‘Լիզա Ճաղարյան. Ասում եք` ում ժամկետն է քառասուն օ՞ր’

2738

Եվ ով շահեց ոչ անհայտ ֆիլմի (չդիտեցի ու դիտելու մտադրություն եւ ցանկություն չունեմ) շուրջը ծավալված աղմուկի՞ց:

Շատ ճիշտ եք` Սարգսյան Սերժիկը: Օրեր շարունակ գրեթե բոլորը մոռացան նրա գոյության մասին, մոռացան հենց նրանի՛ց սելավի պես բխող անարդարությունների, ապօրինությունների, կոռուպցիայի, թալանի, հանցագործությունների, մարդասպանությունների մասին եւ սկսեցին անձնազոհաբար պայքարել ինչ-որ ուրվականի դեմ, որ ժամանակ առ ժամանակ ծիկրակում է վարագույրի հետեւից ու հասարակության միակամ մերժումը ստանալով` նորից սսկվում:

Իսկ բարձրաձայն ու կիսաձայն զուգահեռնե՞րը, որոնցից արտաքուստ շահում է այս նույն Սարգսյան Սերժի՞կը: Ի՛նքը չի հրաման տվել, որ Մարտի մեկին գնդակահարեն տասը Հայաստանի քաղաքացիների: Ինքն ԸՆԴԱՄԵՆԸ այդ գնդակահարվածների անշունչ մարմինների վրայով անցել ու խցկվել է Բաղրամյան 26: Ինքն ԸՆԴԱՄԵՆԸ հովանավորել է մարդասպաններին ու շարունակում է հովանավորել, եւ տասը զոհերի սպանության համար մինչ օրս ոչ ոք արժանի պատիժ չի ստացել:

Ի՛նքը չի ազատությունից զրկել հարյուրավոր քաղբանտարկյալներին. ինքն ԸՆԴԱՄԵՆԸ սրտի կսկիծով կողքից նայել է, թե ինչպես է մեր` աշխարհի ամենաարդար ու ամենաանկախ դատարանը քննում ամբաստանյալների գործերը ու վերջում` համաներում է հայտարարել, եւ իր մեծահոգության շնորհիվ քաղբանտարկյալներն ազատ են արձակվել: Սրտից շատ խեղճ է ախր, ո՞նց չեք հասկանում:

Ի՛նքը չի Լիսկային ու լիսկայանմաններին ծնել ու ջրել, ինքն ԸՆԴԱՄԵՆԸ ուրիշների ծնած-ջրած հանցագործներին պաշտոններ է տալիս, որ իր նման բարի մարդու հետ շփվեն, եւ գուցե մի օր սրանք էլ մարդ դառնան: Մեծ հոգի ունի, կույր եք` չեք տեսնում:

Ուղիղ չի՞ ասվում վերոգրյալը: Չի ասվում: Միայն կիսատ-պռատ ակնարկներ են: Բայց որքան էլ կույր լինենք, տեսնում ենք, պարոնայք ու տիկնայք, որ ուրվականների դեմ ձեր անձնազոհ պայքարի թիկունքում Սարգսյան Սերժիկի ականջներն են երեւում: Տեսնում ու հիշում ենք, որ ձեր թիրախների ցանկում այս մարդը «համեստորեն» բացակայում է մշտապես: Կարդում ու լսում ենք, թե ինչ առյուծ եք կտրում ձեր չսիրած ընդդիմադիրներին հարվածելիս, հատկապես ու մասնավորապես Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին, եւ ինչպես է խզվում ձեր խրոխտ ձայնը` հենց բանը հասնում է նախագահի աթոռը զավթողին:

Չգիտեմ` ում սարսափեցրեց ոչ անհայտ ֆիլմը: Չգիտեմ` ով ինչ ժանտատեսիլ երազ տեսավ այդ օրերին: Չգիտեմ` ով գնաց վախ չափողի ու մոմ թափողի մոտ, եւ ով քրքրեց Վանգայի ու Նոստրադամուսի արխիվը, որ տեսնի իր գլխի գալիքը: Մի բան հաստատ գիտեմ. Հայաստանն այսօր ուրվականները չեն կործանում, կործանում է միմիա՛յն Սերժիկ Սարգսյանը` իր հանցախմբով, եւ նրան ճարպկորեն (իրենց կարճ խելքով, իհարկե) շրջանցողները, զանազան ուրվականների դեմ պայքարում «ինքնահրկիզվողներն» առավել վտանգավոր, նենգ ու անազնիվ են, քան ճորտի պես իշխանություններին հաճոյացողները, քծնողները, հինգ հազար դրամանոցները, լֆիկ-նեմեց-սաշիկ-լիսկաներն ու միշիկները:

Որովհետեւ սրանց արատավորությունը մեր աչքի առջեւ է, սրանք կարող են խաբել միայն անմեղսունակներին, կամ էլ` խաբվելուց հեշտանք ապրողներին:

Իսկ ահա Սերժիկ Սարգսյանի մոտ կես դրույքով ընդդիմադիր «աշխատող» այս խմբակիկները դեռ կարողանում են բթացնել հասարակության մի հատվածի զգոնությունը, հաջողում են նրանց ուշադրությունը շեղել օրվա հանցագործ իշխանություններից եւ անիմաստ կռիվ տալ ուրվականների դեմ:

Մնում է` մարսեն: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Հայոցյան. Ս. Սարգսյանի երազանքը երազ էլ կմնա’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. Ստանալով 4 կարմիր քարտ՝ «Վիլյանովենսե»-ն հաղթանակ է տարել’