Լիզա Ճաղարյան. «Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին` Ֆիրդուսին…»

1338

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետին, մասնավորապես, ասել է. «Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաեւ կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարեւան երկիր Թուրքիային ե՛ւ ցավակցություն հայտնելու…»:

Չէ՛, մի րոպե. մասնավորապես ասողը ոնց որ թե Էրդողանը չի։ Հազար ներողություն։

Մասնավորապես, ասողը Հայաստանի՛ նախագահն է` Խաչատուրյան Վահագնը։

Խոր շունչ քաշենք ու նորից սկսենք, ուրեմն։

Հայաստանի՛ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Հայաստանի՛ վարչապետ, մասնավորապես` մեծարգո Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են, ու Հայաստանի՛ նախագահ Խաչատուրյանը Հայաստանի՛ մասնավորապես մեծարգո վարչապետ Փաշինյանին, մի ա՜յլ ձեւի ձայնային հոգեթրթիռ ելեւէջներով, մասնավորապես, ասել է. «Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաեւ կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարեւան երկիր Թուրքիային ե՛ւ ցավակցություն հայտնելու, ե՛ւ օգնության պատրաստակամություն հայտնելու համար»։

Էլի՛ բաներ է ասել Վահագն Խաչատուրյանը, բայց դե` էստեղ էլ խոր շունչ քաշենք ու կողմնորոշվենք, թե, մասնավորապես, էս ի՞նչ հաշիվ է, էս ինչի՞ է ՀՀ պարոն նախագահը շնորհակալություն հայտնում ՀՀ պարոն եւ մասնավորապես մեծարգո վարչապետին` երկրաշարժից տուժած երկրներին ցավակցելու համար։

Թվում է` շատ բնական է, որ ցանկացած պետության ղեկավար` անկախ այն իրողությունից, թե իր ղեկավարած երկիրն ինչ հարաբերությունների մեջ է տվյալ դեպքում զարհուրելի չափերի հասնող արհավիրքի բախված երկրի հետ, աներկբա պետք է ցավակցեր եւ օգնության պատրաստակամություն հայտներ, նախ` որովհետեւ մենք մեզ մարդ ենք համարում ոնց որ թե, ավելին` քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ լինելու փաստը առիթ–անառիթ թափ ենք տալիս աշխարհին ի տես։ Կամ թեկուզ այն պարզագույն պատճառով, որ հողագնդի վրա ոչ մի երկիր ու ոչ մի ժողովուրդ ապահովագրված չեն բնական աղետներից։ Ում–ում` հայաստանցիներիս դրա մասին կարիք չկա հիշեցնելու։

Ուրեմն, ինչի՞ համար էր այս էժանագին թամաշան, ո՞ւմ անունից էր պարոն Խաչատուրյանը, մասնավորապես, շնորհակալություն հայտնում մեծարգոյին։

Տեսնենք, թե ինչ է, մասնավորապես, պատասխանել Փաշինյանը, ինչպես Խաչատուրյանն ասաց` իր «առանձնահատուկ շնորհակալությանը»։ Մասնավորապես, ասել է. «Դուք նշեցիք Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Այո, կարծում եմ եւ շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետեւ, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել եւ լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որեւէ կերպ հասկանալի չէր կարող եւ չի կարող լինել…» եւ այլն։

Էսպես։ Ի մի բերենք մեր տեսածն ու լսածը։ Խաչատուրյանն առանձնահատուկ շնորհակալ է Փաշինյանին, որ նա ցավակցել է Թուրքիային, իսկ Փաշինյանն էլ շնորհակալ է, որ Խաչատուրյանն «այդպես է վերաբերվում իր կայացրած որոշումներին», բնականաբար` մասնավորապես Թուրքիային ցավակցելու «դուխով» որոշմանը։

Էս է ողջ թամաշայի «մեխը»։

Խաչատուրյանն ուզում է ասել, որ ցնցված է մեծարգոյի «աննախադեպ» քաջությամբ, անչափ շոյված է իր նրբիկ հոգին, որ մեծարգոն էդքան լավն է, էդքան բարի է, հերիք չի` դուխով է, համ էլ` «ջիգյարի թիքա» է, Փաշինյանն էլ, «այո՛», շնորհակալ է, որ վերջապես իր «դուխն» ու «ջիգյարաթիքությունը» գնահատող հայտնվեց։

Իսկ իրականում այս երկխոսության հիմքում վախն է։ Ով–ով` մեծարգո վարչապետը հիանալի գիտի, որ իրեն ընտրող զանգվածի մեծամասնությունը հայ հասարակության հենց այն «շատ հայրենասեր» շերտն է, որ այս օրերին Թուրքիայի երկրաշարժից երջանկության իններորդ ալիքի վրա է, եւ դուխով վարչապետն անհանգիստ է` հո շա՞տ չեն պակասել իր համակիրները, շատ մեծ բան չի, էլի, որ իր նշանակած նախագահը բարի սամարացու ժպիտով շնորհակալություն հայտնի իր այդ մեծահոգի քայլի համար, ինքն էլ, դե, համեստորեն պարզաբանի, որ ինքը, «այո՛», քրտնաջան աշխատում է «հարաբերությունների որակը փոփոխելու» ուղղությամբ։ Այսինքն` մինչ իր «օրհնյալ գալուստը» այս երկրի ոչ մի ղեկավար «հարաբերությունների որակը փոփոխելու» ուղղությամբ քայլ չի արել։

Զարմանալի բան չկա. վարչապետ կարգվելու «օրհնված սհաթից» սկսած` այս մարդն իր «շքախմբով» զբաղված է «որակ» փոխելով` «Հայոց բանակում դավաճաններ են վխտում» բարբաջանքից մինչեւ «իմ վարչապետությունից առաջ բան չի ստեղծվել էս երկրում» պոռոտախոսության «լույսի ներքո», իսկ ավելի պարզ` իր ճանապարհին հանդիպած ամեն ինչ արժեզրկելով, հիմա էլ մի նորմալ, սովորական մարդկային քայլ էր արել, դա էլ արժեզրկեց` իրենից վերեւ (դեռ չենք մոռացել, որ մեր Սահմանադրությամբ` Հայաստանի Հանրապետության նախագա՛հն է պետության գլուխը)` ՀՀ նախագահի աթոռին նստած մարդուն դարձնելով ընդամենը իր «հրաշափառ» գործունեության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնող։ …Ավելի կոպիտ չասեմ։

Նախորդ հոդվածըՊաշտոնական. Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականը կգլխավորի Դիեգո Կոկան
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է