‘Լիզա Ճաղարյան. Երկու ահը մի մահ է, պարոն Սերժիկ Սարգսյան’

6421

Սուրիկ Խաչատրյանն այսօր զրկվեց իր պաշտոնից:

Երեկ Լիսկան դեռ թպրտում էր: Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հապշտապ հայտարարությունը, ըստ որի՝ «հերոս» մարզպետը ողբերգության վայրում չի եղել, Սյունիքի մարզպետարանի անհեթեթագույն հայտարարությունն առ այն, որ ոչ միայն մարզպետն է «հերոս», նրա թանկագին կողակիցն էլ պակասը չէ, հակառակ դեպքում Բուդաղյան եղբայրները ողջ Գորիսն արյան ծով կդարձնեին՝ հասարակության շրջանում երեկ ամրապնդեցին կասկածները, որ Լիսկայի «արյունոտ դարաշրջանը» շարունակվելու է:

Սա, իհարկե, ոչ հուսահատության, ոչ էլ զարմանքի պատճառ չպետք է դառնար: Լիսկան ոչ առաջին, ոչ էլ վերջին իշխանավորն է, որն իր բազմաթիվ հանցագործությունների համար չի պատժվել, հակառակը՝ Սերժիկ Սարգսյանի ձեռամբ պարգեւատրվել է շքանշանով: Ավելին, նախագահի աթոռը զավթած այս պարոնի «բարձր հովանու ներքո» վխտում են բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ, եւ սրանց հագուստները եթե լավ թափ տաս, յուրաքանչյուրի գրպանից մի քանի բուռ մեդալ ու շքանշան կթափվի, մի քանի ճամպրուկ էլ՝ զենք-զինամթերք:

Չի՞ հասկանում Սերժիկ Սարգսյանը, որ հանցագործներին փայփայելով՝ իր նկատմամբ հասարակության ատելությունն է ավելացնում ու ավելացնում: Վստահ եմ, որ հասկանում է: Չի՞ վախենում, որ Հայաստանի քաղաքացու ցասումը մի օր կարող է դուրս գալ ափերից: Կասկած չկա, որ վախենում է: Ուրեմն, ինչու՞ է համառորեն հովանավորում նեմեցներին ու լիսկաներին: Մազոխի՞ստ է, հաճու՞յք է ստանում ժողովրդի ատելությունից:

Դժվար թե:

Պատճառը կրկին վախն է: Միամտություն է կարծել, որ հասարակությանը հաճոյանալու համար Սերժիկ Սարգսյանը չի կարող գտնել Սուրիկ Խաչատրյանի նման մեկին, որը ոչ պակաս ստրկամտորեն ծառայի իրեն կամ ոչ պակաս լկտիությամբ սարսափի ճիրաններում պահի գորիսցիներին: Պարզապես, ժողովրդի ատելությունից ավելի՝ նա վախենում է իր աճեցրած ու հղփացրած հանցագործներից: Եթե հասարակ մահկանացուներս նեմեցների ու լիսկաների սանձազերծած «քաջագործություններից» հինգ-վեցի մասին գիտենք, Սերժիկ Սարգսյանը հիսուն-վաթսունին է քաջատեղյակ: Ինքը մեզանից լավ գիտե, թե ինչերի են ընդունակ այդ մարդիկ:

Հակառակ դեպքում Լիսկա — Սուրիկ Խաչատրյանը հենց ողբերգության օրը կզրկվեր մարզպետի պաշտոնից, ավելին՝ անմիջապես կձերբակալվեր իր գործած բազմաթիվ հանցագործությունների համար, ոչ թե «Մարիոթ» հյուրանոցում բազմած՝ կհոխորտար լրագրողների վրա: Հակառակ դեպքում զինդատախազը չէր շտապի թեւերը փռել Լիսկայի վրա, Սյունիքի մարզպետարանի հուզաթաթախ «նաղլը» հրապարակ չէր նետվի, ինչը նշանակում է՝ Սուրիկ Խաչատրյանը «պատժվելու է» այնքան, որքան «պատժվեց», օրինակ, Նեմեց Ռուբոն:

Հակառակ դեպքում Սերժիկ Սարգսյանն այսքան չէր հապաղի:

Պարոն «ազգընտիրը» խճճվել է իր իսկ հյուսած սարդոստայնի ճիրաններում ու թպրտում է Լիսկայից ոչ պակաս:

Դե´ռ թպրտում է:

Նախորդ հոդվածը‘Զինդատախազ. Սյունիքի մարզպետարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին «Ռեալը» պաշտոնապես կգլխավորի 48 ժամվա ընթացքում’