‘Լեւոն Զուրաբյան. Քանի որ Ս. Սարգսյանը չունի պատասխաններ, իրեն միայն մնում է ջղաձգումներ կատարել ‘

1865

Սերժ Սարգսյանն Արաբկիր համայնքում նախընտրական հանդիպումը երեկ նվիրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին` առանց կոնկրետ անուն տալու հակադարձելով հնչած քննադատությանը:

Այս կապակցությամբ  iLur.am-ը մեկնաբանություններ խնդրեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից:

— Սերժ Սարգսյանն, առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը տալու, երեկ հայտարարեց, թե «եթե դու նեղանում ես, որ պրոցեսների վրա այլեւս ազդեցություն չունես, անցել է ժամանակդ՝ ցտեսություն»:  Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ արտահայտությունը:

— Սերժ Սարգսյանն իր ելույթում, ըստ էության, հակասում է ինքն իրեն: Եթե որևէ մեկը չի կարող ազդել քաղաքական գործընթացների վրա, ապա շատ իմաստուն կլիներ չանդրադառնալ ազդեցություն չունեցող գործընթացներին: Հատկանշական է, որ ընտրարշավի ամենաթեժ պահերից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը որոշում է հակադարձել մի քաղաքական ուժի, որը չի մասնակցում ընտրություններին` այդպես մատնելով, որ իրական վտանգն ինքը տեսնում է ոչ թե այն թեկնածուներից, որոնք պաշտոնապես ընդգրկված են ընտրարշավի մեջ, այլ այն քաղաքական ուժից, որը որոշել է չմասնակցել ընտրություններին: Ես շատ բնական եմ համարում սա: Ավելին, սա անկեղծ գնահատական է, որ տրված է Սերժ Սարգսյանի կողմից այն կշռին, որ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Հայ ազգային կոնգրեսը` որպես քաղաքական ուժ:

— Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում խոսել է արտագաղթի մասին: Այս համատեքստում նաեւ կխնդրեի անդրադառնալ Ս.Սարգսյանի այն հայտարարություններին, որ պետք չէ անընդհատ գուժել երկրի կործանման մասին, ու թեեւ արտագաղթ կա, բայց պետք չէ չարախնդալ:

— Փաստը մնում է փաստ, որ, համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, ՀՀ-ից ամեն տարի արտագաղթում է 50-60 հազար մարդ: Համենայնդեպս՝ դա են ցույց տալիս վերջին երեք տարիների տվյալները: Հիմա, ի՞նչ է` Սերժ Սարգսյանը հերքո՞ւմ է այդ իրողությունը, համարում է ոչ աղետալի՞: Կա շատ պարզ հաշվարկ. Հայաստանում մարդկանց քանակը կարող է փոխվել 4 գործոնի շնորհիվ` ծնելիություն, մահացություն, արտագաղթ եւ ներգաղթ: Եթե միայն ժամանումների ու մեկնումների թվի տարբերությունը տարեկան կազմում է մոտ -50 հազար մարդ, եւ եթե մահացության ու ծնելիության թվերի տարբերությունն այնքան փոքր է, որ չի կարող փակել առաջացած արտագաղթի գոնե 20 տոկոսը, ուրեմն` նշանակում է, որ երկիրը գտնվում է աղետալի վիճակում: Հայաստանը կորցնում է բնակչությունը, արդյունքում` վտանգվում է երկրի պաշտպանունակությունը, տնտեսական անվտանգությունը: Սերժ Սարգսյանն ունի՞ արդյոք այս հարցերի պատասխանը: Չունի: Ու քանի որ նա չունի պատասխաններ, իրեն միայն մնում է ջղաձգումներ կատարել այն պահերին, երբ մենք ճշմարտությունն ենք ներկայացնում ժողովրդին:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» բորենիներն ընդդեմ «Բարսայի». Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են ‘