‘Լեւոն Զուրաբյան. Վերջնական գնահատական տալ հնարավոր է միայն Ասոցացման համաձայնագրի հրապարակումից հետո’

1457

iLur.am-ի հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը

Պարոն Զուրաբյան, կարծես այս շրջանի ամենաշոշափվող թեման դարձել է ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարցը: Արդյո՞ք Կոնգրեսը չի ցանկանում իր դիրքորոշումը ներկայացնել այս հարցի շուրջ: 

-Սա կարեւորագույն խնդիր է, եւ մենք մեր վերջնական դիրքորոշումը կհայտնենք այն բանից հետո, երբ կհրապարակվի պայմանագրի վերջնական տեքստը, ինչը թույլ կտա լրջորեն քննարկել նախաստորագրման հետեւանքով առաջացած բոլոր առավելությունները եւ խնդիրները: Մենք այս հարցը քննարկել ենք դեռեւս միայն «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունում, եւ այս պահին մեր ունեցած դիրքորոշումը հետեւյալն է.

առաջին` վերջնական գնահատական հնարավոր է միայն տեքստի հրապարակումից հետո, եւ երկրորդ` մենք, իհարկե, կողմ ենք եվրաինտեգրմանը, Եվրոպական միության հետ տնտեսական եւ ինստիտուցիոնալ հարաբերությունների զարգացմանը, բայց դա չպետք է վնասի Ռուսաստանի Դաշնության հետ մեր ռազմավարական գործընկերության հարաբերություններին: Այս առումով՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դրսևորում է արտաքին քաղաքականության մեջ քայլերի հետեւանքները խորագույն կերպով չհաշվարկելու նույն արկածախնդրական մոտեցումը (որը, չգիտես ինչու, կոչում է «նախաձեռնողական»), ինչին ականատես դարձանք, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ: Ցավոք սրտի՝ մենք ե՛ւ բաց հրապարակումներից, ե՛ւ դիվանագիտական` արեւմտյան եւ ռուսական շրջանակներից ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ասոցացման պայմանագրի նախաստորագրումը կարծես դառնում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ (մասնավորապես ԵՄ-ի հետ) հակասությունների սրման պատճառ: Մի բան, որ երկրի ղեկավարությունը պետք է թույլ չտար: Եթե Սերժ Սարգսյանը պատասխանատու վերաբերվեր այդ բանակցություններին, ապա ասոցացման համաձայնագրի ստորագրումը պետք է դառնար Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության  հիմք, այլ ոչ թե նրանց միջեւ Հայաստանի համար մրցակցության եւ հակասությունների սրման պատճառ: Անկախության տարիներից ի վեր՝ Հայաստանը վարել է հավասարակշռված քաղաքականություն, որի հիմքում դրված է եղել հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով, եւ որը թույլ է տվել խորացնել հարաբերությունները եւ համագործակցությունը թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Արեւմուտքի հետ: Սերժ Սարգսյանի ոչ կոմպետենտ, կոռուպցիոն պաշտոնավարումը բերել է նրան, որ Հայաստանը հայտնվել է թուլացած մի պետության դերում, որը միջազգային քաղաքականության սուբյեկտից ավելի շատ վերածվում է միջազգային քաղաքականության օբյեկտի:

Իրավիճակը նաեւ վատթարանում է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը, փոխանակ բաց եւ Եվրոպական Միության ու Ռուսաստանի հետ համաձայնեցված քաղաքականություն վարեր, կարծես փորձում է այնպիսի քաղաքական առեւտրի մեջ մտնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ, որը այդ հարաբերությունները նմանեցնում է քաղաքական աճուրդի:

Աճուրդի նպատակը առավելագույնս կորզելն է, բայց Սերժ Սարգսյանը պետք է հասկանար, որ նման աճուրդին դիմելը միգուցե եւ կօգնի առավելագույնը կորզել մեկ կողմից, բայց, միեւնույն ժամանակ, կողմերից մյուսի հետ հարաբերությունները կարող են հայտնվել խզման կետում, ինչն ապագայում կփակի Հայաստանի համար մանեւրելու, բոլոր ուղղություններում հնարավորությունները բաց պահելու եւ իր ինքնիշխանությունը մեր ժողովրդի շահերի համար գործածելու որեւէ հեռանկար: Ինչպես եւ թուրքական արձանագրությունների հետ կապված «ցյուրիխյան ուրացման» գործում, նման անպատասխանատու եւ անհաշվենկատ քաղաքականության հետեւանքը լինելու է այն, որ Հայաստանը հայտնվելու է կոտրած տաշտակի առջեւ:

-Սիրիայի հետ կապված մեկ հարց. վերջերս միջազգային զարգացումների թեման է դարձել այն լուրը, որ ԱՄՆ-ն պատրաստվում է ռազմական միջամտություն իրականացնել այդ երկրում: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը Սիրիայի շուրջ զարգացումների նկատմամբ: 

-Բնականաբար՝ չեմ կարծում, որ Հայաստանի քաղաքական ուժերի դիրքորոշումից, անգամ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից կախված է այդ հակամարտության հետագա զարգացումը կամ ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հարցը: Ուստի այստեղ մենք ոչ թե քաղաքական դիրքորոշում պետք է ունենանք, ինչը ծիծաղելի կլիներ վերոնշյալ հանգամանքի պատճառով, այլ ավելի ադեկվատ եմ համարում քաղաքագիտական վերլուծությունը: Նման վերլուծությունն ինքնին շատ բարդ գործ է, քանի որ սիրիական կիզակետում այսօր խաչվում են բազմաթիվ աշխարհաքաղաքական շահեր: Այստեղ կա ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ ՌԴ-ի մրցակցության խնդիրը, ե՛ւ տարածաշրջանային այնպիսի տերությունների անվտանգության  եւ մրցակցության խնդիրներ, ինչպիսիք են Իսրայելը, Թուրքիան եւ Իրանը, ե՛ւ նավթ ու գազ արտադրող երկրների աշխարհաքաղաքական շահերը, ինչպիսիք են Ռուսաստանը, Քաթարը (որն ըստ որոշ տեղեկությունների՝ ֆինանսավորել է սիրիական ընդդիմությանը՝ Քաթարից դեպի Եվրոպա գազամուղի հեռանկար ստեղծելու նպատակով), ե՛ւ հենց Սիրիայի ներսում ստեղծված բավականին  բարդ խճանկարը, որը բարդացվում է տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքների ներքաղաքական հակասություններով, բայց նաեւ համաշխարհային այնպիսի ցանցային կազմակերպությունների ներգրավումով, ինչպիսին «Ալ- Քաիդան» է: Նման իրավիճակում ես կասկածում եմ, որ գոյություն ունի ռազմական միջամտության այնպիսի ռազմավարություն ԱՄՆ-ի կողմից, որի հետեւանքները հաշվարկելի են, եւ որը, ուստիեւ, կունենա հստակորեն կանխատեսելի հետեւանքներ: Հենց դա է պատճառը, որ չնայած ԱՄՆ-ի վարչախմբի կողմից արտահայտված դիրքորոշմանը՝ ԱՄՆ-ին չի հաջողվում արագ լուծել միջազգային լայն կոալիցիա ստեղծելու հարցը, Բրիտանիայի պառլամենտն արդեն դեմ քվեարկեց ռազմական միջամտության սկզբունքին, եւ ԱՄՆ-ում էլ Օբաման խուսափեց ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու հնարավորությունից, եւ նա ստիպված է հարցը դնել Կոնգրեսի քննարկմանը: Անգամ Իսրայելի շահերի տեսակետից ակնհայտ չէ՝ արդյո՞ք ճիշտ ռազմավարություն է տապալել իր  մի թշնամուն` Բաշար Ասադին, եւ Սիրիայում գործելու լայն հնարավորություն տալ  Իսրայելի համար շատ ավելի կատաղի թշնամուն`«Ալ- Քաիդային»: 

Քիմիական զենքի օգտագործման մասին հակասական տեղեկատվական հոսքերը, ինչպես նաեւ իրաքյան պատերազմի առիթ հանդիսացած այն տեղեկությունները, որոնք հետագայում չհաստատվեցին, նույնպես լուրջ կասկածամտության հիմք են դարձել ռազմական հնարավոր միջամտության համար: Նման իրավիճակում լայնամասշտաբ ռազմական միջամտության փորձերը որեւէ լավ հեռանկար չեն խոստանում:  Ամեն դեպքում՝ պետք է պատրաստ լինենք դեպքերի ամենաանկանխատեսելի եւ աղետալի զարգացումներին:

Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ հաշվի առնելով այնտեղ մնացած տասնյակ հազարավոր հայերին սպառնացող վտանգը:

-Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա մեր պետությունը պետք է ամեն քայլ ձեռնարկի սիրիահայության շահերը պաշտպանելու, ինչպես նաեւ Հայաստանում նրանց հուսալի ապաստանի եւ աշխատանքի հնարավորություն տալու ուղղությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Գ. Ծառուկյան. Տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկերն ավելացնելու փոխարեն արտոնություն են տալիս’
Հաջորդ հոդվածը‘«Բիլդ». Օզիլը բուժզննում է անցել Մյունխենում’