Լիբիա․ Պատերա՞զմ, թե՞ ժողովրդավարություն

458

Տասը տարի առաջ, «արաբական գարնան» ալիքի վրա, լիբիացիները տապալեցին և սպանեցին ավելի քան 40 տարի միջերկրածովյան այդ երկիրը կառավարող Մուամար Քադաֆիին։ ՆԱՏՕ-ի սվինների վրայով եկած հեղափոխությունը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի՝ արտասահմանցի վարձկանների մասնակցությամբ։

Եվ ահա, տասը տարի անց Լիբիան փորձում է ինքնուրույնության քննություն հանձնել՝ անցկացնել իր պատմության ընթացքում առաջին նախագահական ընտրությունները, որոնք , ՄԱԿ-ի նշանակմամբ, կանցկացվեն դեկտեմբերի 24-ին։

«Միջազգային հանրությունը ձևացնում է, թե Լիբիային վերաբերվում է որպես կայուն երկրի, բայց դա պատրանք է»,- ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող Հաֆեդ ալ-Գուելը։

Տասը տարվա ընթացքում Լիբիան այդպես էլ գլուխ չբարձրացրեց երկպառակիչ գժտություններից։ Երկիրը, իսկ ավելի ստույգ՝ նրա միջերկրածովյան ափը, երկու մասի է բաժանվել․ Բենգիզին և Եգիպտոսին սահմանակից արևելյան շրջանները գեներալ Խալիֆա Հավթարի իշխանության տակ են, իսկ մայրաքաղաք Տրիպոլին և Թունիսին ու Ալժիրին սահմանակից շրջանները վերահսկում են տարբեր ուժեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված՝ ազգային միասնության կառավարությունը։ Նրանք բոլորը օգտվում են դրսից եկող աջակցությունից՝ բացահայտ կամ թաքուն։

 ՄԱԿ-ի գնահատականներով՝ Լիբիայում ավելի քան 20 հազար վարձկան կա Թուրքիայից, Ռուսաստանից և Սիրիայից, որոնք կռվում են հակառակ կողմերում։ Պաշտոնապես՝ իր ներկայությունը Լիբիայում ընդունում է միայն Թուրքիան՝ վկայակոչելով նախորդ կառավարության ղեկավարի՝ Ֆայեզ Սարաջի հետ կնքված ռազմական համագործակցության պայմանագիրը։

Ռուսաստանը պաշտոնապես չեզոք դիրք է զբաղեցնում հակամարտության մեջ՝ կապեր պահպանելով բոլոր կողմերի հետ։ Ի դեպ, Լիբիայի հատուկ ծառայությունների մի քանի աշխատակիցներ BBC-ի հետ զրույցում «Ռուսաստանի թեկնածու» են անվանել Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին, որը վերոհիշյալ երկու կողմերից ոչ մեկի հետ կապ չունի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը պարզաբանել է Արևմուտքին ներկայացված «վերջնագիրը» և ասել, որ դա «վերջնագիր» չէ
Հաջորդ հոդվածըԿոնգրեսի ցավակցականը Ռիմա Դեմիրճյանի մահվան կապակցությամբ