‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2015 թ. Մարտի 1-ին կայացած հանրահավաքում (Հատված)’

2135

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայ Ազգային Կոնգրեսը, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008թ.-ի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:

Այդ առիթով ձեզ ենք ներկայացնում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտիմեկյան սպանդին նվիրված ելույթից հատված, որը վերջինս ունեցել է 2015 թվականի Մարտի 1-ին կայացած հանրահավաքում:

***

Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ տեղից չի շարժվել։ Հայաստանի ավազակապետական իշխանությունները, բռնապետություններին հատուկ ցինիզմով, չեն էլ թաքցնում, որ թքած ունեն թե՛ սեփական երկրի քաղաքացիների պահանջների, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի օրենսդրական նախաձեռնությունների, եւ թե՛ նույնիսկ միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոմիության ընդունած բանաձեւերի ու հայտարարությունների վրա։

Նման պահվածքով նրանք, ըստ էության, բացեիբաց հայտարարում են` շատ էլ լավ ենք արել, որ մարտի 1-ին ժողովրդին գնդակոծել ենք. պետք լինի, էլի կանենք։ Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետեւ եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն ու պատժեր մեղավորներին, ապա դրանից հետո իրավապահ մարմինների աշխատակիցներն այլեւս երբեք չէին ենթարկվի նրա հրամաններին, եւ բռնապետությունը պարզապես կփլուզվեր։ Բոլոր բռնապետություններն էլ բնազդաբար ձգտում են մոռացության մատնել իրենց գործած ոճրագործությունները, եւ Հայաստանի ավազակապետական վարչախմբի վարքագիծն այս իմաստով ամենեւին բացառություն չպետք է համարել, եթե նկատի ունենանք այն ահռելի ջանքերը, որոնք վերջինս գործադրում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի ոճրագործությունները կոծկելու, պարտակելու եւ հասարակության հիշողությունից իսպառ ջնջելու ուղղությամբ։

Ուստի հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի ոճրագործությունները չեն բացահայտվելու եւ դրանց բուն կատարողներն ու կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Սակայն այս դառն իրողության հաստատումն ամենեւին չի նշանակում, թե հասարակությունն ու ընդդիմադիր ուժերը պետք է հուսահատվեն ու թեւեթափ լինեն դրանից, այլ, ընդհակառակը, պարտավոր են բազմապատկել իրենց ջանքերը` չդադարող զանգվածային միջոցառումների եւ հետեւողական օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լիակատար արդարադատության հասնելու նպատակով։ Քանզի մոռանալ, նշանակում է ներել։ Իսկ մոռացված, հետեւաբար, ներված ոճրագործությունը, որպես կանոն, ծնում է նոր ոճրագործություն։ Եթե հայ ժողովուրդը 100 տարի շարունակ չհիշեր իր ազգային մեծագույն ողբերգությունը, ապա այդ իրադարձությունը վաղուց ջնջված կլիներ պատմությունից, եւ Հիտլերը ճիշտ դուրս կգար, երբ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս իր թիմակիցներին ասում էր` թե ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։

Պետք է հստակորեն գիտակցել հետեւյալ պարզ իրողությունը. որքան էլ ինքնավստահ, որքան էլ ամբարտավան, որքան էլ դաժան` բռնապետությունն անհանգստանում, զայրանում եւ նույնիսկ սարսափում է, երբ նրան հիշեցնում են իր գործած ոճիրներն ու հանցանքները։ Հետեւաբար, երբ հասարակության ոչ մի պահանջ տեղ չի հասնում, իսկ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները տապալվում են, ապա վերջիններիս ձեռքին մնում է միայն մեկ, բայց չափազանց ազդեցիկ զենք, այն է` չմոռանալ եւ գիշերցերեկ հնչեցնել վարչախմբի գործած ոճիրներն ու հանցանքները։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը նկատի ունենալով, այժմ ես ուզում եմ ձեր առջեւ հանդես գալ հետեւյալ գործնական առաջարկով, այն է` հանրահավաքի մասնակիցների անունից մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր, ինչպես նաեւ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններին պատվիրել օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ` այդ օրը ՀՀ պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու համար։ Այժմ այս առաջարկը դնում եմ քվեարկության։ Ովքե՞ր են համաձայն։ Կո՛ղմ` հաշվելն անհնար է։ Դե՛մ` չկա։ Ձեռնպա՛հ` չկա։ Արձանագրում եմ` որոշումն ընդունված է 2015թ. մարտի 1-ին Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի կողմից։

Իհարկե, կասկած չկա, որ Ազգային Ժողովի Հանրապետական մեծամասնությունը, իր սովորության կամ վերեւից իջեցված հրահանգի համաձայն, կտապալի նաեւ ընդդիմության այս նախաձեռնությունը։ Սակայն դա այլեւս որեւէ նշանակություն չունի, քանի որ ժողովուրդը, հանձինս ձեզ, միաձայն որոշմամբ արդեն հռչակել է հիշատակի եւ բողոքի այդ օրը։ Եւ ընդհանրապես, պետք է նկատի ունենալ, որ ազգային տոները, հիշատակի օրերն ու սովորույթները իրականում ոչ թե պետությունը կամ եկեղեցին են սահմանում, այլ ժողովուրդն ինքը։ Որքան էլ սովետական տոտալիտարիզմը փորձեց իր հպատակների վզին փաթաթել սեփական կուռքերի` Լենինի, Ստալինի, Բուդյոննու, Պավլիկ Մորոզովի պաշտամունքը, հայ ժողովուրդը, նախ լռելյայն, ապա աստիճանաբար բացահայտորեն, նախապատվությունը տվեց իր ընտրած հերոսներին` Անդրանիկին, Նժդեհին եւ այլոց։ Խորհրդային վարչակարգը չկարողացավ նաեւ իր ամենակարեւոր պետական տոները` նոյեմբերի 7-ը եւ մայիսի 1-ը պարտադրել հայ ժողովրդին, որի գլխավոր տոները շարունակվեցին մնալ Ծնունդը (հունվարի 1–6) եւ Զատիկը։ Անգամ Քրիստոնեության նման հզորագույն մի ուսմունք ի վիճակի չեղավ հայ ժողովրդի միջից արմատախիլ անել մի շարք հեթանոսական տոներ ու սովորույթներ (Վարդավառ, Տրընդեզ, մատաղ եւ այլն), եւ Հայոց եկեղեցին ստիպված պաշտոնականացրեց դրանք` որոշ չափով, բնականաբար, հարմարեցնելով քրիստոնեական դավանանքին։

Այս ամենը ձեզ կարող է շատ հեռավոր ու վերացական թվալ, ուստի ես կփորձեմ ձեզ ներկայացնել նաեւ այդ երեւույթի ավելի թարմ ու կոնկրետ օրինակներ։ 1967 թվականին Ուջանի բնակչությունը, գաղտնաբար, մեկ գիշերվա ընթացքում, գյուղի հրապարակում կանգնեցրեց Անդրանիկի արձանը` խորհրդային իրականության համար աներեւակայելի ու խելահեղ մի մտահղացում։ Անակնկալի եկած իշխանությունները թեեւ փորձեցին կազմաքանդել արձանը, բայց հանդիպելով գյուղացիների դիմադրությանը, ճարահատյալ հաշտվեցին կատարված փաստի հետ, ինչից հետո Ուջանը դարձավ Հայաստանի ամենահայտնի ուխտատեղիներից մեկը։ Արձանի տեղադրումից մի քանի օր անց անձամբ ես, իմ դասընկեր Անդրանիկ Ալաջաջյանի հետ, Ուջան եմ այցելել մոտոռոլերով։ Հաջորդ օրինակը. ապրիլի 24-ին դեպի Եղեռնի հուշարձան ավանդական քայլերթն ու պսակադրության արարողությունը նախաձեռնել են ոչ թե իշխանությունները, այլ Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ուսանողական ակումբը», որի կազմակերպած առաջին երթն ու պսակադրությունը տեղի ունեցավ 1967 թվականին, երբ դեռեւս չէր կատարվել անգամ Եղեռնի հուշարձանի պաշտոնական բացումը, որը կայացավ հաջորդ տարի։ Եւս մեկ օրինակ. Այս հրապարակը, որը նախկինում կոչվում էր Թատերական կամ Օպերայի հրապարակ, Ազատության հրապարակ անվանակոչվեց 1988թ. փետրվարյան ցույցերի ու հանրահավաքների ժամանակ, եւ այսօր, կարծեք-թե, ոչ ոք չի վիճարկում այդ անվանումը։ Ուրեմն, քանի որ հանձինս ձեզ՝ ժողովուրդը, ինչպես նախորդ դեպքերում, կայացրել է իր որոշումը, այսուհետեւ մարտի 1-ը «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օրն» է՝ անկախ նրանից, թե այն ընդգրկվե՞լ է պետական տոների եւ հիշատակի օրերի ցանկում, թե ոչ։

Նախորդ հոդվածը‘Երվանդ Զախարյանն էլ նախարար չէ’
Հաջորդ հոդվածը‘ «Սուպերերեքշաբթի» հայտնի կդառնան ԱՄՆ նախագահի թեկնածուները’