‘Լիզա Ճաղարյան. Դուք Աստծո սպասավորները չեք, օրենսդիրներ եք’

7392

Հետին թվով քննարկել, թե ինչ սկզբունքով են առաջնորդվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի պատգամավորական ցուցակը կազմողները՝ պարապ գործ է։

Եղածը եղած է։

Սրբագրման-խմբագրման որեւէ լծակ չկա. իմքայլականները եւ նրանց ընտրողները պետք է հույսները դնեն այդ ցուցակով ԱԺ սողոսկած, բայց, մեղմ ասած՝ օրենսդրական դաշտում անելիք չունեցող առնվազն մի տասնյակի (ոնց որ թե՝ քիչ եմ ասում) բարձր գիտակցության վրա, բայց սա էլ հեքիաթի ժանրից է։ Սպասել, թե այդ մարդիկ կգիտակցեն, որ Ազգային ժողովն իրենց տեղը չէ, նույնն է թե՝ բթամիտին համոզես, որ ինքը բթամիտ է, եւ նա էլ ասի՝ ճիշտ եք, բթամիտ եմ։

Անհույս գործ է։

Մաշված ճշմարտություն է. որքան բթամիտ է մարդը, նույնքան էլ ինքնավստահ է ու ինքնագոհ։

Ուրեմն ստիպված ենք համակերպվել, որ մի շարք արժանավորների կողքին եւս մի քանի տարի հանդուրժելու ենք մարդկանց, որոնք ո՛չ միայն պատգամավորական առաքելության հետ որեւէ աղերս չունեն, այլեւ «Իմ քայլի» որդեգրած սկզբունքների հետ այնքան առնչություն ունեն, որքան, ասենք, ՀՀԿ-ականները կամ ԲՀԿ-ականները։

Ի՞նչ անել այս իրավիճակում։ Ի՞նչ անեն այն ՀՀ քաղաքացիները, որ ընտրել են ՀՀԿ-ական հանցագործ վերնախավին պատմության աղբանոցը նետած այս քաղաքական ուժին, բնականաբար՝ սրտանց ցանկանում են, որ իրենց ընտրած ուժը հաջողության հասնի, բայցեւ ստիպված են շաբաթական առնվազն մեկ կամ երկու անգամ ապշահարությունից գրեթե համրանալ՝ «անհասկանալի ծագման» իմքայլական, այսպես կոչված, որոշ պատգամավոր կոչեցյալների բարձրաձայնած անհեթեթությունը լսելիս։

Ի՞նչ անեն այս ուժին ընտրած այն ՀՀ քաղաքացիները, որ գրեթե ամեն օր լսում են իմքայլական որոշ պատգամավորների հրապարակային այն ելույթները, որոնք անթաքույց հարվածում են հենց այն ուժին, որի կազմած ցուցակով փափուկ վայրէջք են կատարել Ազգային ժողովում։

Ոչ ոք չի՞ բացատրում սրանց, որ նույն հարցի մասին ԱԺ նույն խմբակցության անդամները կարող են նաեւ տարբեր մոտեցումներ ունենալ, բայց այդ տարբերությունները պետք է լինեն տվյալ սկզբունքային հարցի լուծմանը հասնելու ուղիները, ո՛չ թե նույն տանիքի տակ «խաղաղ» գոյակցեն ժողովրդավարներն ու բռնակալներին «հզոր անհատականություն» համարողները, ազատասերներն ու ստրուկները, եվրոպական արժեքների կրողներն ու «դրոգապան յագորները» եւ յագորուհիները։

Թե՞ «թավշյա» ասվածը շարունակելու է մեզ հետապնդել ամեն անկյունից, որովհետեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում արտաքուստ խաղաղությունը դրոշ են դարձրել ու ոչ մի կերպ չեն ուզում «բոլորին սիրելու» ոչ մի տեղ չտանող ճանապարհից շեղվել։

Բոլորին պետք չէ սիրել, պարոնայք ու տիկնայք իմքայլական հարգարժան պատգամավորներ, դուք Աստծո սպասավորները չեք, օրենսդիրներ եք, եւ օրենքների հիմքում պետք է լինեն հեղափոխությունից առաջ եւ հեղափոխության շրջանում ձեր ներկայացրած քաղաքական ուժի որդեգրած սկզբունքները եւ սա՛ռը գիտակցությունը, որ այդ օրենքները նաեւ երբեմն կոշտ ու ցավեցնող են լինելու, համարձա՛կ են լինելու, եւ անհնար է, օրինակ, որ թալանչու դեմ գրված օրենքը դուր գա թալանչուն, մարդասպանը հիացմունքից հալվի մարդասիրական նախաձեռնությունից կամ ՔՊ-ի թեթեւ ձեռքով ԱԺ-ում հայտնված կիսագրագետ կեղծ բարեպաշտը կամովին հրաժարվի իր պոպուլիստական «անշառ» դիմակից։

Մենք ձեզ չե՛նք ընտրել, որ օրուգիշեր մտածենք, թե ինչպես ձեզ պաշտպանենք ձեր հերթական «ընտրյալի» արտանետած «բլթոցին» հետեւած քննադատությունների հեղեղից։ Ընտրել ենք, որ դու՛ք պաշտպանեք Հայաստանի քաղաքացիների 21-րդ դարի պահանջներին համարժեք իրավունքները՝ ձե՛ր իսկ ընդունած «մեկ քայլ առաջ» օրենքներով։

 

    

   

Նախորդ հոդվածը‘Սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Փյունիկ»-ը խոշոր հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոն»-ին (տեսանյութ)’