‘Լիզա Ճաղարյան. Ա՛յ, սենսացիան սա է` Սերժիկ Սարգսյանը թմրամոլների հետ աչքով աչք չունի’

3253

Դեռ չէինք հասցրել մարսել Բաղրամյան 26-ի տնվորի վերաբերմունքի անսպասելի փոփոխությունը  քառյակի ներկայացրած 12 պահանջների նկատմամբ, մեկ էլ այդ նույն կողմերից հնչեց թմրամոլության ու թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի կոչնակը:

Նախ` հիշենք, որ քառյակի պահանջները չեն փոխվել, և այդ պահանջներին Հայաստանի պանծալի կառավարությունն արդեն պատասխանել է, այսինքն` մերժել է կատարել այդ պահանջները: Ու մեկ էլ հանկարծ` Հանրապետական կուսակցապետի ուղեղը պայծառանում է, ու նա հրահանգում է «նոր հայացքով» նայել այդ չարչրկված 12 կետերին:

Թե այդ «նոր հայացքի» տակ ինչ սատանա է թաքնված, կարծիքները տարբեր են, բայց իմ խորին համոզմամբ` Սերժիկ Սարգսյանն ընդամենն ուզում է ժամանակ շահել այնպես, ինչպես միշտ` երբ գլխին կուտակված ամպերը կարկտաբեր են դառնում: Նախ` այս պարոնը կառավարությանը հրահանգել է, որ «կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը» (փաստորեն ստացվում է, որ մինչ կուսակցապետի հրահանգը` չեն քննարկել և առանց քննարկման են պատասխանել քառյակին), իսկ հետո հուշել է. «Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին…»: Շարունակեմ` հետո չորրորդին, հետո հինգերորդին, հետո վեցերորդին… Ու էսպես` մի քանի տարուց հետո կհասնենք 12-րդին:

Օրեր են, էլի, կմթնեն, անց կկենան, բալն էլ, իհարկե, այդ ընթացքում կթանկանա, լիսկաները նորից մարդ կսպանեն ու անպատիժ կմնան, նրանց փոխարեն բանտերում անմեղ մարդիկ կնստեն, օտար զորքերն էլ մեր Հանրապետության հրապարակում շքերթ կանցկացնեն, բայց դե` ժողովուրդ ջան, այդպիսի արհավիրքների ես դիմացե՞լ, «հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա…», կարևորն այն է, որ «գիշերները բաց չըլես, մրսես ոչ…»:

Որ այս «նոր հայացքը» սովորական սերժիկական բլեֆներից է, սա բացճակատ հաստատում է նաև Հովիկ Աբրահամյանը. «Մենք գրավոր, մանրակրկիտ պատասխանել ենք 12 կետերին, պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: …Եթե անհրաժեշտություն լինի, մենք մանրակրկիտ բացատրություն կտանք»:

Պարզ է, չէ՞, թե ինչ է ասում «նոր հայացքի» կամակատարը: Կառավարությունը «մանրակրկիտ» պատասխանել է, բայց քառյակը ոնց որ թե չի հասկացել, և իրենք դեմ չեն նորից «մանրակրկիտ» բացատրել: Ու եթե էլի՛ չեն հասկանա, էլի՛ «մանրակրկիտ» կբացատրեն, նորի՛ց չեն հասկանա` կրկի՛ն կբացատրեն… Ինչ է եղե՞լ որ. մի բուռ ազգ ենք, բա որ մենք իրար «մանրակրկիտ» չբացատրենք, ո՞վ պետք է բացատրի, Էնքան բացատրե՜նք, ձեր զահլան գնա ձեզանից էլ, մեզանից էլ:

Եվ մինչ կառավարությունը պատրաստվում է առաջին կետի «ճանապարհային քարտեզ» գծել ու «մանրակրկիտ» բացատրել քառյակին, թե ինչն ինչից հետո է, Սերժիկ Սարգսյանը «նոր հայացքի» իզը բռնած` նորանոր բարձունքներ է նվաճում: ՀՀԿ ղեկավարը որոշել է պայքարել… թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: ԱԽՔ-ի նիստ է հրավիրել… Ներեցեք, ԱԽ նիստ է հրավիրել ու ավետել իր այս «նոր հայացքի» մասին:

Դե, ո՞վ չգիտի, որ համառ շշուկներ են շրջում այն մասին, որ թմրամիջոցների նկատմամբ Սերժիկ Սարգսյանը հայրական գորովանք է տածում: Բայց սա համարենք ստոր զրպարտություն ու անցնենք առաջ: Իսկ առջևում շատ հուզիչ պատկեր է գծագրվում: Ու՞մ համար է գաղտնիք, որ ե՛ւ թմրամոլներից շատերին, ե՛ւ թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվողներին պետք է փնտրել Սերժիկ Սարգսյանի մերձավորների, զինակիցների ու հենարանների միջավայրում: Հայաստանը, ցավոք, շատ փոքր է, ու մախաթը շատ դժվար է պարկի մեջ պահել:

Հիմա` ի՞նչ. Սերժիկ Սարգսյանը որոշել է ոչնչացնե՞լ իր թևութիկունքներին:

«Դե ո՜չ, հերթական բլեֆն է»,- լսվեց ամբոխի միջից:

Եվ մինչ Սերժիկ Սարգսյանը բլեֆներով երկարաձգում է իր իշխանությունը, օրերը մթնում են ու անց կենում:

………….

«-Հրե՜սս…- չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները: Գիքորը դողաց: Առանց էն էլ նա շատ էր մաշված, էդքանն էլ հերիք էր նրան: Ու անկողին ընկավ»:

Մնացածն ինձանից լավ գիտեք:

Նախորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. «Պորտուգալիան խելացի և ուժեղ մրցակից է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալ գիտենք»’
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկայի նախարար. Որոտանի կասկադի գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են’