Լիզա Ճաղարյան. «Առիթը» կա` ասեմ. շատ մեղմ է ասված` «ազգակործան պատուհաս»

3507

Անասելի դժվար է սառնասրտորեն գրել այս թեմայով, բայց փորձեմ։

Ի՞նչ պարզվեց «Սուրմալուի» ողբերգությունից հետո։

Պարզվեց` դեռեւս այն ժամանակ, երբ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր, իր ղեկավարած կառույցը «հանդես էր եկել ՀՀ տարածքում հրավառությունները եւ ճայթուկների վաճառքը արգելելու նախաձեռնությամբ»։ Եվ գիտե՞ք, թե ինչու «հետագայում ընթացք չստացավ» այդ նախաձեռնությունը. «…քանի որ վրա հասավ կովիդի համաճարակը», եւ Արսեն Թորոսյանի ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի «առաջնահերթությունները ինքնաբերաբար փոխվեցին»։

Ճիշտ է ասում պարոն Թորոսյանը. այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես «ինքնաբերաբար» առաջնահերթ դարձավ աղամանների անհետաձգելի խնդիրը, եւ Հայաստանի բոլոր հպարտ ու արժանապատիվ քաղաքացիները վերջապես տեղեկացան, թե իրենց տանը աղամանը որտեղ է պահում Թորոսյանի աճեցրած հաջորդ առողջապահության նախարարը։

Է՞լ ինչ պարզվեց։

Պարզվեց` Տիգրան Ավինյանը «սթափվել է» պայթյունից անմիջապես հետո եւ «որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու» շտապել է քարոզարշավի… չէ, ողբերգության վայր, որ տեղյակ պահի, թե ինչպես «2021 թվականին դեռեւս մի նախագիծ էր քննարկվել, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ` թույլատրելով միայն պետական եւ համայնքային տոներին»։

Թե ինչու էր այդ նախագիծը 2021 թվականին քննարկվել ու այդպես էլ մնացել քննարկման փուլում, «առաջադրվելիք քաղաքապետի թեկնածուն» չի թաքցնում` մինչ «Սուրմալուի» պայթյունը` «առիթ» չկար. «Այս ողբերգությունը շատ սթափեցնող էր։ Այն առիթ է տալիս մտածելու նմանատիպ նյութերի պահպանման, մեր միջոցառումներին հրավառությունների իրականացման վերաբերյալ…»։

Գնահատենք «առաջադրվելիք թեկնածուի» անկեղծությունը. որպեսզի օրվա իշխանությունը գիտակցեր, որ «4 տոննա հրավառական նյութերի պահպանում որեւէ տեղ, մեկ փոքր կայծ, ու նմանատիպ հետեւանքներ կարող են լինել», այդ «փոքր կայծը» պե՛տք է լիներ` «նմանատիպ հետեւանքներով», եւ ա՛յ` եղավ, ու դրանից հետո Ավինյան Տիգրանն էլ «սթափվեց» ու հիշեց, որ ինքն «առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու» է, Արսեն Թորոսյանն էլ սթափվեց ու հիշեց, որ աղամանից բացի` մի խնդիր էլ կար, որ նախաձեռնել էին ու սպասել Ավինյանի ասած «առիթին»` հիշելու համար, որ նախաձեռնել էին…

Դե, իսկ Հայաստանի անտանելի «մեծարգո» վարչապետը հո իր ենթակաների թայը չի։ Ինքը «դեռեւս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էր հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին»։

Երկու տարի, կլո՛ր երկու տարի առաջ (Բեյրութի նավահանգստի պայթյունները դղրդացին 2020 թվականի օգոստոսի 4–ին) երկրի երիցս ո՛չ բարով ղեկավարը պայթյունավտանգ օբյեկտների մասին տեղեկություն «հավաքելու» հանձնարարական է տվել։ Բեյրութի «առիթից» հետո։ Կառավարության ո՞ր պահարանում է փոշու տակ թաղվել այդ հանձնարարականն ու սպասել հաջորդ «առիթին»։ Չէր կատարվել այդ հանձնարարականը, դրա համար կովի՞դն է մեղավոր, թե՞ աղամանը։

Թե՞ մեղավորը փնթի, անպատասխանատու, անհետեւողական, Նազարի բախտով իշխանության հասած ու իրենց գլխին այդպես անսպասելի թափված «երկնային մանանայից» մարդկային դեմքը կորցրած քպակույտն է` իր «աննախադեպ» Փաշինյանի գլխավորությամբ։

Սարսափելի չի՞, որ այս երկրի ճակատագիրը մի քպակույտի է վստահված, որը ցանկացած ողբերգություն օգտագործում է որպես քարոզարշավի «բարեպատեհ առիթ»։ Սարսափելի չի՞, որ մեր երեխաների անվտանգության պատասխանատուն մի մարդ է, որը նույնիսկ չի գիտակցում, որ իր բարձրաձայնած «դեռեւս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին» նախադասությունն ընդամենը մեկ բան է նշանակում` ինքը ոչմիբան է։ Ոչմիբան է ոչ միայն Արցախի ու Հայաստանի ինքնիշխանության խնդիրներին դեմհանդիման, այլեւ անընդունակ է լուծել նույնիսկ այնպիսի ներքին խնդիրներ, որոնք պիտի անհապաղ լուծվեին առանց իր «թունդ» հանձնարարականների։

…Բայց նույնիսկ իր այդ հանձնարարականներից հետո չեն լուծվել։

«Առիթի» են սպասել։

Նախորդ հոդվածըՀորդորում է «պատասխանատվության կանչել իրենց խելապակասներին»
Հաջորդ հոդվածըՋիմ Ռեթքլիֆը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»