‘Լիզա Ճաղարյան. «Բոլորդ Ըսթափվեք», քանի դեռ ազգովի «զոհված ազատամարտիկ» չենք դարձել’

4552

Ի՞նչ մեղքս թաքցնեմ. Ֆեյսբուքում ուշացումով տեսա «Երկրի հարցը» հաղորդաշարի հղումը, որտեղ հյուրը հանրապետական Գագիկ Մելիքյանն էր, կարդացի սույն պարոնի հասցեին մեկը մյուսից «քաղցրանուշ» մեկնաբանություններն ու չդիմացա` բացեցի ու լսեցի, թե ինչ «գաղջ» է օդ արտանետել «հերոս ազատամարտիկ» Մելիքյանը, որ այսպես հունից հանել է ունկնդիրներին:

Հերոս ազատամարտի՞կ` երեւի զարմացան Մելիքյան Գագիկին ճանաչողները: Իզուր: Ըստ այս հանրապետականի` պատերազմի տարիներին բոլորս հերոս ազատամարտիկներ ենք եղել` սահմանին կռվողներն էլ, թիկունքում պատերազմին բնորոշ դժվարությունների բեռը կրողներն էլ, պատերազմի տարիներին այլոց կյանքի հաշվին հարստացող թալանչիներն էլ, թիկունքից իրենց հայրենակիցների վրա կրակողներն էլ, այդ տարիներին Հայաստանը լքողներն էլ, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն էլ:

Ի դեպ, քանի որ մեղավորիս շա՜տ անհայտ էր էս «հերոս ազատամարտիկի» կենսագրությունը, դիմեցի ինտերնետի օգնությանը: Նրա անցած «հերոսական» ճանապարհը ռուսագիր «Վիքիպեդիա»-յում գտա, հայերեն «Վիքիքաղվածք»-ում ընդամենը մեկ տող կար. «Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր է»: Ռուսագիր տեքստում համառոտ, բայց ամեն ինչ կար հայրենասեր Մելիքյանի «հերոսական անցյալի» ու ներկայի մասին. տնտեսագետ է, նաեւ` ուշադրություն, իրավագետ: Պատերազմի տարիներին աշխատել է հաշվապահ, տնօրեն, հետո աշխատել է «Ագրոբանկ»-ում, ու այսքան «հերոս ազատամարտիկություն» անելուց հետո մեկ էլ` 1999-ին փափուկ վայրէջք է կատարել Հայաստանի Ազգային ժողովում ու մինչ օրս այնտեղից «չի վերադարձել»:

Եվ ի՞նչ էր ասում այս «հերոս» իրավագետը, այժմ` ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարը, Բերձորյան հայտնի ծեծուջարդի մասին:

Ահագին խրոխտ, լրի՛վ «հերոս ազատամարտիկավարի» ասում էր. «Անընդունելի է, որ նախաձեռնության հեղինակը ընդհանրապես ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ոչ էլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Չգիտես` ինչպես է հայտնվել, չգիտես` ինչ նպատակներով, չգիտես` ինչ է ուզում անի, չգիտես` ինչ է ուզում ասի»:

Հասկանալի է` նկատի ունի Ժիրայր Սեֆիլյանին:

Հեռուստամեկնաբանը զարմացած հարցնում է. «Բայց այդ մարդը երբ որ կռվում էր Ղարաբաղում եւ ազատագրում էր… այդ ժամանակ չե՞ք հարցրել, թե` որ երկրի քաղաքացի եք, որտեղի՞ց եք հայտնվել եւ ի՞նչ եք ուզում»:

Ա՛յ, էս հարցի պատասխանից էլ հենց պարզվում է, որ բոլորս անխտիր` Արցախում, Հայաստանում եւ ի Սփյուռս աշխարհի, «հերոս ազատամարտիկներ» ենք, եւ եթե ինչ-որ մեկը կռվել է Ղարաբաղում, դա նրան իրավունք չի տալիս «հակասահմանադրական, հակապետական, հակահայկական, հակաժողովրդական, ինչու՞ չէ` նաեւ դավաճանական» քայլեր անել (Լիսկայի, Շմայսի, Մանվելի, Սեյրանի ու մնացած «պետական մտածողությամբ» հանրապետականների ականջը կանչի):

Բայց Գագիկ Մելիքյանը միայն «հերոս ազատամարտիկ» չի, համ էլ` շատ բարի է. ինքն «ընդհանրապես» դատապարտում է բռնությունը, բայց եթե մի քանի անգամ բացատրում են, ու դիմացինները դժվար են հասկանում (ինքը երեւի էդ կողմերում «գյոզ կպած» է եղել ու տեսել-լսել է, թե ինչքան են բացատրել), մասնավորապես` ոնց որ թե էնքան էլ դեմ չէ, որ ծեծեն-ջարդեն…  

Այս հարցազրույցում, ի դեպ, մի շատ լավ լուր էլ կա: Գագիկ Մելիքյանն ավետեց, որ «ժողովրդավարության ամենաբա՛րձր մակարդակի վրա է գտնվում Արցախի Հանրապետությունը, ամենաբա՛րձր», եւ Բերձորի ծեծուջարդից հետո Արցախը միջազգային ասպարեզում «ժողովրդավարության այդ խաղաքարտը» չի կորցնում, բոլորովի՛ն:

-Նաեւ այս միջադեպո՞վ,- հարցնում է գրեթե խոսելու ունակությունը «ուրախությունից» կորցրած մեկնաբանը:

-Այո՛, նաեւ այս միջադեպով, նաեւ ա՛յս միջադեպով,- պնդում է իրավագետ, ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, «հերոս ազատամարտիկ» Մելիքյան Գագիկը:

Ապշահարված հեռուստամեկնաբանը խորը շնչում է, որ մի կերպ հաջորդ միտքը ձեւակերպի ու ձեւակերպում է մոտավորապես այսպես` վտանգ չկա՞, որ այդ միջադեպից հետո պառակտման ցեցը կընկնի հայ ժողովրդի այս երկու հատվածների միջեւ:

«Բոլորովի՛ն,- ազգիս խռովված հոգին խաղաղեցնում է Սերժիկ Սարգսյանի անձնական օգտագործման «հերոս ազատամարտիկը»,- բոլորովի՛ն»: «Հերոսը» վստահ է, որ Բերձորի ջարդից հետո «մեր ժողովուրդները» (սա էլ իմացանք «հայրենասեր» հանրապետականի «սուրբ» բերանով` հայաստանցիներն ու արցախցիները տարբեր ժողովուրդներ են) ավելի համախմբվեցին ա՛յն ուժերի դեմ, «ովքեր պատվիրել էին այս ակցիան»:

Եվ ամենակարեւորը, որ ոչ մի կերպ չենք հասկանում «դավաճան», բայց եւ «հերոս ազատամարտիկ» մնացյալներս ու ձեններս կտրած չենք հանդուրժում, որ մեզ ծեծեն, ջարդեն, սպանեն ու թալանեն Սերժիկ Սարգսյանի «հերոսները». «Բոլորը թող Ըսթափվեն, բոլորը թող Ըսթափվեն, որ մենք շրջապատված ենք թշնամական երկրներով…»:

Ես, օրինակ, Ըսթափվեցի ու այնքան ուրախացա, որ հանրապետականները` Սերժիկ Սարգսյանի գլխավորությամբ, առայժմ «հերոս ազատամարտիկներիս» խնայում են ու «զոհված ազատամարտիկ» չեն դարձնում:

Կասեք` ինչու՞ այսքան մանրամասն ներկայացրեցի հանրապետական այս պարոնի բարբաջանքները:

Ընդամենը մեկ «հայրենասիրական» նպատակով. հուսով եմ, սա կարդալուց հետո Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները շատ կզայրանան, անմիջապես ասուլիս կհրավիրեն ու մի լա՛վ, տեղը տեղին` «հերոս ազատամարտիկաբար» կքննադատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին:

 

Նախորդ հոդվածը‘Ի գիտություն գազ սպառողների. փոփոխություններ՝ գազապսառման սպասարկման ծառայությունների կարգում’
Հաջորդ հոդվածը‘Ասադը պատրաստ է համակործակցել ահաբեկիչների դեմ պայքարող երկրների հետ ‘