‘Լիզա Ճաղարյան. Ես ծիծաղում եմ, դու ծիծաղում ես, նա ծիծաղում է…’

2774

Չիլիի հետ «առանցքային հանդիպումներս» երեք անգամ են եղել: Առաջինը սովետի տարիներին Վիտաուտաս Ժալակյավիչուսի «Կենտավրոսներ» ֆիլմն էր` պինոչետյան ռազմական հեղաշրջման, Սալվադոր Ալիենդեի մահվան, երկրի նախագահի կողմնակիցների նկատմամբ դաժան հաշվեհարդարի մասին: Հիշում եմ, որ «ազատություն» բառն այդ ֆիլմից հետո նոր նրբերանգ ձեռք բերեց իմ կյանքում: Երկրորդ «հանդիպումս» գետնի տակ պատանդված հանքափորների փրկության ողջ ընթացքն էր, որին հետեւեցի սկզբից մինչեւ վերջ, եւ յուրաքանչյուր հանքափորի ազատությանը զուգահեռ` պաշտեցի ազատությունն էլ, փրկվողներին էլ, փրկողներին էլ: Երրորդ «հանդիպումս» երեք օր առաջ էր: Կրկին ֆիլմ էր, վերնագիրը` «Ոչ», ռեժիսորը Պաբլո Լարաինն էր, գլխավոր հերոս Ռենե Սաավեդրայի դերակատարն էլ երիտասարդ Չե Գեվարայի կերպարը մարմնավորող Գաէլ Գարսիա Բերնալն էր:

Ինչու՞ որոշեցի պատմել այս ֆիլմի մասին: Որովհետեւ սա դիտելուց առաջ այնպիսի հոգեվիճակում էի, որ ինձ թվում էր` սեւ խոռոչի մեջ եմ հայտնվել, եւ այնտեղից դուրս պրծնելը հրաշքի նման բան է լինելու: Նստել էի սեւ խոռոչում Հայաստանիս հետ գիրկընդխառն ու հետը զրուցում էի, ավելի ճիշտ` մենախոսում էի: Ասում էի` Հայաստան ջան, մեր շուրջն ամեն վատ բան կրկնվում է ու կրկնվում,  կրկնվում է արդեն տասնհինգ տարուց ավելի, իսկ քանի որ վատը, չարը բութ ու շատակեր կենսունակ է, շարունակում է տարածել իր շոշափուկները, իսկ սրանց դեմ պայքարողներս էլ կրկնում ենք, որ ամեն բան վատ է, շատ վատ է, եւ հենց այս կրկնությունը, կարծես, կործանում է մեզ ու քամում, ի՞նչ կասես, Հայաստան ջան:

Մոտավորապես այսպիսի բաներ էի ասում սեւ խոռոչի մեջ Հայաստանիս հետ կուչ եկած, Հայաստանս էլ լռում էր, ու ես այդ լռությունից նեղսրտած` ավելի ու ավելի հիմնավոր էի «տնավորվում» սեւ խոռոչի մեջ: Մեկ էլ որտեղից որտեղ` այդ «Ոչ» ֆիլմը ճամփաս կտրեց:

Սա պատմություն է 1988 թվականի Չիլիի մասին, երբ Աուգուստո Պինոչետը հանրաքվե հայտարարեց` իր իշխանությունը երկարաձգելու մտադրությամբ: Երկու պատասխան կար քվեաթերթիկի մեջ` այո եւ ոչ: «Այո»-ն, բնականաբար, Պինոչետին կրկին նախագահ տեսնելու ցանկությունն էր, «Ոչ»-ը` այս ռազմական դիկտատորից ազատվելու ցանկությունը: Միջազգային հանրության ճնշման պատճառով հանրաքվե հայտարարած Պինոչետն ստիպված էր նաեւ թույլ տալ ընդդիմադիրներին` իրենց տեսահոլովակը ցուցադրել հեռուստատեսությամբ: Ֆիլմը հենց այս տեսահոլովակի ստեղծման պատմությունն է: Ի՞նչ են անում «Ոչ»-ի կողմնակիցները: Տեսահոլովակի ստեղծման գործը վստահում են գովազդային հոլովակների վարպետ Ռենեին (հավաքական կերպար է), որն էլ առաջին հայացքից տարօրինակ առաջարկ է անում` չկենտրոնանալ Պինոչետի չարագործությունների վրա, այլ իր նախասիրած գովազդային հոլովակի տրամաբանությամբ` «լուսավոր ապագա» տարփողել… Առանց Պինոչետի:

Պատկերացրեք` պինոչետյան դաժան ռեժիմ, հազարավոր սպանվածներ, քաղբանտարկյալներ, անհետ կորածներ, եւ այս մռայլ ֆոնին` ուրախ-զվարթ, երգուպարով տեսահոլովակ այն մասին, թե ինչ հրաշալի, ուրախ կյանք է սպասվում մարդկանց, եթե չլինի Պինոչետը: Այսքանը:

Կասեք` է՛, հետո՞: Հետո` ահա թե ինչ: Հայաստանում տասնհինգ տարուց ավելի մղձավանջն է իշխում, տասնհինգ տարուց ավելի մենք կրկնում ենք, որ ռոբասերժն ու ու իր հանցախումբն անպատիժ  կործանում են երկիրը, թալանում են, սպանում են… Տասնհինգ տարուց ավելի` մենք ամեն օր զարմանում ու ցնցվում ենք` տեսնելով սրանց լկտի պահվածքը, հերթական հանցագործությունը, լսելով սրանց արտաբերած հիմարությունն ու բարբաջանքը: Զարմանում ենք ու կրկնում, որ արեցին հերթական հանցագործությունը, զայրանում ենք ու արձանագրում, որ բարձրաձայնվեց հերթական բարբաջանքը: Ու՞մ համար է նորություն: Միակ նորությունն այն է, որ մեր զայրույթին, ատելությանը զուգընթաց` ստվարանում է ծախուների բանակը: Դրանց հերն էլ անիծած, բայց չէ՞ որ ավելանում են նաեւ ինձ նման «սեւ խոռոչի բնակիչները»: Սրանց գերխնդիրն էլ հենց սա է: Չե՞ք նկատել, որ եթե երբեմն-երբեմն ծիծաղում ենք, մեր դեմքերի մկանները պրկվում են ու ցավում: Անսովորությունից:

Ռոբասերժական հանցախումբը մեզանից շատ բան է խլել, բայց ամենակարեւորը` խլել է ուրախության, ծիծաղի, անհոգության ցանկությունը: Կասեք` իսկ կա՞ դրա առիթը: Կա’: Հենց հիմա ես ուրախությունից ժպտում եմ` պատկերացնելով, թե ինչ հրաշալի Հայաստան ենք ունենալու ռոբասերժական հանցախմբից ազատվելուց հետո:

Եթե նույնիսկ հիմա ծիծաղեցիք եւ մտածեցիք` ինչ միամիտ մարդ է էս Լիզան, միեւնույնն է` ծիծաղեցիք, չէ՞: Դե, իմ ուզածն էլ հենց դա է:

Ի դեպ, 1988-ի հանրաքվեի արդյունքներով` Չիլիում «Ոչ»-ը հաղթեց:

Լիզա Ճաղարյան

 

     

 

 

Նախորդ հոդվածը‘3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է’
Հաջորդ հոդվածը‘Զանգվածային ծեծկռտուք «Բորուսիայի» եւ «Բավարիայի» հարյուրավոր երկրպագուների միջեւ Լոնդոնում. Տեսանյութ’