Լիզա Ճաղարյան. «Երկուսն էլ մի բոյի»

2943

Պարզվեց` ծով համբերության տեր եմ. օրվա հանրահավաքի բոլոր ելույթները լսեցի։

Նույնիսկ երբեմն–երբեմն նայել եմ հարթակին վեր հառնած հռետորների հերոսականությունից ծամածռված դեմքերին։

Ու ողջ ընթացքում միայն մեկ հարց էր գլխումս պտտվում` ինչո՞ւ են այս մարդիկ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թըմի» դեմ սուր ճոճում. ախր իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, ոչ մի բանով։

Մեր նորագույն պատմությունը կեղծում ու խեղաթյուրում են նույնչափ լկտիությամբ։

Անիրականանալի խոստումներ են տալիս հասարակությանը նույնչափ անամոթությամբ։

Ճղավում–բղավում են նույնքան հիստերիկ ջղակծկումներով, եւ ձայնալարերի խզման վտանգը կախված է նաեւ այս «փրկիչների» գլխավերեւը։

Քսան տարի շարունակ Արցախի խնդիրը դեպի փակուղի գլորող նախկինները, որ հիմա Ազատության հրապարակի հարթակին կանգնած Արցախ են փրկում, այսօրվա անելանելի վիճակի համար մեղադրում են մեր նորագույն պատմության այն միակ իշխանությանը, որը մատնացույց էր անում ներկա ողբերգությունից խուսանավելու միակ ճանապարհը։ Նույնն անում է օրվա իշխանությունը։

Եվ ամենակարեւորը` երկուսն էլ` ե՛ւ իրենց ընդդիմություն հռչակածները, ե՛ւ իշխանության ղեկին բազմածները հավասարապես խաբեբա են եւ կարծես մեջլիս դուրս եկած լինեն նույն նշանաբանով, թե ով ավելի մեծ ու լկտի խաբեությամբ «կսնի» հասարակությանը։

Իսկ թե ինչու ստացվեց այնպես, որ հասարակության մի ստվար զանգված սկսեց հեշտությամբ եւ նույնիսկ հաճույքով խաբվել, ինչու պարզ տրամաբանությունը նահանջեց եւ տեղը զիջեց մառազմատիկ զառանցանքներին, դատարկ պոռոտախոսությանը… Ես չգիտեմ։

Բայց գիտեմ, թե ինչու իրարից չտարբերվող այս ընդդիմությունն ու այս իշխանությունը լեզու չեն գտնում իրար հետ. իրենք շատ են, պաշտոնները` քիչ, եւ ամենակարեւորը` վարչապետի աթոռն է ընդամենը մեկ հատ։

Ուրիշ բաժանելու բան չունեն։

Նախորդ հոդվածըԲըլթ-18. ՉԻ
Հաջորդ հոդվածըԱշոտ Սարգսյան. Հուսադրող մի ակնթարթային մտորում…