‘Լեւոն Ջուլֆալակյան․ Ըմբշամարտն Օլիմպիական խաղերից հանելը նշանակում է վարկաբեկել մեծ սպորտը’

1412

«Այսօր ըմբշամարտն Օլիմպիական խաղերից հանելը նշանակում է վարկաբեկել մեծ սպորտը, քանի որ ըմբշամարտը եղել է Օլիմպիական Խաղերի առաջին հիմնադիր մարզաձեւերից մեկ: Այդ առաջարկը անողը երեւի սպորտից չհասկացող, հեռու, «անկապ» մի մարդ է: Իմ ըմբիշ բոլոր ընկերները ամբողջ աշխարհով մեկ կհամախմբվեն եւ լուծում կգտնեն, դիմում կգրենք, կկազմակերպենք հեռուստակամուրջներ. ամեն ինչ կանենք, որ ազդենք ՄՕԿ-ի որոշման վրա»:

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Sport.News.am-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը՝ հանձնարարել հանել ըմբշամարտը Օլիմպիական խաղերի ծրագրից։

Ըմբշամարտն օլիմպիական ծրագրից հանելու մասին վերջնական որոշումը կկայացվի 2013-ի սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում:

Պարոն Ջուլֆալակյան, որպես օլիմպիական չեմպիոն, ինչպե՞ս եք վերաբերվում ըմբշամարտ մարզաձեւի` Օլիմպիական խաղերից հանելու մտադրությանը:

Կարծում եմ` սա անլուրջ կամ անհիմն առաջարկություն է ՄՕԿ-ի գործկոմ անդամներից մեկի կողմից: Յուրաքանչյուր մարդ կարող է առաջարկություններ անել, սակայն չեմ կարծում, թե լուրջ, սպորտից հասկացող մարդը, լինելով ՄՕԿ-ի գործկոմի անդամ, նման հայտարարությամբ հանդես գա: Ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ով է այդ առաջարկություն անողը, ի՞նչ է նա իրենից ընդհանրապես ներկայացնում որպես ՄՕԿ-ի գործկոմի անդամ. գուցե սպորտից բացարձակ անտեղյակ եւ «անկապ» անձնավորություն է: Իսկ ինչ մնում է ՄՕԿ-ի համագումարում այս հարցի քննարկմանը, նման պարագաներում ՄՕԿ-ի գործկոմը միշտ 99,9 տոկոսով դեմ է եղել ըմբշամարտ մարզաձեւը Օլիմպիական խաղերից հանելու հարցերին:

Իսկ ինչո՞ւ է ընդհանրապես ըմբշամարտ մարզաձեւը Օլիմպիական խաղերի ծրագրից հանելու հարցը քննարկման դրվում:

Իրականում սա նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ, քանի որ մոտ 200 պետություն ունի ըմբշամարտ մարզաձեւ եւ լուրջ հիմքերով զարգացնում է իր երկրում: Եթե մի փոքր լուրջ, սպորտից հասկացող մարդ լինի, նախքան մարզաձեւը Օլիմպիական խաղերից հանելը, կուսումնասիրի սպորտի պատմությունն ընդհանրապես, առաջին Օլիմպիական խաղերը, որում ըմբշամարտը եղել է առաջին մարզաձեւերի մեկը: Եվ այսօր հանել ըմբշամարտը Օլիմպիական խաղերից, դա նշանակում է վարկաբեկել սպորտը:

Կա հիմնավոր պատճառ, որ այս մարզաձեւը դուրս չգա Օլիմպիական խաղերից. Ցանկացած երկիր կպայքարի այս որոշման դեմ, որովհետեւ այս մարզաձեւը միայն մեկ կամ երկու երկրում չի զարգացած: Ամբողջ աշխարհում է ըմբշամարտը իր ճյուղերով զարգացած: Տասնյակ պետություններ Օլիմպիական խաղերում հենց ըմբշամարտ մարզաձեւից տարբեր գույների մեդալներ են նվաճում: Ոչ մի երկիր էլ չի համաձայնվի, որ ՄՕԿ-ը նման որոշում կայացնի: Համոզված եմ, որ այս առաջարկը լուրջ արձագանք է ունենալու բոլոր այն երկրների կողմից, որոնցում զարգացած է ըմբշամարտ մարզաձեւը: Իսկ նման երկրները քիչ չեն: Բացի այդ մեծ արձագանք կստանա նաեւ ըմբիշների կողմից, քանի որ աշխարհի բոլոր ըմբիշները միմյանց հետ անմիջական կապ ունեն: Այդ կապը, վստահ եմ, կբռնկվի, եւ դեմ դուրս կգա ՄՕԿ-ի որոշմանը: Ամբողջ աշխարհի լուրջ ըմբիշներից ոչ ոք էլ չի ցանկանա, որ այն մարզաձեւը, որում իրենք հասել են հաջողությունների, նվաճել են մեդալներ, ճանաչում ձեռք բերել, դուրս մնա Օլիմպիական խաղերից: Պատկերացնում եք, թե աշխարհում քանի երեխա է զբաղվում պրոֆեսիոնալ ըմբշամարտով եւ քանի ծնող է ուժ ու եռանդ ներդնում սպորտում իր երեխայի առաջ գնալու, օլիմպիական չեմպիոն դառնալու երազանքին հասնելու համար: Ոչ մի ծնող թույլ չի տա, որ իր երեխայի ապագայի վրա քար գցվի, իսկ Օլիմպիական խաղերից հանելը, նույն երեխայի ապագայի վրա քար գցել է, երեխաներին փողոց գցել է։ Այսօր շատ ծնողներ հուսով են, որ իրենց երեխան կմարզվի եւ մի օր կդառնա օլիմպիական չեմպիոն: Բայց այսօր իրենց երեխայի ճանապարհը փակում է մի մարդ, ով սպորտից շատ հեռու է եւ չի հասկանում սպորտը: Ես միայն այսկերպ կարող եմ մեկնաբանել ՄՕԿ-ի համագումարում հնչած այս առաջարկը, որ Օլիմպիական խաղերից հանել մարզաձեւը, դա նշանակում է` սպորտից չհասկանալ, ուրիշ ոչ մի բան:

Այլ բան է, մարզաձեւի մեջ փոփոխություններ մտցնել, աշխատանքներ տանել ավելի զարգացնելու, կատարելագործելու համար: Իսկ ինչ մնում է սպորտաձեւ հանելուն, դա Օլիմպիական խաղերին դեմ է: Ես գտնում եմ, որ Օլիմպիական խաղերին պետք է ավելացնել մարզաձեւեր, միայն ու միայն ավելացնել: Որովհետեւ Օլիմպիական խաղերը իրենից ներկայացնում է գեղեցկության, համերաշխության տոն:

Իսկ Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնա, եթե ՄՕԿի որոշումը սեպտեմբերին կայանալիք համագումարում այնուամենայնիվ ընդունվի:

Իմ կարծիքով, այսօր մեր ֆեդերացիան, սպորտի նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն այս որոշման դեմ: Առաջիկայում տեղի է ունենալու աշխարհի գավաթի խաղարկությունը, լավագույն երկրներն են այնտեղ մասնակցելու, այդ թվում եւ Հայաստանը: Այնտեղ կլինեն  ըմբշամարտի լուրջ ներկայացուցիչներ եւ մենք, ինչպես նաեւ ես լուրջ քայլեր եմ ձեռնարկու ըմբշամարտի ներկայացուցիչներով` ՄՕԿ-ի որոշումը վերանայելու, քննարկելու եւ առաջարկով ՄՕԿ-ում հանդես գալու համար: Համոզված եմ, որ իմ ըմբիշ բոլոր ընկերները ամբողջ աշխարհով մեկ կհամախմբվեն եւ լուծում կգտնեն, դիմում կգրենք, կկազմակերպենք հեռուստակամուրջներ. ամեն ինչ կանենք, որ ազդենք ՄՕԿ-ի որոշման վրա եւ հասկացնենք, որ ըմբշամարտ մարզաձեւի հանդեպ սխալ մտածելակերպ կա Միջազգայի օլիմպիական կոմիտեի գործկոմում  ընգրկված անհատների շրջանում:

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Femen-ը «նշել է» Հռոմի Պապի հրաժարականը. Կիսամերկ ակցիա Փարիզի Աստվածամոր տաճարում ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 13-ին սպասվող իրադարձությունները’