‘Լիբիայի վարչապետն իր առևանգումը համարում է պետական հեղաշրջման փորձ’

947

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը զինված անձանց կողմից իր առևանգումն անվանել է պետական հեղաշրջման փորձ, փոխանցել է  РИА Новости-ն: «Ոմանք ուզում են Լիբիան վերածել նոր Սոմալիի կամ Աֆղանստանի»,- ասել է Զեյդանը Տրիպոլիում տեղի ունեցած մամլո ասուլիսում, որը հեռարձակվել է արաբական արբանյակային հեռուստակայաններով:

Ավելի վաղ Լիբիայի վարչապետը France 24 հեռուստատեսությանը տված հարցազրույցում իր առևանգումը բացատրել էր «քաղաքական կուսակցության ցանկությամբ՝ ամեն կերպ տապալելու կառավարությունը», և խոստացել էր առաջիկայում ավելի մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել, թե ովքեր են կանգնած դրա ետևում:

Հինգշաբթի օրը վաղ առավոտյան զինված անձինք շրջապատել էին Տրիպոլիի կենտրոնում գտնվող հյուրանոցը, որտեղ գտնվում էր Լիբիայի վարչապետը: Նրան դուրս էին բերել շենքից և տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի ժամ անց կառավարության ղեկավարին ազատ էին արձակել: Նրա բացակայության ընթացքում տեղեկություններ հայտնվեցին, թե դա ոչ թե առևանգում էր, այլ հատուկ ծառայությունների գործողություն՝ դատախազության սանկցիայով: Մի այլ վարկածի համաձայն՝ գործողությունն իրականացրել էին նախկին ընդդիմության գրոհայինները, որոնք հրաժարվել էին զինաթափվել, փոխանցում է Trend-ը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստան — Բուլղարիա՝ 2-1. Կարգ և հակագրոհ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ջրցանների շքերթ’