Լիզա Ճաղարյան. Դեռ ինչե՜ր եք խոստովանելու

1400

Քարը քարի վրա չթողեց։ Շշմեցնող հիմնավորումներ էին, շշմեցնո՛ղ։ Ինչ կար–չկար` ջրի երես հանեց։ Մադրիդյան սկզբունքներն էլ կետ առ կետ թափ տվեց իր ընդդիմախոսների առաջ, Լավրովյանն էլ, պետք լիներ` ուրիշ բան էլ…

Դե տակից դուրս եկեք, է՛։ Չե՛ք կարող։ Ձեր առջեւ վեր էր հառնել ՔՊ–ական կարկառուն պատգամավոր Արման Եղոյանը` իր երկաթյա տրամաբանությամբ եւ ջախջախիչ փաստերով։

Այնուհանդերձ։

Ես ո՛չ պատգամավոր եմ, ո՛չ քոչասերժական եմ, ինքս ինձ համար Հայաստանի քաղաքացի եմ, շատ բան չեմ հասկանում Մադրիդյանից էլ, Լավրովյանից էլ, բայց Հայաստանի քաղաքացու իմ համեստ դիրքից մի շարք հարցեր ծագեցին ՔՊ–ական բոցաշունչ երիտասարդ Եղոյան Արմանի «սպանիչ» ելույթը լսելուց հետո։ Երիտասա՛րդը հոխորտում է` դո՛ւք էլ եք մերժել առաջարկված սկզբունքները, մե՛նք էլ ենք մերժել, ի՞նչ իրավունքով եք քննադատում մեզ։ «Դուք»–ն այս նույն ՔՊ–ականների անդուլ ջանքերով «հարություն առած» եւ խորհրդարանում առոք–փառոք բազմած սերժականներն ու ռոբականներն են, «մենք»–ն էլ, դե` վաղուց գիտենք, բոլորիս սիրող, բոլորովս հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու նրա անզուգական թիմն է։

Արման Եղոյանը, փաստորեն, հրապարակայնորեն «արձանագրեց»` ինչպես կասեր նրա «մեծարգո» շեֆը, որ հեղափոխական ալիքի վրա իշխանության հասած քայլիստները ոչնչով չեն տարբերվում նախկիններից։

Է՛, մեր հասարակության մտածելու ունակություն ունեցող հատվածը նույնպես պնդում է վաղուց ի վեր, որ ձեր` ՔՊ–ականներիդ եւ նախկին` ռոբասերժականների միջեւ ոչ մի տարբերություն չկա, էլ ինչո՞ւ եք ամեն անգամ կապտում–կանաչում, երբ այս պարզ ճշմարտությունը բարձրաձայնում են։

Շա՛տ ճիշտ է, իրենք մերժել են Մինսկի խմբի առաջարկները, դուք էլ եք մերժել։ Իրենք քառօրյա պատերազմում են պարտվել ու հարյուրից ավելի պատանիների մահվան պատճառ դարձել ընդամենը չորս օրվա ընթացքում, դե` դուք էլ 44 օր եք պատերազմի մեջ ներքաշվել ու, ըստ այդմ` գրեթե հինգ հազար զոհ եք տվել, եւ այդ զոհերի մասունքներից դեռ որքանը հայտնաբերված չի` միայն Աստված գիտի, մեկ էլ` իրենց զավակներին մինչ օրս սպասող ծնողները… Իրենք քառօրյային «համարժեք» տարածք են կորցրել, դե` դուք էլ` 44–օրյային… Ու որքան էլ հոխորտաք` Ջաբրայիլ, Զանգելան, Կուբաթլու… Հո չե՞ք կարծում, թե բոլորը ձեր չափ խելք ու խիղճ ունեն ու մոռացել են, որ կորցրել ենք նաեւ Շուշին ու Հադրութի շրջանը, որոնք ոնց որ թե «յոթ շրջանների» ցուցակում չէին, պարոն անսահման խելացի Եղոյան։

Եվ ուրեմն, եթե դուք պետք է անեիք այն նույն քայլերը, որ արել են «ոչմիթիզական» նախկինները, եթե դուք հեծանիվով եկաք ու կարճ ժամանակ անց ձեր հղփացածությամբ սկսեցիք չզիջել նախկիններին, եթե դուք «ոստիկանական» պետությունից դժգոհ հասարակությանը ոտքի հանեցիք եւ հիմա ձեր «մեծարգոյի» հետ միասին շրջում եք միայն դիպուկահարների ու ոստիկանական հսկա գումարտակների ուղեկցությամբ, եթե դուք բողոքի ակցիա անող քաղաքացիներին ո՛չ պակաս բիրտ ուժով քարշ եք տալիս ոստիկանական բաժանմունքներ, կասե՞ք` ինչու եկաք իշխանության։ Ռոբասերժականները ձեզանից վա՞տ էին նվաստացնում հասարակությանը եւ իրենց ծանոթ–բարեկամներին առաջ «բրթում», որ նրանք էլ էս «քաղցր» կյանքի բարիքներից օգտվեն։

Հուսով եմ, սա պարոն Արման Եղոյանի վերջին ելույթը չէր Ազգային ժողովում, եւ հաջորդ անգամ նա մեկիկ–մեկիկ կխոստովանի ՔՊ–ականների ու ռոբասերժականների մնացյալ նմանությունները եւս։ Բնականաբար` կրկին իր կամքից անկախ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե խոստացել էր Արցախի հարցը լուծել «սեփական կետից», ոչ թե կրկնել նախկինների քայլերը։ Սա` ի դեպ։

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Թող բանավիճեն Լեոյի հետ
Հաջորդ հոդվածըԹուրք գործարարը «Չելսին» գնելու առաջարկ է արել Աբրամովիչին