‘Լեւոն Զուրաբյան. Վովա Գասպարյանի այցելությունից հետո վերաբերմունքը կտրուկ փոխվեց’

1268

Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը երեկ երեկոյան գնացել են  Կենտրոնի ոստիկանության բաժանմունք՝ այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ նաեւ բազմաթիվ անմեղ մարդկանց են բերման ենթարկել: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ոստիկանները հատկապես, կարծես, թիրախավորել էին այն ակտիվիստներին, ովքեր վերջին շրջանում տարբեր ակցիաների ժամանակ շատ ակտիվ են եղել», — նշեց նա:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների մեջ եղել են նաև Կոնգրեսի երեք անդամներ, որոնց հետ խոսելուց հետո համոզված է, որ նրանք որեւէ հակաիրավական բան չէին արել:

Պատգամավորները, ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվածներից ճշտելով ապօրինի բերման ենթարկվածների ցուցակը, ներկայացրել են Կենտրոնի  ոստիկանապետին, որը, Զուրաբյանի խոսքով, պատրաստակամություն է հայտնել քննարկել կոնկրետ մարդկանց հետ կապված հարցեր: Բայց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցելությունից հետո իրավիճակը կտրականապես փոխվել է:

«Դա շատ ակնհայտ էր: Այլեւս ոչ մի նորմալ բացատրություն մեզ չէր տրվում, մեզ խոստացել էին, որ մեկ ժամվա ընթացքում կկարողանանք տեսակցել բերման ենթարկվածների հետ: Այդ հնարավորությունից անմիջապես զրկեցին», — նշեց Զուրաբյանը:

Նա պատմեց, որ «որոշակի համառության, նույնիսկ սահմաններ անցնող համառության դրսեւորումից հետո» հաջողվել է հանդիպել ոստիկանապետի հետ, նրան ներկայացնել այն տասնմեկ մարդկանց ցուցակը, որոնք որեւէ հակաիրավական գործողություն չեն կատարել, բայց բերման են ենթարկվել:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց նաեւ, որ Հայաստանում ակնհայտորեն քաղաքական գործընթաց է հասունանում, եւ Կոնգրեսը «ձեռքը պահում է գործընթացի զարկերակի վրա:» 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բռնությունը բռնություն է ծնում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’