Լիզա Ճաղարյան. Գյուլնազ տատը հույս ունի, որ երկնքից երեք խնձոր կընկնի

9941

Գիտեմ, որ այսօր առաջադեմ մարդկությանն ավելի շատ հետաքրքրում է, թե խորհրդարանի փակ նիստում դաշնակ Մհերը ՔՊ–ական Վլադիմիրին ոնց է քաշքշել, հետո ոնց է ծլկել դաշնակահանգույն, ո՛ր հարկի զուգարանում է թաքնվել` աղջկերքի, թե տղերքի, բայց դե` ես էլ, հակառակի պես, հենց այսօր պատահաբար «Արմենպրես»-ում կարդացի, թե ինչ է ասել երեկվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը։

Նախապես ասեմ, որ արտառոց բան չի ասել։ Գրեթե բոլոր կառավարության նիստերում լինի, Ազգային ժողովում, թե ասուլիսներում, ոչ անհայտ մեծարգոն արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով ասվածներն է կրկնում` մի անգամ ստեղծված իրավիճակի մեղքի բեռը դնելով Հայաստանի առաջին իշխանության ուսերին, մի անգամ` երկրորդ կամ երրորդ, մի անգամ` ռուսների, մյուս անգամ` եվրոպացիների, հետո` հինգերորդ շարասյան, հետո` աջուձախ վխտացող դավաճանների… Նայած թե` այդ օրը մեղավորների ցուցակում ո՛ր մեկի հետ աչքով աչք չունի։ Սա` գիտենք։ Գիտենք նաև վաղուց ի վեր, որ Արցախում եւ Հայաստանում տիրող իրավիճակի գլխավոր պատասխանատուն ինքն իրեն հակասելու, ինքն իր բարձրաձայնած մտքերը դրանց հակառակ բեւեռում գտնվող մտքերով հերքելու գործում մրցակից չունի։ Եվ նման բաներով ինքը մեզ վաղուց արդեն չի զարմացնում։

Երեկվա կառավարության նիստում էլ, օրինակ, ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում (առաջին անգամ չի ասում), հետո «արձանագրել է», որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած որոշումը` Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին, այլեւ ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղի տրանսպորտային հաղորդակցության արգելափակմանն ուղղված քայլեր ձեռնարկելով։

Այսինքն` ասել է բոլորիս քաջ հայտնի իրողությունների մասին։

Հետո՞։

Հետո Փաշինյանն ասել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` ՀՀ կառավարությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Սա էլ ենք լսել քանի-քանի անգամ, ու ոնց հասկանում եմ` դեռ շատ ենք լսելու։ Թե ինչ է տալիս Հայաստանին ու Արցախին խաղաղության «մաուզերի» վրա շաբաթվա գլխին ու շաբաթվա տակին երդում տվող այս պարոնի «վերահաստատումը», դա էլ գիտենք վաղուց։ Ոչի՛նչ չի տալիս. Ադրբեջանը շարունակում է շրջափակված պահել Արցախը` օղակն ավելի սեղմելով, շարունակում է ոտ–ոտ առաջ գալով գրավել «քոչվոր ցեղ» հայերիս «դժգույն-դժբախտ» տարածքները, շարունակում է ծաղրել Հայաստանի կառավարության շենքում թառած «խաղաղության աղավնուն», եւ թվում է` ամեն անգամ ստեղծված իրավիճակը ներկայացնող եւ սեփական արշինով գնահատող Նիկոլ Փաշինյանը ոչ թե ամեն անգամ պետք է բոլորիս հայտնի այս իրավիճակի մասին հեգելով մեզ պատմի դասը նոր սովորած աշակերտի պես, այլ պատասխանի հանրությանը տանջող` ա՛յ հենց իր ներկայացրած իրավիճակից բխող հարցերին։

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։

Ահավասիկ. «Մենք ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ (ընդգծումն իմն է- Լ.Ճ.), որ առաջիկայում կոնկրետ տեղաշարժեր կլինեն ինչպես Ստեփանակերտ-Բաքու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափերում։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նման աշխատանքի, եւ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆՔ (ընդգծումն իմն է- Լ.Ճ.), որ Ստեփանակերտ-Բաքու ձևաչափում նման տրամադրվածություն կլինի թե Բաքվի, թե Ստեփանակերտի կողմից»։

Միայն մեկ կառավարության նիստում հնչած հույսերը երկուսով չեն ավարտվում. Փաշինյանը նաեւ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, որ «այդ համատեքստում միջազգային պատշաճ մեխանիզմներ ու երաշխիքներ կգործարկվեն»։

…Էս մարդն է մեր երկրի, սահմանին կանգնած մեր զինվորների, մեր երեխաների ճակատագիրը որոշողը։

Նիկոլը վարչապետ է։ Հայաստանի Հանրապետության վարչապետն է։

Ահա՛ այս վարչապետ կոչեցյալը Հայաստանի քաղաքացիներին ներկայացնում է իր ղեկավարած պետության գրեթե անելանելի դարձած վիճակը (ի՛ր իսկ կոտրած ձեռով) եւ «արձանագրում», որ ինքը հույսը չի կորցրել`դե՛, ոնց էլ լինի` մի դուռ կբացվի, բա հո սենց չի մնալու։

Ի դեպ, ես է՛լ հույս ունեմ, որ մի դուռ կբացվի, հույս ունե՛մ, որովհետեւ չեմ ուզում հույս չունենալ։ Մեր հարեւան Վարդանն էլ հույս ունի, դիմացի շենքի Անոն էլ է ամեն օր «Աստված ջան» կանչում, բակում նարդի խաղացող տղամարդիկ էլ են հույսով լցվում` հենց զառերը «դուշեշ»-ի վրա են բացվում։ Բայց մեզանից ոչ մեկը Հայաստանի վարչապետը չի։

Ոչ բարով Հայաստանի վարչապետը ոչ միայն ինքը չպետք է հույսերով առաջնորդվի, այլեւ բազմաթիվ հարցերի պատասխանների սպասող հանրությանը չպետք է հույսերով կերակրի։ Հայաստանի ղեկավարը, կրկնեմ` ո՛չ բարով, պարտավոր է ասել հասարակությանը` ի՛նչ է սպասվում իրեն ու այն երկրին, որտեղ ապրում է այդ հասարակությունը, եւ ի՛նչ է անում այդ ոչ բարով վարչապետը` բացի հույս ունենալուց ու հույս տալուց, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք առանց հերթական զարհուրելի ողբերգությանը բախվելու։

Մանավանդ որ` բոլորս ենք հասկանում` այդ հերթականը կարող է նաեւ վերջնական լինել։

Գյուլնազ տատն է։ Վախենալու հեքիաթ է պատմում, կեսից քնում է, բայց դե` ինքն էլ գիտի, հեքիաթ լսողներն էլ գիտեն, որ վերջում միշտ երկնքից երեք խնձոր է ընկնելու։

Նախորդ հոդվածըՀայաստանակենտրոն մտածողությո՞ւն, թե՞ խայտառակ ձախողում․ Աշոտ Սարգսյան (Ալիք Մեդիա)
Հաջորդ հոդվածըԱմենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի