊ-ն ստեղծվել է ԱԺ կողմից, եւ ստեղծման մեխանզմը հենց սահմանադրորեն երաշխավորում է, որ Պալատը կարող է զերծ մնալ ցանկացած ճնշումներից, այդ թվում՝ նախագահի կողմից: Սակայն խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն այդ ինստիտուտը հավասարեցրեց հողին:

«Եթե մենք դեմոկրատական երկիր լինեինք, սա կորակվեր որպես սահմանադրական լիազորությունների գերազանցում նախագահի կողմից՝ ապօրինի ճնշում իրավապահների վրա եւ արդարադատության խոչընդոտում: Այսինքն՝ այնպիսի գործողություններ, որոնց համար, օրինակ` ԱՄՆ-ում, նախագահներին իմպիչմենտի են ենթարկում», — ասաց Կոնգրեսի փոխնախագահը՝ հիշեցնելով, որ ժամանակին ԱՄՆ նախագահ Քլինթոնին իմպիչմենտի էին փորձում ենթարկել այն բանի համար, որ նա ոչ միայն ստել էր երդման տակ, այլեւ խոչընդոտել էր արդարադատությանը:

«Մենք գործ ունենք հենց նման իրավիճակի հետ, եւ կրկնում եմ` Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենտի ենթարկելու համար», — նշեց Լեւոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի ներկայացրած՝ 2012-ի հաշվետվության բուն փաստական մասին, ապա, ըստ Լեւոն Զուրաբյանի, 2008-ից ի վեր Պալատի ներկայացրած հաշվետվություններում ավելի աղաղակող փաստեր են արձանագրվել: Մասնավորապես, 2008-ի հաշվետվության համաձայն՝  բյուջեից 500 միլիոն դոլար է գողացվել:

Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ 2012-ի հաշվետվության բարձրացրած աղմուկը մի քանի պատճառներ ունի: Նախ՝ ի տարբերություն նախորդ գումարման խորհրդարանի, ներկա   ԱԺ-ում գործում է ուժեղ ընդդիմություն՝ ի դեմս Կոնգրեսի, որը բարձրաձայնում է չարաշահումների եւ անօրինականությունների փաստերը: Ընդ որում, Զուրաբյանի խոսքով՝ Կոնգրեսը ստանձնել է ընդդիմության լոկոմոտիվի դերը, որովհետեւ քննադատության եւ դրա փաստարկվածության մակարդակը հասցվել է այն աստիճանի, որ բոլոր քաղաքական ուժերը եւս հետ չմնալու նպատակով մտնում են քննադատական գործընթացի մեջ:

Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ հիշեցրեց, որ 2012-ի հոկտեմբերին, երբ ինքն ԱԺ-ում հնչեցրեց գազի թանկացման վերաբերյալ հարցը՝ նշելով, որ գազը թանկանալու է 2013-ի ապրիլի 1-ից, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հերքեց դա:

«Հետո պարզվեց, որ մաթեմատիկական ճշգրտությամբ մեր` ընդդիմության «սուտը» համապատասխանում է իրականությանը: Նույն կերպ օֆշորի գործը փորձեցին նորից մատնել լռության, բայց մենք,  օգտագործելով մեր բոլոր լծակները, այնպես արեցինք, որ նրանք ստիպված եղան պատասխան տալ: Եւ այն, ինչ կատարվեց ԱԺ-ում, ուղղակի առերեսում էր ընդդիմության հետ, ինչին իշխանութունը չդիմացավ», — նշեց Կոնգրեսի փոխնախագահը:
Բացի դրանից, ըստ նրա՝ երբ իշխանության ավազակային բնույթը հանրությանը հայտնի է դառնում, իշխանության ներսում քավության նոխազի փնտրտուք է սկսվում՝ դրանով իսկ՝ փոխադարձ մեղադրանքներ են հնչում իշխանության ներսում:

Այս գործընթացը, ըստ Լեւոն Զուրաբյանի, գնալով ինտենսիվանալու է երկու  պատճառով. 
«Առաջին՝ ՀՀ իշխանությունները գնալով հայտնվում են ավելի խորը ճգնաժամի մեջ, եւ երկրորդ` սկսել է գործել հայտնի «կաղ բադի» սինդրոմը: Անգամ դեմոկրատական երկրներում այն նախագահը, ով երկրորդ եւ վերջին ժամկետում է պաշտոնավարում, հայտնվում է կաղ բադի կարգավիճակում, որովհետեւ կորցնում է իշխանությունը. բոլորը հասկանում են, որ նրա իշխանության ժամկետը ավարտվում է, շուտով նոր մարդ է լինելու իշխանության մեջ, եւ այդ ժամանակ նրա շրջանում սկսվում է լոյալության դեֆիցիտ: Նույնիսկ Հայաստանի ավտորիտար ռեժիմի պայմաններում ակնհայտ է, որ ներիշխաական լարվածությունը եւ պառակտումները աճելու են, սկսել է պայքար լիդերության համար եւ այն ուժեղանալու է, որովհետեւ Հայաստանը հայտնվել է լրջագույն մի ճգնաժամի մեջ», — նշեց Զուրաբյանը:

Լրագրողի հարցին՝ հնարա՞վոր է, որ Հովիկ Աբրահամյանը ներիշխանական կոնֆլիկտի արդյունքում անցնի ընդդիմության շարքերը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ ընդդիմության գործերն այնքան լավ են, որ Աբրահամյանն անցնի ընդդիմության շարքերը, բայց ճգնաժամի խորացումը կարող է բերել այնպիսի գործըթնացի, որ եթե ոչ Հովիկ Աբրհամյանը, բայց ՀՀԿ-ի ներսում ինչ-որ ոժեր հրաժշտ տան խորտակվող նավին»:

 

Նախորդ հոդվածը‘Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կրկեսը քանդել են, Սամվել Կարապետյանի 107 մլն-ն էլ՝ փոշիացրել’