‘Լիզա Ճաղարյան. Ա՛յ, սա սենսացիա է. Հ. Ա.-ն ոլորտ է հայտնաբերել, որտեղ խելքն անհրաժեշտ է’

2372

«Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրագույն կրթությունն առանձնակի է կարեւորվում»,- այսօր ասել է…

Ո՞վ` կհարցնեք: Գաղտնիք չէ, բազմամարդ դահլիճում է ասել, այնպես որ բացահայտեմ` Հովիկ Աբրահամյանն է այս խոսքը բարձրաձայնողը: Այո, հենց այն նույն Հովիկ Աբրահամյանը, որ ժամանակ առաջ հայտարարել էր, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք ունենալը պարտադիր չէ:

Բայց մի շտապեք չարամտորեն հեղհեղուկության ու երեսպաշտության մեղադրանք ներկայացնել այս ազնիվ, անկաշառ, արդար քրտինքով փադիշահի հարստություն դիզած եւ ներկա պահին կոռուպցիոներների դեմ անխնա պայքար մղող սկզբունքային մարդուն:

Քաղաքական գործչի համար խելքի անհրաժեշտությունը չկարեւորող այս պարոնը նաեւ հավելում է վերոգրյալ ելույթում. «Գիտատեխնիկական առաջընթացի աննախադեպ արագության եւ բարձր տեխնոլոգիաների ներդրման հետեւանքով աշխատանքի շուկան մշտապես փոփոխվում է…» եւ մնացածը` այս ոգով:

Կարճ ասած՝ հանրապետականները եւ սրանց արբանյակները կարող են հանգիստ շունչ քաշել, որովհետեւ Աբրահամյան Հովիկը չի զլանում ընդգծել, որ կրթությունն անհրաժեշտ է գիտատեխնիկակա՛ն առաջընթացի ոլորտում: Ընդամենը:

Աբրահամյան Հովիկը միայն ազնիվ, անկաշառ, արդար քրտինքով փադիշահի հարստություն դիզած ու կոռուպցիոներների դեմ անխնա պայքարող սկզբունքային մարդ չէ՛: Նաեւ` շատ բարի է: Վկան` Բարգավաճ Հայաստանի առաջնորդին «ցցի հանելու» հայրենափրկիչ առաքելության իրականացման գործում իր մերձավորին նվիրված՝ 37-ականների ոչ անհայտ «տրոյկայի» անդամին բնորոշ իր ելույթը: Խրոխտ էր մի այլ ձեւի: Բայց ձայնը դողում էր: Բարի մարդ է, դրանից էր: Ճակատագրի բերումով իր հարազատը դարձած մարդուն կառափնարան էր ճամփում` Սերժիկ Սարգսյանի ու մնացած խելքի անհրաժեշտությունը չզգացող հանրապետականների հետ ուս ուսի, բայց հո դրանից ոգեւորված չէ՞ր: Պարզապես` արդար քրտինքով փադիշահ է դարձել, խելք չունենալու շնորհիվ հասել է վարչապետի աթոռին, եւ ինչպես բոլոր քիչ խելք ունեցողների դեպքում է, իր պարագայում նույնպես` ինքնապաշտպանական բնազդը գործում է անվրեպ:

Ահա՛ այս ազնիվ ու բարի մարդն ընդգծում է, թե խելքը ո՛ր ոլորտներում է անհրաժեշտ, հո անհոգի սադիստ չի՞, որ իր մերձավոր շրջապատին ինֆարկտ-ինսուլտի դուռը հասցնի` «գիտատեխնիկականից» դենը ոտքը մեկնելով:

600-ից ավելի ուսանողների, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կանցնեն ոչ անհայտ Ավագյան Կարենի «բազեական» թրի… կներեք` պայթյունավտանգ փուչիկի տակով, կառավարությունը կրթաթոշակ կվճարի պետական բյուջեից, որ մեր խելացի երիտասարդությունը նվաճի գիտատեխնիկական բարձունքները եւ երախտագիտության զգացումը` բարձրագույն կրթության վկայականի եւ ամբարած խելքի հետ միասին, ներդնի  առավել հարստացնելու ու հղփացնելու համար խելքի կարիք չունեցող, բայց փողի նկատմամբ մոլագարության հասնող սեր տածող հանրապետականներին, որոնք անթաքույց հայտ են ներկայացրել հանրությանը` հավերժ իշխել Հայաստանում, քանի դեռ «բերաններումը շունչ կա»:

Ասել, որ հանրապետականների այս մտայնությունը հիմնազուրկ է, չափազանցություն կլինի: Եթե նման բան պնդենք, ապա «ընդդիմության ընդդիմությունը» շատ կվիրավորվի ու արդարացիորեն կբողոքի, որ կոնգրեսականները նախանձից թերագնահատում են իրենց դերն ու նշանակությունը Հայաստանի քաղաքական կյանքում:

 

Նախորդ հոդվածը‘Վարուժան Հոկտանյան. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հազիվ թե կարողանա արդյունավետորեն աշխատել’
Հաջորդ հոդվածը‘«Անհնար է քիմիական գործարանի աշխատանքը հենց այնպես կանգնեցնել». Նաիրիտցիները շարունակում են պայքարը (Տեսանյութ)’