‘Լիզա Ճաղարյան. Եվ կրկին շանտաժ՝ պատերազմի ուրվականով’

21049

Ասում է. «Այսօր Արցախում կա վտանգի զգացում եւ դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք, իսկ այդ պայմաններում նման որոշումներով ավելի հեշտ է կազմակերպել, այսինքն՝ հասարակության էլիտան նման որոշման գնաց ներքին խնդիրներով պայմանավորված»։

«Արտանկարեցի» առանց խմբագրման։ Հիմա փորձեմ «թարգմանել»։

Ասում է՝ քանի որ Արցախում պատերազմի վտանգ կա, ա՛յ դրա համար էլ Բակո Սահակյանը երրորդ անգամ նախագահ է ընտրվել։

Ասողն Ալեքսանդր Իսկանդարյանն է։ Այս քաղաքագետը եթե ասուլիս է հրավիրում, ուրեմն հասարակությանը հերթական անգամ զայրացրած իշխանության անմաքուր երեսը լվանալու կարիք կա։ Ինքն այդ գործում մասնագիտացած է, վատ չի կատարում իրեն վստահված «պատվավոր» դերը։

Ու այս ասուլիսում էլ է փորձում լվանալ։ Արցախի իշխանության երեսը։

Այս ասուլիսը «գանձարան» է. էս շոգին-կրակին ձեռքդ դնես ականջիդ տակ ու հատ-հատ հարցեր տաս։

Անշուշտ՝ հռետորական։

Որովհետեւ արհեստավարժ քաղաքագետն ինչու՞ պետք է իրեն նեղություն տա եւ պատասխանի քաղաքագիտությունից յոթ սարուձոր հեռու սիրողական մակարդակի շարքային քաղաքացուս հարցերին։

Ասում է՝ Արցախի ընտրությունների հարցում որեւէ անակնկալ չկար. չկար մրցակցություն, եւ արդյունքն էլ կանխատեսելի էր։ Ուշադրություն չէի դարձնի այս նախադասությանը, եթե չասեր նաեւ, որ «համաձայն չէ այն դիտարկման հետ, թե նման ընտրությունները միջազգային հանրությունը կդիտարկեն որպես Արցախի դեմոկրատական ուղուց շեղում»։ Սա էլ չեմ խմբագրել։ Ի՞նչ գործ ունեմ, ես հո «հեղինակային իրավունք» ոտնահարող չեմ։ Ինձ այստեղ հետաքրքրողը «դեմոկրատական ուղի»-ն է։ Ըստ քաղաքագետ Իսկանդարյանի՝ փաստորեն Արցախում դեմոկրատիան թեւածում էր մինչեւ Բակո Սահակյանի երրորդ անգամ ընտրվելը։ Ես, իհարկե, հակառակ տեսակետին եմ ու վստահ եմ, որ բոլոր այն ապօրինությունները, ժողովրդավարության կոպտագույն ոտնահարումները, որի «երջանիկ» ականատեսն ու մասնակիցն ենք Հայաստանում, նույնությամբ պատճենվում են նաեւ Արցախում։ Բայց եթե պարոն Իսկանդարյանն այլ կարծիքի է, ապա նաեւ պետք է պարզաբանի, չէ՞, քաղաքագիտությունից բան չհասկացողներիս, թե ոնց է պատահել, որ ժողովրդավարական ուղիով ընթացող Արցախում «չկար մրցակցություն», ու հենց դրա համար էլ անակնկալ չէ Բակո Սահակյանի ընտրությունը։ Նույնիսկ ես՝ քաղաքագիտությունից բոբիկս, հասկանում եմ, որ որտեղ մրցակցություն չկա, այնտեղ Իսկանդարյանի ասած դեմոկրատիան անելիք չունի։

Այսքանով չի բավարարվում պարոն Իսկանդարյանը։ Ասում է՝ եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավարական ուղին կարող է միջազգային հանրությունը որպես հարցի լուծում դիտարկել, ապա այսօր այդ հույսը չկա։

Փաստորեն «ապացուցեց», որ Արցախում ժողովրդավարությունը ծաղկում էր, բայց քանի որ միջազգային հանրությունը չգնահատեց Արցախի իշխանությունների տիտանական աշխատանքը, դե բա՝ սրանք էլ մտածեցին՝ տո՛ ձեր հերն էլ անիծած, ուտող ուրացողներ, եթե չեք գնահատում, մենք էլ բռնապետություն կհաստատենք։

Այ, որ միջազգային հանրությունը գնահատեր, մեկ էլ պարզվելու էր, որ Արցախում մրցակցություն կա, ու ոչ միայն մրցակցություն կա, այլեւ ժողովրդավարությունն այնպիսի բարձունքներ է գրավել, որ Արցախի պատգամավորները մի մարդու պես կանգնելու են ու ասեն՝ պարոն Բակո Սահակյան, դուք իրավունք չունեք երրորդ անգամ առաջադրվելու, ու եթե նույնիսկ մրցակցություն կա, դուք այդտեղ անելիք չունեք, մի քիչ աջ քաշվեք, մրցակիցներն առաջ գան։ 

Քաղաքագետը միջազգային հանրությանը շատ բան ունի ասելու, այսքանով չի բավարարվում։ Ասում է. «Այսօր արդեն բոլորն են հասկանում, որ միջազգային հանրությունը հայերի, Ղարաբաղի փոխարեն հարցը չի լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար քեզ որեւէ մեկը կոնֆետ չի տա»։

Լավ է ասում, չէ՞։ Այսինքն թե՝ Արցախի իշխանությունը լավն էր, բայց քանի որ միջազգային հանրությունն այդքան լավը լինելու համար սրանց ճակատը պաչելու միտք չունի, ուրեմն սրանից հետո վատը կդառնա, դե գնա ու տրաքիր-պայթիր, միջազգային հանրություն։

Ու՛խ։

Արհեստավարժ քաղաքագետը շատ էլ լավ հասկանում է, որ այս դեպքում եւ միշտ՝ վատ իշխանությունից «տրաքող-պայթողը» միջազգային հանրությունը չի լինում սովորաբար, այլ այդ վատ իշխանության ձեռքը տապակվող ու տառապող հասարակությունը։ Բայց եթե խնդիր ես դրել կեղտոտ դեմքեր լվանալ, հո ամեն ինչ չե՞ս ասի։

Դեմոկրատիայի հարցը լավից-վատից պարզեցինք, վերադառնանք ամենասկզբում ասվածին. «Այսօր Արցախում կա վտանգի զգացում եւ դրա համար լայն կոնսոլիդացիա է պետք»։

Մի անգամ էլ «թարգմանեմ» ասվածը։

Քանի դեռ պատերազմի վտանգը կախված է գլխներիս, ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ արդարություն, ի՞նչ մրցակցություն, ի՞նչ օրենքի գերակայություն, ի՞նչ մարդու իրավունքներ, «լայն կոնսոլիդացիա»-ն է միակ ճանապարհը Արցախի փրկության։ Իսկ այդ «լայն կոնսոլիդացիա»-ն էլ նշանակում է՝ «վտանգի զգացումը» պինդ-պինդ գրկեք ու սսկվեք, Արցախի եւ Հայաստանի քաղաքացիներ, ու քանի դեռ այդ վտանգը կա, ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում լավ բան չսպասեք ցմահ իշխելու հայտ ներկայացրած Բակո Սահակյանին ու Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարին։

Եվ քանի սրանք կան, վտանգն էլ է լինելու, վտանգի զգացումն էլ։

Եթե ցմահ իշխելու այլ ուղի գիտեք, ասեք։

Իսկանդարյանը փորձառու քաղաքագետ է, բայց նույնիսկ նա՛ չգիտի այլ ուղի։

 

 

Նախորդ հոդվածը‘«Պուտինի ժամացույցը» աճուրդում վաճառվել է մեկ միլիոն եվրոյով’
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգթոնը’