‘Լեւոն Զուրաբյան. Քաղաքական ուժերը պատասխան կտան ոչ թե ՀԱԿ-ին, այլ`ժողովրդին’

3350

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը

— Պարոն Զուրաբյան, գո՞հ եք Կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքից:

— Մարտի 1-ի հանրահավաքն իր բազմամարդությամբ` 2008թ. ի վեր կարող է համեմատվել միայն 2011թ. մարտի 17-ի հանրահավաքի հետ: Իսկ սա նշանակում է, որ իշխանությունների հետ 2007թ. սկսված Շարժման պատերազմում մենք ոչ միայն չպարտվեցինք, ոչ միայն չմաշվեցինք, այլեւ ապացուցեցինք, որ ուժեղ ենք, քան երբեւէ: 6 տարի շարունակ իշխանությունը հալածում էր Շարժման ակտիվիստներին, օգտագործելով ոստիկանական բռնաճնշումներ, դատաիրավական հետապնդումներ, աշխատանքից հեռացումներ, կիրառելով այլ հալածանքներ: 6 տարի շարունակ իշխանությունը փորձել է պառակտել Շարժումը, հավաքագրել առանձին քաղաքական գործիչների կամ դիմել տարբեր ինտրիգների` ԿԳԲ-ական ամենաստոր մեթոդներով, ընդհուպ մինչեւ ապօրինի գաղտնալսումներ, սերմանել կասկածամտություն ու հակասություններ: Այսքան ջանք թափելուց հետո, այսքան առանձին մարդկանց հավաքագրելուց եւ պոկելուց հետո իշխանությունն իրեն ուղղակի պարտված է զգում` տեսնելով, որ ՀԱԿ-ը կարողացավ ողջ Ազատության հրապարակը եւ դրան հարակից տարածքները լցնել համակիրների խիտ մարդկային զանգվածով: Բաղրամյան 26-ը, ԿԳԲ-ն, տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցած ճյուղավորված պրոպագանդիստական ապարատը շփոթության մեջ են, որովհետեւ Շարժումը մաշեցնելու գուրգուրված հույսն այլեւս կործանված է: Ժողովուրդը եւ հասարակությունը ցույց տվեցին, որ շարունակում են ՀԱԿ-ի մեջ տեսնել առաջատար մի ուժի, որը կարող է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելով` արմատական իշխանափոխություն ծավալել երկրում: Կործանվեց նաեւ իշխանական քարոզչամեքենայի կողմից մշակված այն պրոպագանդան, որը ներշնչում էր հանրությանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը եւ ԲՀԿ-ի հետ համագործակցելու` ՀԱԿ-ի որոշումը այնպիսի ծանր հարված է հասցրել ՀԱԿ-ի ժողովրդականությանը, որ Կոնգրեսն այլեւս չունի առանցքային դերակատարություն Հայաստանի քաղաքական կյանքում: Մի պարզ բան ասեմ` 2014թ. մարտի 1-ի հանրահավաքում երկու անգամ ավելի շատ մարդ կար, քան 2011թ. նոյեմբերի 25-ի հանրահավաքում, երբ հնչեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Այդ ռազմավարության հաղթանակի ավելի լավ ապացույց` դժվար է գտնել:

Ինձ նաեւ շատ տպավորեց այն ուշադրությունը, որով մարդիկ լսում էին ելույթ ունեցողներին: Ժողովուրդն ուշադիր լսեց, ընկալեց ՀԱԿ-ի առաջարկած պլանը եւ պատրաստ է վճռական պայքարի:

— Կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը սրանով քաղաքական նոր գործընթացներ է սկսում:

— Իրականում` ոչ թե Կոնգրեսն է նոր փուլ սկսում, այլ` սկսվում է մի նոր գործընթաց, որի առաջին գծում լինելու են չորս քաղաքական ուժերը, Տեր-Պետրոսյանի ասած` «Հրաշալի քառյակը», որն իր միասնականությամբ եւ հստակ մտածված գործողություններով մեծ հույս է ներշնչել ժողովրդին:

— Տեր-Պետրոսյանն էլ  իր ելույթում ասաց, որ ինքը չի առաջարկի իշխանափոխության քարտեզ, թողնելով, որ ԱԺ չորս խմբակցություններն իրենք այդ հարցը համատեղ որոշեն: Նաեւ` հաջորդ հանրահավաքը հրավիրելու հարցը, ըստ էության, թողնվեց չորս ուժերի որոշմանը:

— Մարտի 1-յան հանրահավաքից հետո հնչած արձագանքները գնահատում եմ շատ դրական եւ հուսադրող, բոլոր չորս քաղաքական ուժերը կառուցողական մոտեցում են ցույց տալիս, քաղաքական շփումներն ինտենսիվ են եւ ուղղված են ժողովրդի մասնակցության ամենաարդյունավետ գործողությունների պլանի մշակմանը: Իսկ թե երբ կլինի հաջորդ հանրահավաքը, կարծում եմ` շատ շուտով համատեղ որոշում կընդունենք:

— Պարոն Զուրաբյան, առաջին անգամ ՀԱԿ հանրահավաքին  մասնակցում էին ԲՀԿ-ականները, եւ հետո ԲՀԿ առանցքային դեմքերը հայտարարեցին, որ լիովին համաձայն են Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ: Ավելին, Վարդան Օսկանյանն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ ՀՀ-ն շռայլություն չի կարող թույլ տալ` սպասելով մինչեւ 2017-18թթ. հերթական համապետական ընտրությունները:

— Սա նշանակում է, որ եթե առաջ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում էր միայն ՀԱԿ-ը, այսօր դրա մասին սկսել են խոսել երկրի բոլոր ազդեցիկ ուժերը, բացառությամբ` իշխող կոալիցիայի:

— Տեր-Պետրոսյանի ելույթը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել ոչ միայն արտաքին քաղաքականության, այլեւ` ներքաղաքական հարցերի վերաբերյալ:

— Կային մարդիկ, որ կուզենային հենց մարտի 1-ին մենք սկսեինք մայդան` շուրջօրյա հանրահավաքներ: Կարծում եմ, սակայն, որ այն պլանը, որ առաջարկեց Տեր-Պետրոսյանը, շատ ավելի արդյունավետ է: Եթե Կոնգրեսը սկսեր շուրջօրյա հանրահավաքներ մարտի 1-ին` առանց համաձայնեցված ծրագիր մշակելու «քառյակի» իր  գործընկերների հետ, դա կհեշտացներ իշխանությունների խնդիրը: Գործելով միայնակ, Կոնգրեսը խոցելի վիճակում կդներ ընդվզման կորիզը, եւ իշխանություններին շատ ավելի հեշտ կլիներ կռիվ տալ միայնակ պայքարող ՀԱԿ-ի դեմ:  Համագործակցության պլանը նույն պայքարի մեջ է բերում հանրության շատ ավելի լայն շրջանակների, մեկուսացման մեջ է դնում ռեժիմին եւ հեշտացնում իշխանության անցնցում հանձնումը ժողովրդին: Մենք պետք է հասկանանք` եթե կա խնդրի լուծման անցնցում տարբերակը, ուրեմն պետք է դիմել հենց այդ տարբերակին, որովհետեւ ինչ ուզում եք ասեք, եթե բռնությունից, արյունահեղությունից հետո ժողովուրդը անգամ հաղթանակ է տանում, այդ հաղթանակը ձեռք է բերվում չափազանց թանկ գնով, այն է` անմեղ մարդկանց կյանքի կորուստ, ավերածություններ, պետական ինստիտուտների որոշակի քայքայում, որոնց վերականգնումը կարող է տարիներ տեւել: Էլ չասած` որոշ ժամանակաշրջանում ուժային կառույցների եւ բանակի պարալիզացիայի վիճակում` հնարավոր հարվածներ արտաքին թշնամիների կողմից: Հայաստանն այն վիճակում չէ, որ թույլ տա իրեն գործել անզգուշորեն: Առավել եւս, որ առաջարկված է անցնցում իշխանափոխության արդյունավետ պլան:

— Միանշանակ չընկալվեց նաեւ Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլու հետ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հարցը չի նշանակում, որ ՀԱԿ-ն առաջարկում է ԲՀԿ-ի լիդերին վարչապետի պաշտոն կամ ընդդիմության լիդերության դերը:

— Կոնգրեսը ոչ մեկին ոչ վարչապետի, ոչ լիդերության դեր չի առաջարկել:  Կոնգրեսն առաջարկել է միասնաբար գնալ առաջ: Իսկ քննադատները, չգիտես ինչու, մոռանում են, որ համեմատելով Ծառուկյանին Բիձինա Իվանիշվիլու հետ, Առաջին Նախագահը նաեւ տվել է Ախմետովի, Տիգիպկոյի անունները: Այսինքն` խոսքն այն մեծահարուստ ձեռնարկատերերի մասին է, ովքեր իրենց մեջ պայքարի դուրս գալու կամ դիմադրելու քաղաքական համարձակություն են գտել` հանուն երկրի վերափոխման եւ այն տնտեսական կոլապսի տանող բռնապետության դեմ:  Համեմատության էությունը հենց սա էր: Մնացյալը քննադատների երեւակայության արդյունք է:

— Տեր-Պետրոսյանն իր ելույթում նաեւ ասել էր.  «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եվրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին»: Առաջին նախագահի ելույթի այս հատվածը եւս տարբեր քննադատությունների տեղիք տվեց: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Մաքսային միությանն անդամակցության անշրջելիության թեզի դեմ ընդվզողները պետք է հասկանան հետեւյալ պարզ հանգամանքը. Հայաստանն այսօր գտնվում է ՌԴ-ի հետ ռազմական դաշինքի մեջ, ինչպես նաեւ` ՀԱՊԿ անվտանգության համակարգում: Ցավոք սրտի, վերջին տարիներին Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունների սրացումը, որն արդեն ունենում է Սառը պատերազմին բնորոշ որոշակի դրսեւորումներ,  ստեղծել է մի վիճակ, որում Հայաստանի համար Մաքսային միությանն անդամակցումը եւ ՀԱՊԿ անվտանգության անդամ լինելն այլեւս փոխկապակցված իրողություններ են: Այո, ստեղծված միջազգային իրավիճակում` ե՛ւ անցյալում Հայաստանի իշխանությունների կատարած սխալների (դրա մասին մանրամասնորեն խոսել է Տեր-Պետրոսյանը` 2013 թվականի սեպտեմբերի 7-ի ելույթում), ե՛ւ ՌԴ-ի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների սրման օբյեկտիվ իրողության պատճառով` Հայաստանը չի կարող միաժամանակ հրաժարվել ՄՄ-ին անդամակցության հնարավորությունից ու շարունակել մնալ ՌԴ-ի հետ համատեղ անվտանգության համակարգում: Այսինքն` այստեղից բխում է, որ Մաքսային միության անդամակցությունը շրջելու խնդիրը կարելի է լուծել միայն ՌԴ-ի հետ համատեղ անվտանգության համակարգից հրաժարվելու պարագայում: Տեսականորեն, կարող են գտնվել գործիչներ, որոնք կառաջարկեն նման ճանապարհ. գնալ Ադրբեջանի հետ Ղարաբաղյան խնդրի լուծման եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ դրանից հետո արդեն անցում կատարել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին: Բայց նաեւ եկեք հասկանանք, որ ի տարբերություն 1990-ականների` Ադրբեջանը հսկայական ռազմական, տնտեսական եւ դեմոգրաֆիական գերակայություն է ստացել Հայաստանի նկատմամբ, ուստի, Ադրբեջանի հետ այսօր համաձայնություն հնարավոր է միայն նրանց պայմաններով` համաձայնելով Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Եվ ես չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի մեկը, որը կհամաձայնվի նման գին վճարել: Իսկ եթե կգտնվեն գործիչներ, ովքեր կփորձեն պնդել, թե հնարավոր է Ռուսաստանի հետ անվտանգության համակարգից անցում կատարել ՆԱՏՕ-ի համակարգին` առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, նրանց հետ ես կգերադասեմ չբանավիճել, քանի որ հավես չունեմ վիրավորելու իմ սեփական ինտելեկտը: Չեմ կարծում նաեւ, որ այսօր կա մեկը, ով կապացուցի, թե Հայաստանը կարող է սկսել անվտանգ եւ սահուն անցում մի անվտանգության համակարգից մեկ այլ համակարգ եւ դրա համար չվճարել ծանր գին`ընդհուպ տարածքային կորուստներ, եթե նկատի առնենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի վճռականությունը` սեփական ռազմավարական շահերի համար պայքարելու ուղղությամբ: Եթե ՄՄ-ին անդամակցության շրջելիության թեզի կողմնակիցները կարող են ապացուցել հակառակը, ապա թող կարողանան հանրությանը ներկայացնել որեւէ ծանրակշիռ փաստարկ: Ի դեպ, ասածս թող չընկալվի որպես Հայաստանի իշխանությունների ընդունած որոշման արդարացում: Հայաստանը շատ վատ պայմաններով մտավ Մաքսային միություն, տապալելով Եվրոասոցացման բանակցությունները: Եվրոասոցացման բանակցությունների գործընթացը կառուցվեց երկուստեք կոպիտ սխալներով, ինչի հետեւանքով առաջացավ ե՛ւ վատ պայմաններով անդամակցությունը, ե՛ւ  դրա անշրջելիության ներկա վիճակը, բայց այդ ամենի հետ հնարավոր չէ հիմա հաշվի չնստել:

— ՀԱԿ-ին քննադատեցին նաեւ մարտի 1-ի մասին խոսելիս Քոչարյանի անունը շրջանցելու համար: Կխնդրեի նաեւ սրան անդրադառնալ:

— Մարտի 1-ի առնչությամբ Քոչարյանի մասով Կոնգրեսի տված գնահատականները սպառիչ են: Այսօր մենք ունենք շատ կոնկրետ քաղաքական իրավիճակ, եւ մեր քննադատության գլխավոր թիրախը Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմն է, որը խոչընդոտում է մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, մասնավորապես` իր համաձայնությունը չտալով ԱԺ-ում համապատասխան ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկին: Այս առումով, այսօրվա կոնկրետ քաղաքական իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ես համարում եմ կեղծ թիրախ, առավել եւս, որ նա որեւէ կերպ չի կարող խոչընդոտել մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը:

— Իսկ արդյո՞ք մյուս ուժերը եւս կգնան մինչեւ վերջ, եւ իշխանություններին չի հաջողվի նրանց ինչ-որ տեղ տանել, որովհետեւ ժողովուրդը տեսել է, թե ինչպես են մեկ օրում թունդ ընդդիմադիրները հայտնվում իշխանական դաշտում, իշխանական ցուցակներում:

— Ես դա բացառում եմ, որովհետեւ իրականում երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որում որեւէ քաղաքական ուժ պետք է պատասխան տա ոչ թե ՀԱԿ-ին, այլ` ժողովրդին: Այսօր ոչ ոք չի կարող հաշվետու չլինել ժողովրդին, որովհետեւ նրա համբերությունը սպառվում է: Եվ սա բոլորը հասկանում են:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպել է Հոնդուրասի ԱԳ նախարարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’