Լիզա Ճաղարյան. Աննախադեպ զառանցանք

2278

Զարմանալի կամ անսպասելի բան չկա (արգահատելի` որքան ուզեք), վաղո՛ւց արդեն չկա, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիների ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջերը փորձել է ու շարունակում է փորձել ներկայացնել որպես հաղթանակ կամ առնվազն հաջողություն։

Հերթական հաջողությունը, նույնիսկ հպարտանալու առիթը, ըստ երեկվա «ասուլիսի», 2020 թվականի սեւ օրվա` նոյեմբերի 10–ի (ըստ Փաշինյանի` նոյեմբերի 9–ի) կապիտուլյացիայի համաձայնագրին հաջորդած խայտառակ անիշխանության գիշերն էր։

Պարզվում է` կատարվածն ընդամենը ժողովրդավարության հաղթանակի եւս մեկ նմուշ էր, փաշինյանական «աննախադեպերից» եւս մեկը։

Հիշեցնեմ, չնայած վստահ եմ` ոչ ոք չի մոռացել ու երբեք չի մոռանա այդ զարհուրելի գիշերը. գազազած ամբոխն ԱՆԱՐԳԵԼ ներխուժել էր ՀՀ Ազգային ժողովի շենք, ԱՆԱՐԳԵԼ ներխուժել էր ՀՀ կառավարության շենք, ԱՆԱՐԳԵԼ ներխուժել էր կառավարական առանձնատների տարածք, իսկ ուղիղ եթերում` Հայաստանի քաղաքացիների ու ողջ աշխարհի առաջ այդ նույն ամբոխն ԱՆԱՐԳԵԼ խոշտանգում ու սպանում էր անգիտակից վիճակում ոտքերի տակ տրորվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ… ի՞նչ է պարզվում, Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Պարզվում է` ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ մարդու պես այդ գիշեր գետնի տակն են անցել, Նիկոլ Փաշինյանն էլ բունկերում ապահով ծվարել է ու կողքից նայել, թե ինչպես է «զարթոնք ապրում» ժողովրդավարությունը` ջարդվող–փշրվող պետական կարեւորագույն շենքերում եւ ուր որ է սպանվող ԱԺ նախագահի խոշտանգվող մարմնում։

Պարզվում է` խայտառակ, ամոթալի, չլսված–չտեսնված անիշխանությունը ժողովրդավարության հաղթանակի աննախադեպ օրինակ է, որովհետեւ ուժային ոչ մի կառույց չի միջամտել ու չի փորձել կանխել կամ դադարեցնել ամբոխի «խրախճանքը»։ Աշխարհիս երեսին դեռ նման բան չի եղել, Հայաստանում` առավել եւս չի եղել` ինչպես ընդգծեց Փաշինյան Նիկոլը, եւ բնականաբար` հենց իր օրոք արձանագրվեց այդ զարմանահրաշ փաստը։

Միայն անմեղսունակը կարող էր չհասկանալ, որ այդ գիշեր Հայաստանում իշխանություն գոյություն չուներ, չկա՛ր, չքվել էր. կատարվել էր սարսափելի ու անուղղելի բան` հազարավոր պատանիների դաժանագույն նահատակությանը հետեւել էր Արցախի մեծ մասի կորուստը, եւ պարզվել էր` պատերազմի ողջ ընթացքում`44 օր շարունակ, հրեշավոր լկտիությամբ իրականությունը թաքցրել էին բոլորից։ Դրանից հետո, ցանկացած քիչ թե շատ գիտակից մարդ հասկանում էր, որ օրվա պատուհաս իշխանությունը պետք է հրաժարական տար ու մտածեր միայն, թե ինչ անի, որ ԱԺ նախագահի օրը չընկնի։ Նույն բանն էլ մտածում էին ոստիկանները, դրա համար էլ մտել էին հնարավոր բոլոր ծակուծուկերը` դրանով իսկ ստեղծելով Փաշինյան Նիկոլի երազած «ժողովրդավարության» հաղթանակի «աննախադեպ» հնարավորություն։

Թեման անասելի ցավոտ է, եւ նույնիսկ սարկազմն է խեղճանում էս դեպքում…

…Եվ ի՞նչ հետեւություն կարող ենք անել հիմա, պարոն Նիկոլ Փաշինյան. այսինքն, եթե հավատանք աննախադեպության վիրուսից ախտահարված ձեր մտքի թռիչքին, փաստորեն` կարող էիք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ազատել մթագնած գիտակցությամբ ամբոխի վրեժից, բայց բունկերում ապահով նստած` ձեր մատն է՞լ չշարժեցիք… հանուն ձեր պատկերացրած «ժողովրդավարության» ցուցքի։

Նախորդ հոդվածըՈՒԱԱՊԽ քարտուղար․ Ռուսաստանի հետ պատերազմը վաղուց է ընթանում
Հաջորդ հոդվածըՆԱՍԱ․ Տոնգայի մերձակա հրաբխի ժայթքումը հավասարազոր էր տասնյակ ատոմային ռումբերի պայթյունի