‘Լիզա Ճաղարյան. Բորբոսնած հայրենասերի մեկ օրը ‘

5479

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:

Այդ լուսապայծառ առավոտին նախորդած գիշերը Հովիկ Աբրահամյանը երազում մուկ էր տեսել, բայց պանիր չէր տեսել: Եվ անտրամադիր էր:

Մոտեցավ լուսամուտին, որ արեւի առաջին ճառագայթների ներքո աչք շլացնող վարդագույն շողերով փայլող Մասիսի սպիտակափառ գագաթին նայի, բայց մառախուղը ծածկել էր լեռը մեր Բիբլիական, ու երազում չտեսած պանրագույնը նա փորձեց փնտրել Արագածի պսակաձեւ գագաթին, բայց սա էլ` հակառակի պես, չէր երեւում, ոնց որ հայ վիպասանն է գրել` ամոթխած հարսիկի պես սքողել էր իր դեմքը… Էլ չերկարացնեմ, անգիր գիտեք:

Ահաբեկված վազեց դեպի սառնարանը, բացեց, տեսավ իրար կողքի շարված պանրատեսակները` ճերմակ, դեղին, բորբոսնած… Թեթեւացած շունչ քաշեց, ու քանի որ ոչ Մասիսի սպիտակափառ գագաթն էր երեւում, ոչ Արագածի պսակաձեւ գագաթը, կերավ բորբոսնած պանիրը (քանի որ ինքը հայրենասեր է) ու սուրաց դեպի ՀՀ կառավարության շենք:

Տեղ հասավ: Այստեղ էլ շտապեց դեպի սառնարանը, տեսավ, որ պանրատեսակները կողք կողքի շարված իրեն են սպասում, ու քանի որ կառավարության շենքի լուսամուտից նույնպես չէին երեւում Մասիսի սպիտակափառ ու Արագածի պսակաձեւ գագաթները, կերավ բորբոսնած պանիրը (քանզի ինքը հայրենասեր է) ու հարցրեց հենց պանիր ուտելու պահին ներս մտած նախարարին.

-Ի՞նչ կա-չկա:

-Արեւի առաջին ճառագայթները չկան, Մասիսի սպիտակափառ ճակատը չկա, Արագածի պսակաձեւ գագաթը չկա, մառախուղ կա, մեկ էլ` ամոթխած հարսիկի սքողած դեմք կա:

-Դա առանց քո ասելու էլ գիտեմ,- խոժոռվեց Հովիկ Աբրահամյանը (ինքը հայրենասեր է, դրա համար էլ գիտի):

-Դե, մեկ էլ դժգոհ մասսա կա,- կմկմաց նախարարը:

-Ո՞ր մեկն է, «Նաիրի՞տը»:

-Չէ, մանր եւ միջին ձեռնարկատերերն են:

-Դեռ կա՞ն:

-Դե հա՛, ամեն օր գալիս են:

-Չէ՛, ասում եմ` դեռ դրանցից կա՞ն: Բա էն Սաշիկ-Լֆիկներն ի՞նչ բանի են:

-Դե, ամեն ինչ անում են, որ դժգոհ մասսան վերանա…

-Ուրեմն` լավ չեն անում, Մասիսի սպիտակափառ գագաթին կարոտ մնան, Արագածի պսակաձեւին էլ` վերադիր:

-Ամոթխած հարսիկի սքողած դեմքին էլ կարոտ մնան,- ոգեւորվեց նախարարը:

-Լավ, լավ,- խոժոռվեց Հովիկ Աբրահամյանը,- դու էն ասա` արդա՞ր է նրանց պահանջը, թե՞ ոչ:

-Ու՞մ պահանջը, Սաշիկ-Լֆիկների՞:

-Չէ, այ տղա, դժգոհ մասսայի:

-Ըըըըըըըըը…

-Լավ, լավ, հիմա զանգեմ շեֆին, տեսնեմ` ինչ է ասում:

Հովիկ Աբրահամյանը հարմար տեղավորվեց բազկաթոռին ու հայրենասիրական շարժումով վերցրեց համապատասխան լսափողը. «Շե՞ֆ, դժգոհ մասսան կառավարության շենքի մոտ հավաքվել է, արդարություն է պահանջում»:

-Իյա՜, իրո՞ք:

-Հա՛: Ահագին էլ շատ են:

-Իյա՜, իրո՞ք:

-Հա՛: Նախարարին հարցնում եմ` արդա՞ր է նրանց պահանջը, թե՞ ոչ, կմկմում է:

-Իյա՜, իրո՞ք: Գործից հանիր:

-Իյա՜, իրո՞ք: Լավ, ոնց ասեք:

-Ի՞նչ ասաց շեֆը,- հարցրեց նախարարը:

-Ասաց` քեզ գործից հանեմ:

-Իյա՜, իրո՞ք:

-Չէ, այ տղա, գնա հանգիստ կյանքը վայելիր, կքնի` վեր կկենա, կմոռանա` ինչ է ասել: Գնա՛: Գնա՛ էն Վովային ասա` վարչապետն ասում է` լյա՜վ չես աշխըտում, լյա՜վ չես աշխըտում:

Նախարարը գնաց, Հովիկ Աբրահամյանը դուռը փակեց, սառնարանը բացեց, հանեց բոլոր պանրատեսակները, շարեց սեղանին, ձեռքերը շփեց, ասաց. «Տո՛ Մասիսի սպիտակափառ գագաթն էլ, Արագածի պսակաձեւ գագաթն էլ, էն սքողած հարսիկի դեմքն էլ` հետը» ու հերթով կուլ տվեց ինչ կար-չկար` սպիտակ, դեղին, բորբոսնած:

«Էս գիշեր քնելուց առաջ աղի բլիթ կուտեմ պանրով, գուցե մուկը մի բաժակ ջուր տա ինձ երազումս»,- հորանջելով ծոր տվեց Հովիկ Աբրահամյանը:

-Իյա՜, իրո՞ք,- ծվծվաց մուկը:

-Եկա՞ր, ախպերս, բա ու՞ր էիր կորել էս գիշեր,- երջանիկ ժպտաց Հովիկ Աբրահամյանը,- դե կեր, կե՛ր պանրի փշուրները:

Վասնզի ինքը ոչ միայն հայրենասեր էր, նաեւ բարի էր մկների ու մեկ էլ մի քանի խոշոր եղջերավորների նկատմամբ:

Իր շեֆի նման:

 

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ. Բերձորում ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայաստանն առայժմ մտադիր չէ ռազմական գործողություններ ծավալել Լուսնի վրա»’