‘Լիբանանի խորհրդարանը 11-րդ անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել’

836

Լիբանանի խորհրդարանը քվորումի բացակայության պատճառով կրկին չի կարողացել երկրի նախագահ ընտրել: Խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղարը հայտարարել է, որ հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին և վարչապետ Թամամ Սալյամը ներկա չեն եղել , ինչը վկայում է, որ սիրիամետ և արևմտամետ խմբակցությունների տարաձայնությունները երկրի նախագահի պաշտոնում բոլորի կողմից ընդունելի թեկնածության շուրջ, նախկինի պես, հաղթահարված չեն:

Քվեարկության առաջին ռաունդը կայացել է դեռևս ապրիլի 23-ին, և հաղթող չի եղել: Այդ ժամանակից ի վեր նախագահ ընտրելու 11 փորձերն անընդմեջ ձախողվել են քվորումի բացակայության պատճառով:

Երկրի նախագահի պաշտոնը արդեն 101-րդ օրն է՝ թափուր է, այն բանից հետո, երբ մայիսին նախագահական պալատից հեռացավ նրա նախկին տերը՝ Միշել Սուլեյմանը:

Լիբանանի կրոնադավանական կառուցվածքի համաձայն՝ պետական բարձրագույն պաշտոնը պատկանում է  մարոնիտ քրիստոնյաներին, և հենց այդ համայնքից են առաջադրվում թեկնածուները, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Times. Գործարար Լեբեդևը Լոնդոնն անվանել է փողերի լվացման համաշխարհային մայրաքաղաք’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում տեղի է ունեցել հանդիպում արտգործնախարարի հետ` Թուրքիայի ետընտրական գործընթացների հատուկ շեշտադրումով’