‘Լիզա Ճաղարյան. «Բազեների» նոր խմբաքանակ է անհրաժեշտ’

2001

Այսպիսի շատ սրտառուչ հայտարարություն կարդացի կայքերից մեկում. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցում է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող եւ պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը»:

Շարունակությունն էական չէ. գրված է` ոնց դիմեն, որտեղ դիմեն ու մեկ էլ` դիմեն «անձամբ»:

Անտեղյակներին ասեմ, մոռացկոտներին էլ հիշեցնեմ, որ այս հիմնադրամի երիտասարդությունը հանրապետականներ են, հիմնադրամի «քավորն» էլ ոչ անհայտ կարկառուն հանրապետական Կարեն Ավագյանն է, որի անունն արդեն իսկ «ոսկե տառերով» է գրվել Հայոց նորագույն պատմության մատյանում` մի խումբ երիտասարդների գլխին Հանրապետության հրապարակում փուչիկների «հրավառություն» սարքելու եւ պետական բյուջեից, այսինքն` Հայաստանի հարկատու քաղաքացիների գրպանից սնվող «բազեներին» ծաղկաձորներում Սերժիկ Սարգսյանին «լյաաաաաավ» քծնելու դասեր տալու համար:

Երեւի շատերիդ գլխում հարց ծագեց` այս «շատ բարի» ՀՀ կառավարությունն ու հատկապես ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չէի՞ն կարող ավելորդ ծախս չանել, չէի՞ն կարող վերոնշյալ սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձն իրենք վճարել, ոչ թե` «աջակցել» այս առավել «բարի» հիմնադրամին, որ սա՛ վճարի: Եվ մեկ էլ` Հայաստանում ամեն քայլափոխի մի հիմնադրամ է ճամփաներս կտրում, այս «շատ բարի կառավարությունն ու ԿԳՆ-ն ինչու՞ են հատկապես ու մասնավորապես ա՛յս հիմնադրամին աջակցում, ի՞նչ առանձնահատուկ շնորհներ ունեն այս հիմնադրամի երիտասարդները նման վերաբերմունքի արժանանալու համար:

Պատասխանն այնքան պարզունակ է, որ վախենամ` ընթերցողին վիրավորեմ խնդիրը «բացահայտելով»:

Ինչեւէ: «Լյաաաաաավ» քծնող ջահելների նոր խմբաքանակ է անհրաժեշտ հոգեվարք ապրող իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին: Կվճարեն ուսանողների վարձը, անպայման կշեշտեն, որ վճարողները «շատ բարի» հանրապետականներն են` Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու ներքո», ամենավարպետ քծնողներին կհավաքագրեն, գուցե հետներն էլ Ծաղկաձոր տանեն «տժժալու» եւ իրենց այցելած Սերժիկ Սարգսյանի տափակ կատակներով ու Դարչոյի պարով հայիլ-մայիլ լինելու: Հետո էլ եթե պետք լինի (իսկ որ` անպայմա՛ն պետք կլինի, դժվար թե Հայաստանում որեւէ մեկը կասկածի)` «երախտապարտ» ուսանողների շարքերից կընտրեն հաստագլուխներին` սաքուլիկների ոհմակի մեջ ընդգրկելու համար, որ հարկ եղած ժամանակ հարձակվեն իրենց «նախագին» քննադատող ըմբոստ երիտասարդների վրա ու սմբակահարեն կամ կճղակահարեն:

Բա հո կառավարությունը, ԿԳՆ-ն ու փուչիկ Կարենը միամիտ չե՞ն, որ պետական բյուջեի փողերն անիմաստ «քամուն տան»: «Անձամբ» կներկայանան, փուչիկ Կարենը կբացատրի, թե ինչ ասել է` «ես քեզ, դու ինձ», ուսումնատենչ ուսանող ջան: Ես վճարում եմ, դու էլ դուդուկիս տակ պարում ես: Լավ կպարես՝ հնարավոր է նույնիսկ` տանենք հանգստավայրերում հաց-մաց տանք: Վատ կպարես՝ ուրեմն մի ձեւ կգտնենք` քթիցդ կբերենք ուսման վարձդ ու հաջորդ կիսամյակին բուհի դուռը քթիդ առաջ կշրխկացնենք:

Այսքան բան:

Հ.Գ. էն խեղճ Ճոյտի՞ն ինչի բռնեցին: Չլինի՞ Սաշիկի փայը չէր տվել:

Նախորդ հոդվածը‘«Գազպրոմ Հայաստանը» շարունակում է գլխավորել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականին ՄԻԵԴ Հայաստանից ներկայացվել 1040 հայց’