Լիզա Ճաղարյան. Այսօր ծնվել է Սամսոն Ղազարյանը, կամ` տխուր, տխուր, տխուր մի երգ

1768

Սամսոնը ինձանից խռոված գնաց։

Մի քանի ամիսը մեկ տնից դուրս եկողս այդ օրը մի հետաքրքիր զրույց էի արել տաքսու վարորդի հետ, Ֆեյսբուքում պատմեցի։ Հումորով, անչար գրառում էր։

Զանգեց, զայրացած ասաց` Լիզա՛, հերիք չի՞ տաքսիստներին ձեռ առնես։

Ծիծաղեցի` Սամսո՞ն, էս լուրջ ես ասո՞ւմ։

Անջատեց հեռախոսը։

Սամսոնին լավ ճանաչողները կհասկանան. ինքը որտեղ որ էր, էդ «համքարության» մարդիկ իր հարազատներն էին դառնում, ինքն էլ իրեն սրտանց համարում էր նրանցից մեկը։

Դե, հետո` ինչպես հաճախ է լինում. մտածում ես` դե լավ, կհանդիպենք մի օր, կկռվենք-կհաշտվենք, ոնց որ միշտ է եղել։

Հանդիպեցինք Վանոյի հոգեհանգստի արարողության ժամանակ։ Ոտքերս չտարան հազիվ շնչող Սամսոնի մոտ. ծնկներս չէին ենթարկվում ինձ, այդքան ցավի բեռ անզոր էի տանել։

Այսպես։

88-ի «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամների երդվյալ համախոհն էի, մեծամասնության ընկերն էի, իսկ Վանոյի, Սամվելի ու Սամսոնի քույրն էի նաև։

Իրարից անչափելի տարբեր էին` տարբեր ճակատագրերով։

Երեքինն էլ` շատ ցավոտ, երեքինն էլ` անդարմանելի անարդար։

Երեք եղբայրներս էլ հիմա միասին են։

Ես էլ դեռ այստեղ եմ ու մեկ–մեկ փորձում եմ գրել իրենց մասին։

Մեկ–մեկ էլ փորձում եմ լաց չլինել, մեկ–մեկ ստացվում է, մեկ–մեկ` չէ։

…88-ին, երբ սովետական ազատարար բանակի տանկերը վարում էին Երեւանի փողոցները, Սումգայիթ էր թափվել գլխներիս, Ադրբեջանից հայ փախստականները սահմռկեցնող պատմություններ էին պատմում, կարճ` աշխարհը մթնել էր աչքիս, Գրողների միության բարում արցունքներս հերթական անգամ հեղեղի պես թափվում էին, Սամսոնը մոտեցավ, ձեռը դրեց գլխիս ու ասաց` հիշի՛ր, քանի երկրագունդը պտտվում է, Հայաստանը լինելու է։

Հիշում եմ։

Բայց եթե հիմա մի հրաշքով Սամսոնը նորից գար ու նույն բանն ասեր, 88-ի այդ օրվա պես արցունքներս չեմ մաքրի ու ժպտամ։ Շատ նեղսրտած կհարցնեմ` էդ ո՞նց է՛, ո՞նց։

Ու նույնիսկ չգիտեմ` նույն ջերմեռանդությամբ կփորձե՞ր համոզել ինձ, թե՞ ձեռքը թափ կտար, ձայնն էլ կխզվեր։

…Որովհետեւ 88-ի մեր բոլոր իրականացած ցանկությունները ոտնատակ տրված են, մեր վերագտած արժանապատվությունը վերաձեւվել ու դարձել է փուչ սնապարծություն, մեր փայփայած արժեքները դարձել են դատարկ պոռոտախոսների ծաղրի առարկա, երկրագնդի հետ դեռևս պտտվող Հայաստանն էլ` թերհասների մանկամիտ քմահաճույքների փորձաքար։

Այսպիսի բաներ, Սամսոն։

Մեր ապրվող–չապրվող օրերի պես փշուր–փշուր էր խոսքս, ներիր։

Քեզ սիրող բոլորի հոգիներում մեղքի զգացում կա քո հիշատակի առջեւ։

Չամոքվող զգացում է։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանով․ Գնահատում եմ դրոշներով ինձ աջակցություն ցույց տված երկրպագուներին
Հաջորդ հոդվածըԵրկրաշարժ Հայաստանում