‘Լիդինգտոն. Բրիտանիան սատարում է Մինսկի խմբի գործունեությանն ու ջանքերին ‘

827

«Մենք ողջունել և սատարել ենք Մինսկի խմբի համանախագահների, Եվրամիության, Եվրախորհրդի և ԵԱՀԿ-ի՝ Սաֆարովի հարցով հղված ուղերձները», — «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնը: Միևնույն ժամանակ նա հավելել է, թե Մեծ Բրիտանիան մեծապես շահագրգիռ է, որպեսզի շարունակվեն Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող՝ հակամարտ կողմերի հաշտեցմանը միտված խաղաղ բանակցությունները:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հաշտեցման հասնելը բխում է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ Եվրոպայի անվտանգության շահերից», — ասել է Լիդինգտոնը` պատասխանելով այն հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում ներգրավված բրիտանական խոշոր ընկերություններից, մասնավորապես՝ «Բրիթիշ պետրոլիումից» ստացած շահույթները Բաքուն նպատակամղում է երկրի ռազմականացմանը: «Հենց այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիան առևտրային շահեր ունի այս տարածաշրջանում, նշանակում է, որ մենք նաև այստեղ խաղաղությունը, կայունությունն ու հաշտեցումը խրախուսելու հստակ շահեր ունենք», — ամփոփել է նա:

Ի պատասխան այն դիտարկմանը, թե, օրինակ, Կոսովոյի պարագայում Մեծ Բրիտանիան պաշտպանում է ինքնորոշման սկզբունքը, իսկ այլ պարագաներում՝ ոչ, Լիդինգտոնը նշել է, որ կոնկրետ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման հիմնարար սկզբունքների շարքում ամրագրված է նաեւ ինքնորոշման սկզբունքը: «Իսկ Բրիտանիան, ինչպես նշեցի, սատարում է Մինսկի խմբի գործունեությանն ու ջանքերին», — հիշեցրել է բրիտանացի նախարարը:

Նախորդ հոդվածը‘Գիտնականների սխալի պատճառով Մարսում են հայտնվել Երկիր մոլորակի միկրոօրգանիզմներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան նավատորմում 60 այծ կծառայի’