‘Լիզա Ճաղարյան. Դուք ճղճիմ մտայնության հիմնաքարն եք դնում’

2960

Իսկապե՞ս հեղափոխության թեւերի վրա իշխանության հասած նորերը, հատկապես՝ գործի բերմամբ լրագրողական աշխարհի ե՛ւ տեսանելի, ե՛ւ «կուլիսային» վարքուբարքին քաջածանոթ Նիկոլ Փաշինյանը, կարծում են, որ նախկին հանցագործներին անմռունչ ծառայած Հանրային հեռուստաընկերության (հիշեցնում եմ ընթերցողներին. սա միակ հեռուստաալիքն է, որը գոյատեւում է Հայաստանի քաղաքացիների հարկերի հաշվին) առանցքային դեմքերը կարող են հանգիստ խղճով այժմ էլ ծառայել ներկա իշխանություններին։

Ի դեպ՝ նախկիններին ծառայում էին մեծագույն սիրով, որովհետեւ «ծրարային» վճարումներից զրկված չէին նաեւ այս հեռուստաալիքի «կարկառուն դեմքերը», իսկ նորերին ծառայում են ճարահատյալ, որովհետեւ հիմա (հուսանք) ստիպված են յոլա գնալ իրենց հասանելիք աշխատավարձով՝ աչքները ջուր կտրած սպասելով, որ մի օր հները հետ կգան, եւ իրենք նորից կապրեն «ազատ ու երջանիկ» Հայաստանում։

Եվ առհասարակ՝ հեղափոխությունն արվում էր նախկինների կամակատարներին նորերին ծառայեցնելու համա՞ր։

Տխուր չի՞։

Ես ախր հիշում եմ, շատ լավ եմ հիշում, թե տարիներ շարունակ սրանք ինչպես էին ծաղրում նախկինների ապօրինությունների ու ոճրագործությունների դեմ պայքարողներին, ինչպես էին խեղաթյուրում իրականությունը, ինչպես էին բազմահազարանոց հանրահավաքները «վարպետորեն» նկարահանում այնպես, որ տասնյակ հազարները մի քանի տասնյակով «ներկայանային» հեռուստադիտողին, ինչպես էր սրանց «սրատես» աչքն ընտրում տհաճ պահվածքով հատուկենտ ցուցարարների եւ խոշոր պլանով ցուցադրում նրանց՝ հասարակության անտեղյակ հատվածին համոզելու համար, որ Ազատության հրապարակում հավաքվածները կամ հարբեցող են, կամ՝ թմրամոլ, կամ էլ՝ կիսագրագետ «բոմժ»։

Հիշում եմ այսօրվա պես, թե ինչ լկտիությամբ էին ենթատեքստից կտրում ու աղճատված մատուցում  հռետորների խոսքը, եւ հեռուստադիտողը չէր հասկանում, թե ինչ է ասվել իրականում կամ ինչու է ասվել։ 

Հիշում եմ, թե ինչպես էին քրեական հանցագործ ներկայացնում բոլոր քաղբանտարկյալներին, այսօրվա վարչապետին էլ՝ կրկնահանցագործ։

Հիշում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների սեւ ցուցակ կար, որոնց առջեւ հավիտյանս հավիտենից փակված էր Հանրային հեռուստաընկերության դուռը։

Հիշում եմ, որ բոլոր քաղբանտարկյալների՝ այսօրվա վարչապետին գումարած, ազատության համար օրեր, ամիսներ ու տարիներ տուն ու երեխա մոռացած, ներկա ու ապագա իրար խառնածներիս ծեծում, հայհոյում ու ոստիկանական բաժանմունքներ էին քարշ տալիս գազազած բազազաօսիպովականները, եւ այս նույն Հանրայինը կամ լռում էր դրա մասին, կամ՝ արեւի, անձրեւի, կարկուտի ու ձյան տակ գիշեր ու ցերեկ կռիվ տվողներիս հեգնում էին՝ սրանք տուն չունե՞ն, բա սրանց տներում ո՞վ է ճաշ եփում, սրանք փողոցները չափչփում են, որ տանը գործ չանեն…

Բերված օրինակներն ամենամեղմերից են։

Եթե շարունակեմ հիշողությունների գիրկն ընկնել, ոչ օրը կբավականացնի, ոչ շաբաթը, ոչ ամիսն ու տարին։ Ոչ էլ՝ գերլարված ջղերս կդիմանան։

Դուք, պարոնա՛յք ու տիկնա՛յք նախկին ընդդիմադիրներ, այսօր միացել եք «անփոխարինելի» մարգարիտաներին ու նրանց հետ միասին ծաղրում եք մեզ։

Դուք մի ճղճիմ մտայնության հիմնաքարն եք դնում, եւ այդ ստորաքարշ մտայնությունը սա է՝ կարեւոր չի, թե ինչ նենգ ու ստոր ճանապարհ են անցել Հանրային հեռուստաընկերության նախկինների ծախու սազանդարները, կարեւորն այն է, որ հիմա էլ մեր օգտին զուռնա-դհոլը զլեն, եւ ո՛չ մի լրագրող ամաչելու բան չունի, որ ժամանակին՝ հանուն առատ վարձատրության ստել է, խեղաթյուրել է փաստերը, ոտնատակ է տվել ամեն սրբություն, եւ ծիծաղելի են նրանք, ովքեր այդ նույն ճանապարհով չեն գնացել։

Որովհետեւ անճարակ են։

Որովհետեւ ճկուն չէին։

Որովհետեւ ապրելու ձեւը չգիտեն։

Եվ այս ձեր անհեթեթագույն ու անդեմ «թավշյա» կեցվածքով դուք ընդամենը հուշում եք երիտասարդ լրագրողներին, որ ազնվությունը, անկաշառությունը, սկզբունքայնությունը զրո արժեք ունեն, եղունգ ունես՝ գլուխդ քորիր, միեւնույն է՝ նույնիսկ հեղափոխությամբ իշխանության եկածներն են գնահատելու ձեր քամելեոնությունը, վախի՛լ միք։

Հո մտքներովդ չանցա՞վ, պարոնայք եւ տիկնայք հեղափոխական իշխանավորներ, որ զղջում կա տողերիս մեջ իմ անցած ճանապարհի համար, եւ հիմա ես ու ինձնմաններն ափսոսում ենք, որ հանցագործ իշխանությունների տարիներին «ապրելու ձեւը» չգիտեինք։

Հրաշալի գիտեինք եւ կես վայրկյան անգամ չենք զղջում այսպես ապրելու համար։

Ձե՛զ ենք ափսոսում։ Ցավոք, դու՛ք եք մի օր շատ զղջալու ու ափսոսալու։

Իսկ թե ինչու, դրա պատասխանը մարգարիտաներն ավելի լավ գիտեն։

Բայց չեն ասի։

Դուք իրենց համար անցումային փուլ եք։

Եթե այսպես շարունակեք, դուք գնալու եք «թոշակի», իսկ իրենք կան ու լինելու են։

Քանի դեռ էս խելքին եք։

  

  

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Բարսելոնա»-ն վերադարձրեց իր նախկին ֆուտբոլիստին’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն խուզարկել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը’