‘Լիզա Ճաղարյան. «Աննախադեպ» հաղթելու արանքներում մեկ-մեկ էլ մտածեք’

2098

Կասկածող կա՞ր, որ այս հաճելի (արտաքուստ՝ հաստատ), առանց ուղղորդողների (հա՞ որ) «100 դրամանոց» հաջողությունից հետո ասպարեզ էին նետվելու խոշոր վերլուծագանգային մեկնաբանություններ, որոնց ետեւից երևացող ականջները շատ լոշտակ են ու շա՜տ «քաղաքացիական». ուզես-չուզես՝ տեսնում ես:

Առաջին անգամ փողոց դուրս եկած եւ Հայաստանում կուտակված ահռելի խնդիրների պայմաններում իրենց շատ փոքրիկ իրավունքի համար պայքարող պատանիների ու աղջնակների «քաղաքացիական» պայքարին հղված ներբողները մի կերպ հասկացանք. ջահելները նոր են թրծվում, շատ բան չեն հասկանում, նրանցից շատերին ուղղորդողներն իրենց ականջին նախապես շշնջացել են քաղաքական պայքարի ծանր հետեւանքների մասին: Դե, իրենք էլ հասկացել են, որ պետք է շառից հեռու մնալ: Իսկ ո՞նց հասկանալ նրանց՝ այն կարկառուններին, որոնք իրենց քաղաքական գործիչ են համարում, մինչեւ ուղնուծուծը քաղաքականության մեջ խրված են, երկնագույն երազներում էլ համառորեն իրենց հետապնդում է Բաղրամյան 26-ի աթոռը՝ իրենք էլ վրան բազմած, բայց… քաղաքացիական պայքարի դրոշակակիր են դարձել:

Հնարավո՞ր է «քաղաքացիական պայքար» անվան տակ փողոց դուրս գալ ու ինչ-որ բանի հասնել, եթե այդ «ինչ-որ բանն» ընդդեմ տրանսպորտի ուղեվարձի թանկացման է: Տեսանք, որ հնարավոր է: Ինչպե՞ս եղավ, որ հնարավոր դարձավ, ինչու՞ էին սերժիկական հեռուստաալիքներն այսքան բարեհաճ բողոքավորների նկատմամբ, սա էլ ոնց կուզեք՝ հասկացեք:

Տարոնի «պատմական ուղերձից» հետո պայքարողների կտրուկ սակավաթվությունը, «միացեք քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի, նույն վտանգի տակ գտնվող Սարգիսի, Դավիթի, Արտակի ազատության համար պայքարողների բողոքի ակցիաներին» կոչերի հանդեպ այս նույն նորելուկ բողոքավորների քար անտարբերությունը, թերեւս, բավական են՝ հետեւություն անելու համար, որ վերջին օրերի երեւանյան թոհուբոհի մասնակիցների մեծ մասի գերխնդիրն իրոք միմիայն 150-ը 100 դարձնելն էր: Մնացածը «սաղ լավ ա», Տարոնն էլ, դե, «մեր» Տարոնն է, ինքն ի՞նչ մեղավոր է, չե՞ք տեսնում՝ Ավանում ինչքան ծաղիկ է ցանել, «կեցցե կարմիր բանակը, Հիտլերն ընկավ թալակը, ուռա´, ուռա´»…

Ոստիկանապետ Վովային էլ հրապարակավ շնորհակալագիր գրող «հեղափոխականների» մասին էլ չխոսենք. սա շատ ճենճահոտ սերիալից է:

Հենց այս քաղաքացիականների «թաղերից» երկնեցին նաեւ հետեւյալ «գերագույն» ճշմարտությունը. «Այս շարժումը հաղթեց, որովհետեւ առաջնորդ չուներ»:

Տեղ հասանք, իջեք:

Իջա՞ք: Դե´, նստեք ու լսեք:

Առաջնորդի գլխավորությամբ երբ պայքարում էինք եւ դեռ շարունակելու ենք պայքարել, մեր պահանջը Հայաստանի նախագահի աթոռը զավթած Սերժիկ Սարգսյանի հրաժարականն էր: Եվ չհասկանալ, որ այս դեպքում իշխանություններն ասպարեզ էին նետելու պայքարը խեղդելու բոլոր միջոցները՝ եղկելիից մինչեւ գարշելի, նշանակում է՝ ճիշտ էլ անում եք, 150 դրամը 100 դրամ դարձնելու նպատակով պայքարի շրջանակներում էլ մնացեք, դրանից ավելին ձեր վտիտ ուսերի համար շատ ծանր բեռ է: Իսկ եթե հասկանում եք եւ շարունակում եք նույն անհեթեթությունը շրջանառել, ուրեմն շրջվեք եւ ձեր թիկունքում տեսեք համապատասխան լոշտակները: Որովհետեւ, եթե դուք չեք շրջվում ու չեք տեսնում, չի նշանակում, որ այդ լոշտակները չկան, եւ ուրիշներն էլ չեն տեսնում:

Առաջնորդով, թե առանց առաջնորդի պայքար լիներ, քաղաքական, թե քաղաքացիական պայքար լիներ, եթե պահանջն իշխանափոխությունն է, երկիրը թալանող ու անդունդի եզրին հասցնողները չէին խորշելու հակադարձելու ոչ մի միջոցից: Ե´վ վարկաբեկելու էին, ե´ւ բանտարկելու էին, ե´ւ ծեծելու էին, ե´ւ սպանելու էին: Ինչն էլ արեցին եւ անում են Մարտի 1-ից սկսած՝ մինչ օրս: «Առանց առաջնորդ» պայքարի էս տրանսպորտային եւ անպայման «աննախադեպ» հաղթանակից հետո, ոնց որ, օրինակ, Մաշտոցի պուրակի է՜ն «աննախադեպ» հաջողությունից հետո էր, գլուխները կորցրած հաղթանակողները չե՞ն հասկանում տրանսպորտի էժանացման եւ մի ողջ ավազակախմբի պատմության աղբանոցը նետելու պահանջների տարբերությունը:

Եթե չեն հասկանում, ճիշտ էլ անում են՝ թող քաղաքացիականի սահմաններում էլ շարունակեն իրենց պայքարը: Բայց առանց մեծ-մեծ բրդելու: Չի խանգարի, որ նաեւ մեկ-մեկ գլխներին զոռ տան, թե ոնց պատահեց, որ առաջնորդ ունեցող մեր պայքարից դժգոհ, իշխանափոխության պահանջատերերի ճամբարից խաբս տված «վճռականները» մինչ օրս, առա´նց առաջնորդի, կեսքայլ առաջ չեն գնացել եւ միակ բանը, որ արել եւ անում են՝ իշխանական հեռուստաեթերով եւ իշխանահաճո այլ լրատվամիջոցներով ամենաստոր մակարդակով հարվածելն է իրենց նախկին զինակիցներին:

Մտածեք, էլի´: Թե՞ որ մտածում եք՝ գլուխներդ ցավում է:  

Լիզա Ճաղարյան

  

   

Նախորդ հոդվածը‘Ինչպես են «Սերիա Ա-ի» թիմերը պատրաստվում ավարտել Յուվեի գերիշխանությունը’
Հաջորդ հոդվածը‘Քեթրին Էշթոնը երկժամյա հանդիպում է ունեցել Մուրսիի հետ’