‘Լիզա Ճաղարյան. Գյադաների ժամանակից չպրծած` փանջունիների ձեռն ընկանք’

2431

Ամիսներ առաջ մի «անկախական» երիտասարդ Ֆեյսբուքում ինձ հարց տվեց` անկախության պահպանման օգտին համաձա՞յն ես, որ Ղարաբաղը կորցնենք: Պատասխանեցի` ոչ: Երիտասարդը փնչացրեց դավաճան դեմքիս ու ինձ հանեց իր ընկերների ցանկից: Այս «ողբերգական» միջադեպի մասին պատմեցի ֆեյսբուքյան ընկերներիս և հատկապես դիմեցի նրանց, ովքեր, հասկանում եք, էլի, արևմտամետ են և քամահրանքով են վերաբերվում ինձ նման միջնադարյան խաչմերուկներում դեգերողիս: Պատմեցի ահա այս վճռական հայրենասերներին և խնդրեցի իրենց կարծիքը հայտնել` Ղարաբաղը տա՞նք ադրբեջանցիներին անկախության դիմաց, թե՞ ոնց: Բնական է, չէ՞. ուզում էի վերջապես պարզել` անհո՞ւյս դավաճան եմ, թե՞ դեռ հույս կա փրկվելու:

Շատ երկար սպասեցի: Համառեցի: Պնդեցի: Ոչ մի պատասխան չստացա: Քար լռություն:

Հնարավոր էր, չէ՞, պատասխանել, որ անկախությունն այնպիսի արժեք է, հանուն որի կարելի է նույնիսկ տարածքներ կորցնել (հատկապես` մեր անծայրածիր տարածքից մի կտոր): Կարելի էր ամոթանք տալ ինձ նման անկախությունից բան չհասկացողիս` մեջբերելով աշխարհի մեծերի ասույթներից (հընթացս` կգրագիտանայի): Կամ` կարելի էր արխիվները քրքրել ու հրապարակ նետել հենց իրենց այն ճռճռան ելույթները, որ Ղարաբաղի կորուստը հավասարազոր է Հայաստանի կորստյան, հիշեցնել մեր հազարավոր երիտասարդների նահատակությունը հանուն Ղարաբաղի ու թքել-մրել այն երիտասարդին, որն ինձ, փաստորեն, ուղարկեց գրողի ծոցը` որպես դավաճանի:

Չէ, չէին կարող. երկու պատասխանն էլ վտանգավոր է: Ասեն` Ղարաբաղի հերն էլ անիծած, կարևորն անկախությունն է, երկրորդ խմբի հայրենասերները անարգանքի սյանը կգամեն: Ասեն` Ղարաբաղն անկախությունից ավելի կարևոր է` արևմուտքն այլևս գրանտ ու մեդալ չի տա: Լավագույն տարբերակը կույր ու խուլ ձևանալն էր և հին մուղամը զլելը` ընդդեմ «ՄՄ մտնող» Կոնգրեսի:

Եթե ասեմ` առնվազն ծիծաղելի է, երբ մի դեղնակտուց մեղադրում է ինձ անկախության արժեքը չգիտակցելու համար, շատ մեղմ կհնչի: Եթե ասեմ, որ 88-ից իմ տունը Ազատության հրապարակն է եղել հենց հանուն անկախության` մի կաթիլ անգամ չափազանցություն չեք գտնի ասվածի մեջ:

Որ մեր պատմության ինչ-որ շրջանում մենք սկսել ենք նահանջել և քայլ առ քայլ կորցնել մեր անկախությունը` հայտնի ավազակախմբի թեթև ձեռքով` փաստ է: Որ ամեն ինչ պետք է անել սրանցից ազատվելու համար, որպեսզի ե՛ւ անկախությունը չկորցնենք, ե՛ւ Ղարաբաղը չկորցնենք, սա էլ է փաստ: Եվ եթե պատմության այս հանգրվանում անկախության հարցում արդեն իսկ կորուստներ ենք ունեցել, բայց կարող ենք կորցրածը վերականգնել առանց հիստերիկ ցնցումների, եթե երկրի ղեկին ոչ թե հանցագործ թալանչիներ նստած լինեն կամ մեծախոս արկածախնդիրներ, այլ այս երկրի մասին մտածող պետականամետ գործիչներ` սա էլ է պարզ: Պարզ է նաև, որ եթե կորցնենք Ղարաբաղը, այս անգամ կկորցնենք անդառնալիորեն, որովհետև ադրբեջանցիները խոտ չեն ուտում, որ չհասկանան` հողը պատկանում է նրան, ով այնտեղ ապրում է: Եվ առաջին քայլը, որ կանեն` Ղարաբաղը կդատարկեն հայերից:

Հավասարակշիռ, հաշվարկված քաղաքական քայլերի հակառակորդ զանազան-զարմանազանները տեսան, չէ՞, որ Ռուսաստանը` Վրաստանի եվրոպականացման դիմաց` տարավ ու ետ չբերեց Աբխազիան ու Օսիան: Հիմա էլ տեսնում են, չէ՞, որ Ղրիմն են ուզում պոկել Ուկրաինայից: Ու կպոկեն` որքան էլ Եվրոպան թևերը թափահարի:

Այն, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայում, եթե կատարվեր Հայաստանում` քանի՞ օր էր դիմանալու առնվազն երկու միլիոնանոց բնակչությամբ մեր ջրաքամված երկիրը: Եվրոպական քանի՞ պետություն էր հեռվից բռունցք թափ տալու Ռուսաստանի վրա: Եվ եթե նույնիսկ հրաշք պատահեր, և սրանք նույնպիսի ակտիվությամբ` հանուն Հայաստանի թղթեր ճոճեին Ռուսաստանի դեմ, դա օգնելո՞ւ էր կամ օգնելո՞ւ է, որ Ղարաբաղը ոտնատակ չլինի: Ա՜խ հա՛. մոռացել էի` հազարավոր երիտասարդների եք ուղարկելու զոհվելու` հանուն Ղարաբաղի: Ի՞նչ է եղել որ. թող զոհվեն, չէ՞ որ հանուն հայրենիքի են զոհվում: Իրենք էլ պոեմներ կգրեն հերոսների մասին, մրցանակներ կստանան, հոգեցունց ճառեր կասեն հանրապետական Մարգարիտի հանգույն:

Իսկ գուցե հիմա այդ նույն անձնազոհներդ Հայաստա՞նը փրկեք սերժառոբերից, ոչ թե ձեր այդ թանկագին եռանդը ծախսեք Կոնգրեսի և Կոնգրեսի առաջնորդի դեմ սուր ճոճելով:

Հիմա, եթե այս գրեթե անելանելի իրավիճակում` բազմաթիվ փանջունիների ճղճղոցների արանքում մի զգաստ ձայն է հնչում, որը ձեզ բացատրում է` այս պահին կտրուկ շարժումները Հայաստանը կործանման կտանեն: Եթե ասում է` ազատվենք այս իշխանություններից, որովհետև այսօր բոլոր չարիքների սկզբնաղբյուրը Հայաստանը զավթած ավազակախումբն է, իսկ հետո տեսնենք` ինչպես է հնարավոր դուրս գալ այս փակուղուց, ձեզ դա դուր չի՞ գալիս:

Դուր չի գալիս, արեք հենց այն` ինչ որ ձեզ դուր է գալիս: Բայց հենց դու՛ք արեք: Մի՛ սպասեք, որ Կոնգրեսը կատարի ձեր փանջունիական քմահաճույքները, որ հետո ֆիլոսսոկրատների նման քուրսի նստեք ու խորաթա անեք, թե ինչը սխալ արեց Կոնգրեսը և ինչը` ոչ:

Ու համարձակություն ունեցեք վերջապես պատասխանելու` պատրա՞ստ եք Ղարաբաղը կորցնել: Եվ եթե պատրաստ չեք, ապա ձեր ներկա պահի ֆեյսբուքային հոխորտանքներով` ո՞նց եք պատկերացնում Ղարաբաղի պահպանումը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը ջուրը լցրեց Սերժ Սարգսյանի աշխատանքը (7or.am)’
Հաջորդ հոդվածը‘Թեմի առաջնորդ. Ղրիմի հայությունը չեզոքություն է պահում – Panorama.am’