Լիզա Ճաղարյան. Դավիթ Մաթեւոսյան-հենարանը

1632

Գիտակցենք-չգիտակցենք` մենք հենարաններ ունենք երկրի վրա ու երկնքում։ Յուրաքանչյուրս` մեր ապրված ու ապրվելիք չափանիշներով։ Հակառակ դեպքում` փորձությունների այս դաժան խառնարանում կացնահարված ծառի պես տապալված կլինեինք։

Այն հարվածներին, որ համառորեն դիմանում ենք` չէինք դիմանա, պարզագույն տրամաբանությամբ` դրանք դիմանալու ցավեր ու հարվածներ չեն։ Ու զարմանալի չի, որ հաճախ ենք ինքներս մեզ հարց տալիս` ո՞նց ենք դիմանում։

Ո՞նց ենք դիմանում այս անկշռելի ցավին, այս անսահմանության ձգտող կորուստներին, այսչափ կեղծիքին, ստորությանը, տխմարությանը, երախտամոռությանը, բութ ինքնագոհությանը, գյադայությանը…

Հուսահատությունից, հոգնատանջությունից ծնկներդ ծալվում են, ու մեկ էլ զգում ես, որ դեռ ոտքի վրա ես` այս անգամ էլ չտապալվեցիր։ Քո հենարաններն էին, կրկին ժամանակին օգնության հասան։

Տարբեր անուններ ունեն։ Մեկը` ընդամենը մեկ անուն, մյուսը` երկու, երրորդը` երեք…

Դավիթ Մաթեւոսյան-հենարանը բազմաթիվ անուններ ունի` Մարդկայնություն, Ազնվություն, Վեհանձնություն, Շիտակություն, Ուղղամտություն, Ազնվականություն…

Դավիթը ե՛ւ երկրի վրա էր հենարան, ե՛ւ երկնքում է հենարան ապրողներիս համար։ Երբ դեռ մեր կողքին էր, ամիսներով, նույնիսկ տարիներով եթե ֆիզիկապես չտեսնեիր Դավիթին, գիտեիր` ինքը կա, եւ դու քայլդ անելիս կամ ծունկդ ծալելիս ենթագիտակցորեն մտածում էիր` իսկ ի՞նչ կասի Դավիթը։ Հիմա, երբ երկնքում է, հարցիդ մեջ ընդամենը մի «աննշան» փոփոխություն կա` իսկ ի՞նչ կասեր Դավիթը։

Զարմանալի բան է. ցանկացած սիրելի ու թանկ մարդու մասին գրելիս միշտ ջանում եմ զուսպ լինել`ինքս ինձ հարց տալով` հո չե՞մ չափազանցում, հո ինչ-որ մեկը կարդալուց հետո չի՞ քմծիծաղի հեգնանքով։

Դավիթի դեպքում չկա, գոյություն չունի այդ ջանքը։ Հակառակը, միշտ մտածում եմ` էս ինչ քիչ ասացի, էս ինչ աղքատիկ է բառապաշարս։ Եվ եթե նույնիսկ քմծիծաղող գտնվի, խղճահարությամբ եմ վերաբերվում նրան` կա՛մ զարհուրելի չար մարդ է, կա՛մ պարզապես բախտ չի ունեցել Դավիթին ճանաչելու։

2020-ի այս օրն էր` հոկտեմբերի 23-ը. ողջ կյանքը խաղաղության համար պայքարող 60-ամյա Դավիթ Մաթեւոսյանը գնաց Նռնաձոր` պատերազմը կազինոյի հետ շփոթած ստահակների պատճառով բախտի քմահաճույքին հանձնված ԻՐ երկիրը պաշտպանելու։ Ու չվերադարձավ։

Դավիթ Մաթեւոսյանի անունը նաեւ Անձնազոհություն էր։

Նախորդ հոդվածըՄեկնարկում է ըմբշամարտի Մ23 ԱԱ-ն
Հաջորդ հոդվածըԵՄ-ն և Եգիպտոսը պայմանագիր կկնքեն միգրացիայի վերաբերյալ