Լիզա Ճաղարյան. «Ես էլ դու եմ` ես չըկամ»

1321

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը նախօրեին ակնհայտ խնամքով լուսաբանած Հ1–ին չէի անդրադառնա, կբավարարվեի ընդամենը ֆեյսբուքյան միքանիտողանոց իմ գրառմամբ, եթե չկարդայի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, ըստ որի` այս նույն Հ1–ի տարածքում, փաստորեն, «անցանկալի անձ» է հայտարարված Արման Թաթոյանը։ Հենց այդպես։ Քար լռության են մատնել Հայաստանի ՄԻՊ–ի գործունեությունը, եւ վե՛րջ։

Այսինքն, իմ եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների հարկերի հաշվին ապրող այս հեռուստաընկերությունը, որն, ի տարբերություն մնացած լրատվամիջոցների, ուղղակիորեն պարտավոր է այդ հարկ վճարող հանրությանը ներկայացնել մեր երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները, իսկ ՄԻՊ–ի գործունեությունը, հո դեմ չե՞ք, որ կարեւորներից է, որովհետեւ Հայաստանն ունի ընդամենը մեկ Մարդու իրավունքների պաշտպան, եւ ուրիշը չունենք, որ նրա փոխարեն մեզ ներկայացնի, թե Հայաստանում ինչպես են պաշտպանվում մե՛ր, այսինքն` ՀՀ քաղաքացիներիս իրավունքները։ Լավ, թե վատ` սա չէ խնդիրը տվյալ դեպքում։

Ինչեւէ, «անցանկալի անձ» ՄԻՊ–ը, վստահ եմ, կարող է ինքն իր իրավունքները պաշտպանել, ես ընդամենը նրա Հ1–յան անցանկալիության ֆոնին կրկին հիշեցնեմ, թե ինչքա՜ն ցանկալի անձ էր Քոչարյան Ռոբերտը Փաշինյան Նիկոլի լրատվական ծառայությունում, իսկ որ այստեղ առանց վերջինիս հրահանգի` ոչ ոք չէր համարձակվի Քոչարյանին նման գուրգուրանքով վերաբերվել, կարծում եմ` այնքան ակնհայտ է, որքան որ ակնհայտ է, որ Հ1–ի դուռը ՄԻՊ–ի առջեւ փակվել է այս նույն անձնավորության խստաշունչ հրամանով։ Մեծ ճիգերի գնով «ըմբոշխնելով» այդ ռեպորտաժը, ես նույնիսկ այնպիսի տպավորություն ստացա, որ Քոչարյանի ասուլիսյան ասելիքը գրվել էր ՀՀ կառավարության շենքում ու հենց Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում, ջերմ եւ բարեկամական մթնոլորտում։

«Ես ուզում եմ արձանագրել», ինչպես կասեր այս նույն Նիկոլ Փաշինյանը, որ մեծ հիասթափություն է սպասվում այն մարդկանց, որոնք Քոչարյանի վերադարձից սարսափահար` գնացին ու սոսկալի պատերազմից հետո ընտրեցին կրկին մի մարդու, որը Հայաստանը դրել է վառոդի արնածոր տակառի վրա, եւ սթափությունը չկորցրած յուրաքանչյուր հայաստանցի ամեն օր քնում ու արթնանում է «այսօր էլ ապրեցինք» շնչահեղձ անող հառաչանքով, որովհետեւ Հայաստանի ապագայի հանդեպ նրանց ծրագրերը չեն տարբերվում իրարից, չեն տարբերվում նաեւ ժողովրդավարության մասին նրանց պատկերացումները։

Թամաշաներ դեռ շատ կտեսնենք, որոնց հիմա «դատավարություն» են ասում։ Վաղը, հնարավոր է, Քոչարյանին առանձնակի դաժանությամբ «դատեն», օրինակ, ժէկի կեղծ տեղեկանքի համար։ Չի բացառվում նաեւ, որ ձեռի հետ էլ «դատեն» արտերկրյա որեւէ հյուրանոցից սխալմամբ լոգարանի խալաթն իրենց տուն տանելու կամ Համզաչիմանի խանութից ջեմով կոնֆետ վերցնելու («ուզում էի տեսնել, թե էդ ոնց են ջեմը լցրել կանֆետի մեջ` վաղ մանկուց էդ հրաշքը տանջել է ինձ») ու փողը չվճարելու համար, բայց այլեւս անբեկանելի փաստեր են. Փաշինյանի շնորհիվ Քոչարյանը Մարտի 1–ի սպանությունների հետ ոչ մի կապ չունի` Սահմանադրական դատարանի վճիռը վկա, Փաշինյանն էլ այդ օրը խաղաղության աղավնու դեր էր ստանձնել` Եվրադատարանի վճիռը վկա, եւ այս երկու «լուսեղեն» անմեղները հիմա ուս–ուսի մտածում են միմիայն Հայաստանը փրկելու մասին։ Լուկաշենկոյի` «եղբայրական անմիջականությամբ» մատնացույց արած «միութենական» ճանապարհը վկա։

Նախորդ հոդվածըԷրդողանին քննադատող բասկետբոլիստն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Հաջորդ հոդվածըՀայրենասիրության փորձություն. Ալիք Մեդիա