Լիզա Ճաղարյան. «Գունագեղ» պատուհասություն

5895

Զարմանալի կամ անսպասելի բան չկա, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը «գունագեղ» տոնակատարություն է քաշում։ Զարմանալին դեռեւս զարմանալու ունակությունը չկորցրածներս ենք։

Հայաստանի Անկախության 30–ամյակն ինչ–որ կերպ, ինչ–որ չափով պետք է նշվի, որքան էլ որ ընկճված ենք, տխուր ենք, թեւաթափ ենք, որքան էլ որ խարխլված են մեր ինքնիշխանության հիմքերը։ Պատմական փաստ է, թեկուզեւ` վերջին մեկ տարվա ընթացքում բզկտված ու հոշոտված, գլխահակ ու ծուռվիզ։

Բայց երեկվանից ուզում եմ հասկանալ` ի՞նչ «գունագեղ», ո՞նց «գունագեղ», ինչո՞ւ «գունագեղ»… Ու չեմ հասկանում։ Հնարավոր չի հասկանալ։

«Նահատակների հիշատակին» Անկախության տոնակատարությանը նախապատրաստվող պարոն աննախադեպին ո՞նց է հաջողվել «նահատակ» բառի կողքը «գունագեղ» բնորոշումը դնել։ Այդ ի՞նչ գույներ են «հեռարձակվում» այս մարդու ուղեղում` հազարավոր նահատակների մասին մտածելիս։

Եվ հատկապես` ո՞ր գույնն է գերակշռում նրա երեւակայության հիվանդագին ծալքերում` պատերազմի տարելիցի շեմին դեռեւս սարուչոլերում իրենց մասունքների հայտնաբերմանը սպասող նահատակներին հիշելիս։

Ո՞ր գույնն է աչքի առաջ «հուրհրում» Բաքվի բանտերում խոշտանգվող ու անմարդկային տառապանքների ենթարկվող մեր հարյուրավոր գերի զավակներին մտաբերելիս։

Ո՞ր գույնն է «փայլատակում»` հենց միտքն են գալիս որդեզուրկ ծնողները, իրենց գերեվարված երեխաներին սպասող ծնողները, հայրերին սպասող մանուկները, եղբայրներին սպասող քույրերը, եղբայրները, հորեղբայրները, մորեղբայրները, մորաքույրները, հորաքույրները…

Պարզապես` Հայաստանի քաղաքացիները։

Ի՞նչ գույնի է այդ սպասումը։   

Ես ամե՛ն օր իմ ինքնիշխան պետության մայրաքաղաքում արթնանում եմ այն զգացողությամբ, որ ահա՛ տնից դուրս եմ գալու ու այլեւս չեմ վերադառնալու։

Այս նույն զգացողությամբ են 44–օրյա կոտորածից հետո արթնանում եւ օրը մթնեցնում Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները` «ապահով» մայրաքաղաքից մինչեւ անտերունչ սահմանամերձ գյուղերը։

Ի՞նչ գույնի է այս զգացողությունը, ձերդ գունագեղապատուհասություն։

Նախորդ հոդվածըՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Հաջորդ հոդվածըՃապոնիան հրաժարվեց ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության անցկացումից