Լիզա Ճաղարյան. Ա՛հ, «այս վճռորոշ պահի» ծպտյալ լեւոնականները

3334

Չգիտեմ` Մետաքսե Հակոբյանն ով է։ Չգիտեմ նաեւ, թե ով է այն լրագրողը, որ այս հարցը տվել է այս Մետաքսե Հակոբյանին, որն, ի դեպ, Արցախի ԱԺ պատգամավոր է եւ «Արդարություն» խմբակցությունից է, որի մասին նույնպես ոչինչ չգիտեմ։

ՈՄՆ–ի հարցը. «Տիկին Հակոբյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ԱՅՍ ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀԻՆ  (ընդգծումն իմն է– Լ.Ճ.) հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի հետ։ ԼՏՊ–ն, ինչպես հայտնի է, դեռ են գլխից էր Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ջատագովը։ Ու հիմա ինչպե՞ս են արձագանքել արցախցիները, որ իրենց ղեկավարը հանդիպել է նրան»։

Նախ` ԱՅՍ ՎՃՌՈՐՈՇ ՊԱՀ–ի մասին։ Փորձեցի հասկանալ` ի՞նչ վճռորոշ պահ է հիմա։ Չլինի՞ հասել ենք Բաքու, ես տեղյակ չեմ։ Երեւի հիշում եք, որ ժամանակ առ ժամանակ ինչ–որ խրոխտ քաջարիներ քնից արթնանում ու հայտարարում են, որ իրենք ուզում էին Բաքուն գրավել, բայց Լեւոն Տեր–Պետրոսյանը չէր թողնում։ Ու հիմա վերջապես որոշել են ուշադրությո՞ւն չդարձնել Տեր–Պետրոսյանի չթողնելուն ու մտել են Բաքու` «չայ խմելո՞ւ»։ Իհարկե, 90–ականներից սկսած` մի հարց միշտ օդում կախված է մնում։ Այս նույն մարդիկ պնդում էին նաեւ, որ Տեր–Պետրոսյանը դեմ էր նաեւ Շուշիի ազատագրմանը, ու քանի որ Շուշին, այնուամենայնվ, ազատագրվեց, ահա այդ օդում կախված հարցն էլ 90–ականներից մնացել է «կախաղան հանված», թե բա Շուշին ազատագրել եք Տեր–Պետրոսյանի «դեմ լինելուն» հակադրվելով, տո՛ այ անխիղճներ, Բաքուն էլ գրավեիք, էլի, առանց Հայաստանի նախագահի կարծիքը հաշվի առնելու։ Չէ, ոչ այն ժամանակ են գրավել, ոչ էլ` հիմա, Բաքուն իր տեղում է, իսկ 90–ականներին ազատագրված Շուշիում ու Հադրութում հիմա ծածանվում են Ադրբեջանի դրոշները։

Եվ ի՞նչ ունենք մենք այս «վճռորոշ պահին»։ Ծվատված Արցախ, որի գոյության–չգոյության երաշխավորն այլեւս Հայաստանը չէ, Ռուսաստանին է «ի պահ տրված» Արցախի հետագա ճակատագիրը։ Ուրեմն, ի՞նչ «վճռորոշ պահ»–ի մասին է խոսում տիկին Մետաքսեն, որի վրա կարող է քար գցել 1998 թվականից ի վեր Հայաստանի եւ Արցախի կյանքում որեւէ «վճռորոշ պահի» վրա ներգործելու ոչ մի լծակ չունեցող Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Ես` չգիտեմ։ Իսկ ահա ոմն լրագրողի սրտխառնուք առաջացնող ուղղորդող հարցի պատասխանը Մետաքսե Հակոբյանը «միանգամից» գիտի փաստորեն։ Ահավասիկ. «Միանգամից ասեմ՝ շատ վատ»:

Այսպես, լեզվի մի ճլտոցով տիկինը ներկայացնում է, ըստ իրեն, ողջ արցախահայության կարծիքը։ Այստեղ ընդհատենք տիկնոջ լեզվի ճլտոցը եւ տեղեկացնենք ընթերցողին, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցությունը խորհրդարանում ընդամենը երեք ներկայացուցիչ ունի, իսկ իշխանական թեւի ու «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները ճնշող մեծամասնություն են, ինչն արդեն նշանակում է, որ մեր այս «երեքհոգանոց» Մետաքսեն իրավունք չունի խոսելու ողջ արցախահայության անունից։ Դե, բայց խոսում է. «Այս գործընթացները, սակայն, վաղուց են սկսվել: Արայիկ Հարությունյանը, իշխանական թեւի ներկայացուցիչները եւ «Միասնական հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները սկսել են նոր քարոզարշավ՝ ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գաղափարների: Նշում են, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը ժամանակին սխալ են եղել, որ միակ իրատեսական թեզը, դա ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեզն էր: Այսինքն, իրատեսականը հենց այն իրավիճակն է, որի մեջ մենք գտնվում ենք այսօր»:

Դե, ոչինչ, զարմանալի բան չկա։ 1998 թվականից ի վեր` Հայաստանի առաջին նախագահը, որ իր հրաժարականի հետ մեկտեղ` ժառանգություն է թողել ազատագրված Արցախ, գումարած` գրավյալ տարածքներ, որոնք էլ պետք է հիմք դառնային բանակցությունների` Արցախի կարգավիճակի հարցն ի նպաստ արցախահայության վճռելու համար, նաեւ չի զլացել ժամանակ առ ժամանակ հիշեցնել, որ «ոչմիթիզական» զառանցանքներով Արցախը դեպի կործանում են տանում, ըստ այս տիկնոջ, ահա՛ այսպիսի ողբալի իրավիճակ էր երազում Արցախի համար, որի ավերակների վրա նստած ինչ–որ արարածներ դեռ համարձակվում են «շատ վատ» վերաբերվել Արցախի ներկա պահի նախագահի շատ ուշացած փորձերին` ՀՀ առաջին նախագահի հետ խորհրդակցելով` որեւէ կերպ փրկել մազապուրծ եղած այն հողակտորը, որի վրա դեռ ապրում են մեր հայրենակիցները։

Բայց` չէ. շատ անարդար եմ այս տիկնոջ նկատմամբ։ ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսեն Արցախի փրկության ելք է առաջարկում այս նույն հարցազրույցի ընթացքում. ««Արցախի Հանրապետության ճանաչում՝ հանուն փրկության» թեզը պետք է շրջանառության մեջ ներառել, համապատասխան խողովակների միջոցով ՌԴ-ի հետ համաձայնեցնել…»։

Հը՞… Էս ի՞նչ է ասում։ Պարզվում է` էս տիկինը ծպտյալ լեւոնական է։ Առաջարկում է մի թեզ` «Անջատում` հանուն փրկության», որը շատ վաղուց եւ առաջի՛նը «շրջանառության մեջ ներառել է» հենց Լեւոն Տեր–Պետրոսյանը։

Զարմանալի բան չկա։ Մետաքսե Հակոբյանը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Արցախյան սոսկալի պարտությունից հետո այդ նույն պարտության «քավոր–սանիկները»` գրեթե բոլորը, խաղաղության մունետիկներ են դարձել եւ հատ առ հատ կրկնում են այն նույն պնդումները, որ տարիներ շարունակ ասել, հիշեցրել ու զգուշացրել է Լեւոն Տեր–Պետրոսյանը։ Եվ որքան էլ ճգնեն այդ պնդումների շարադասությունը փոխել ու նոր միայն բերանացի արտասանել, միեւնույն է` ամենաանտեղյակն էլ է հասկանում, որ կրկնում են Առաջին նախագահին, բայց այնքան փոքրոգի են, որ չեն խոստովանում ակնհայտը` շա՛տ ուշացումով, բայց հասկացել են, որ ճիշտն ինքն էր։

Տխուր է։

Բայց եթե միայն տխուր լիներ։

Նոր կորուստների ու վտանգների մասին է օրուգիշեր գուժում զանգը, որովհետեւ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը շարունակում են շնչահեղձ լինել փանջունիների, կիսախելագար «փրկիչների» եւ Էրզրում հասնող ու Վան մտնող գլխակեր տականքների առատությունից։   

Նախորդ հոդվածըՎարչապետ․ Իռլանդիան պաշտպանում է Ուկրաինայի դիմումը
Հաջորդ հոդվածըՔաղաքակրթական աղետը՝ Ազատության հրապարակում. ՉԻ