‘Լեւոն Զուրաբյան. Քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտարկված է, բանտարկված ենք բոլորս (տեսանյութ)’

1381

Այսօր դատախազության դիմաց, ի պաշտպանություն քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ ազգային կոնգրեսի մյուս ակտիվիստների, ավանդական բողոքի ցույցն էր տեղի ունենում: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին շնորհավորեց ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի կապակցությամբ: Նա նշեց, որ 23 տարի առաջ տեղի ունեցածը հրաշք կարելի է համարել, քանի որ խորհրդային ամբողջատիրության պայմաններում Հայոց համազգային շարժման անդամները հռչակեցին անկախ եւ ժողովրդավարական Հայաստանի ծնունդը:

«Սակայն այս օրը հիշում ենք ոչ միայն ուրախությամբ եւ հպարտությամբ, այլեւ մտահոգ ենք, որովհետեւ այն Հայաստանը, որի մասին մենք երազում էինք 1990-ին, այսօր չկա», — նշեց Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ հենց միայն մեկ քաղբանտարկյալի՝ Տիգրան Առաքելյանի առկայությունը Հայաստանում վկայում է դրա մասին: «Քանի դեռ Հայաստանում օրինական ճանապարհով իր քաղաքական համոզմունքների համար պայքարող մեկ քաղաքացի կա բանտարկված, ուրեմն՝ բանտարկված ենք բոլորս»,- ասաց Կոնգրեսի փոխնախագահը, ապա ընթերցեց Հռչակագրի, իր խոսքերով՝ այսօր ամենաարդիական կետերից մեկը.

«Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում»:

 

Ի պաշտպանություն քաղբանտարկյալների ընթացող ցույցին զուգահեռ՝ դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում նաեւ կալանավորված նախկին ոստիկաններ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի հարազատները: Վերջիններս կալանավորվել են 2012-ի դեկտեմբերին՝ կասկածյալի նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեղադրանքով: Մեղադրող դատախազը նրանց համար որպես պատիժ չորսական տարի ազատազրկում է պահանջել: Մեղադրյալների հարազատների պնդմամբ՝  Բախբուդարյանը եւ Բարսեղյանը անմեղ են:

Անդրադառնալով զուգահեռ ընթացող ցույցին՝ Լեւոն Զուրաբյանը ուրախալի փաստ համարեց այն, որ Կոնգրեսի պայքարի արդյունքում մարդիկ չեն երկնչում իրենց բողոքն արտահայտել համակարգի դեմ:

Տեսանյութը՝ շուտով

Նախորդ հոդվածը‘«Հարցազրույց Հայաստանի հետ»: Արեգ Գևորգյան. Հաղթանակից հետո հարկավոր է ապացուցել պատերազմի անիմաստ չլինելը’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս դե Վաալ. «Պուտինը Ղարաբաղով չի տառապում և մտադիր չէ նրա վրա ծախսել իր քաղաքական կապիտալը»’