Լիզա Ճաղարյան. Էլի էն չարչրկված «արշինի» մասին

3651

Մի քանի նախադասությամբ թարմացնեմ բոլորիս հիշողությունը։ 2018 թվականի «հեղափոխություն» կոչվածը շատերին էր ոգեւորել, նաև` ինձ, չնայած, բարեբախտաբար, թե դժբախտաբար, լավ էի ճանաչում այդ հեղափոխության դրոշակակրին, եւ շատ շոշափելի վախ կար սրտումս, որ ընդամենը մեկ փոքրիկ թերթի խմբագրի ակնհայտ թերությունները նման գերպատասխանատու պաշտոնում կարող են աղաղակող արատների վերածվել։ Վախը կար, բայց քսան տարի Հայաստանում իշխողների հանդեպ ատելությունս, նույնիսկ` թշնամանքս, այնպիսի չափերի էին հասնում, որ մտածում էի` ով ուզում է գա, միայն թե սրանցից ազատվենք։

Չարաչար սխալվել եմ նման մտայնությամբ առաջնորդվելով եւ այլեւս երբեք նման ճակատագրական սխալ չեմ գործի գոնե այս հարցում։ Վատին վատով, այս դեպքում` ավելի՛ վատով փոխարինելով` ընդամենը, ժողովրդական լեզվով ասած` վառված սիրտդ ես հովացնում, իսկ կարճ ժամանակ անց` գլխիդ ես տալիս, ինչն էլ հիմա անում եմ ես եւ ինձ նման շատերը։

Չպատմեմ, լա՞վ, թե ինչ աղետների ու կորուստների միջով անցանք այդ «թավշյա» կոչեցյալից հետո, եւ որ ամենամղկտացնողն է` այդ աղետներն անվերականգնելի են, իսկ կորուստներն` անդառնալի։ Գիտակցողը սա գիտակցում է առանց իմ օգնության, իսկ ով չի գիտակցում, ինչքան էլ ասես, ինչքան էլ դառն իրականությունը քթի տակ թափ տաս` չի հասկանալու. կամ` մուրազին է հասել, եւ հեղափոխությանը միանալու իր շարժիչ ուժը դա էր (քաջածանոթ սորտ է), կամ` դեռ նախկինների հանդեպ ատելության զգացումը գերիշխում է` իրավիճակը սթափ տեսնելու ու գնահատելու համար, կամ էլ` դեռ աչքերին չի հավատում, որ ժողովրդավարական արժեքների մասին տարիներ շարունակ կոկորդ ճղող «Նիկոլջանն» ընդամենն զբաղված է բռնակալ(իկ)ի իր «ամրոցը» պարսպապատելով։

Եվ կարծես շատ օրինաչափ է թվում, որ հեղափոխությունից հետո ինչ-որ դրական սպասելիքներ ունեցողները, բայց կոտրած, ավելի ճիշտ` փշուր-փշուր եղած տաշտակի դիմաց հայտնված լինելու դառնագույն իրողությունը գիտակցողները պե՛տք է քննադատեին օրվա իշխանությանը, ինչպես որ քննադատում էին նախկիններին։

Բայց ի՞նչ է պարզվում։ Եվ «պարզողներն» էլ, բնականաբար, այդ նույն «նիկոլջանականներն» են. պարզվում է` քննադատում ենք, որովհետեւ նախանձում ենք։ Չհարցնեմ` ինչի՞ն ենք նախանձում, չասեմ` մեր նորագույն պատմության ընթացքում ունեցե՞լ ենք մեկ այլ ղեկավար, որն այսչափ ստորացուցիչ, այսչափ խղճալի իրավիճակներում հայտնված լինի ե՛ւ մեր իսկ պետության ներսում, ե՛ւ մեր պետության սահմաններից դուրս, որ այսչափ սարսափի իր իսկ ղեկավարած պետության քաղաքացուց, ա՛յս աստիճանի անխնա ոտնատակ տա այն բոլոր արժեքները, որոնց իրականացման խոստումներով հասավ իշխանության։

Չէ, ավելի լավ է չթվարկեմ այն բոլոր պատճառները, որոնք ոչ մի պարագայում հնարավորություն չեն տալիս երանի ասելու այս շատ մեծարգո պարոնի կարգավիճակին` շատ պարզ հիմնավորմամբ. այդ պատճառները ձգտում են անսահմանության։

Ընդամենը երկու հանգամանքի վրա եմ ուզում ընթերցողն ուշադրություն դարձնի. նախկին իշխանություններին քննադատողներին այդ նույն իշխանություններն ու իրենց պալատական կամակատարները հազարումի մեղքերի մեջ «թաղել են», բայց երբեք դրանց շարքում առաջնային չի համարվել «նախանձը», իսկ սրանց օրոք, արի ու տես` ոչ միայն առաջնային է, այլեւ հաճախ նույնիսկ` միակ պատճառն է։

Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանն այնքան պարզունակ է։ Որովհետեւ սրանք իշխանության հասնելու առաջին օրվանից մինչ օրս զարմացած են, ամեն առավոտ արթնանալիս կամ գիշերը քնելիս` Նիկոլ Փաշինյանից սկսած, Ալեն Սիմոնյանով ու մնացածներով պրծած, իրենք իրենց ապշահարված հարց են տալիս` էս ե՞ս եմ, ախր էս ո՞նց պատահեց, էս ես եմ հագնը՞մ, էս ես եմ ուտը՞մ, էս ինչ կա–չկա` ի՞մն է, էս ո՞նց հասա ըստիարենք, վա՛խ արա…

Հասանք երկրորդին։

Ուրեմն նախանձում ենք, դրա համա՛ր ենք քննադատում։ Լա՛վ, չեմ վիճում, չեմ կրկնում` ախր ինչի՞դ նախանձենք… Ընդամենն առաջարկում եմ կրկին թարմացնել ձեր փառակալած հիշողությունը ու մտաբերել, թե ինչ ճանապարհ է անցել Նիկոլ Փաշինյանն ինքը (իր տիկինը` նույնպես)։ Առնվազն տասնութ-քսան տարեկանից այդ արեւաճաճանչափայլ պատանյակը եթե մի բան արել է էս աշխարհում` քննադատելն է եղել (գրավոր աղբյուրները պահպանվում են, բանավոր բղավոցներն էլ տեսաձայնագրված են), քննադատել է բոլո՛ր իշխանություններին անխտի՛ր, քննադատել է թույլատրելի ու անթույլատրելի բառապաշարով, հաճախ` հիստերիկ ջղակծկումներով, եւ եթե նախանձների ցուցակը կազմեք, ուրեմն` ձեր այս «երկաթյա» տրամաբանությամբ` եթե ոչ ալամ աշխարհի, ապա Հայաստանի նախանձից պայթողների աներկբա առաջամարտիկը ձեր թանկագին Փաշինյան Նիկոլն է։

Բայց` իրոք որ։

Նկատե՞լ եք. հիմա ահագին խաղաղվել է` «պատերին չի ծեփռտում, ասֆալտին չի փռում», 2008-ի Մարտի 1-ին դավաճանողներ չի «բացահայտում» սրտակեղեք ճղավոցներով, Մարտի 1-ի «ճարտարապետի», ըստ պնդումների` միլիարդատեր ընտանիքին է շարունակում «մեծահոգաբար» հարստացնել, նախկինների օրոք ընդդիմադիրներին դատող դատավորների կանաչ ճանապարհն է ապահովում…

Համ էլ` «սիրում է բոլորին, հպարտանում է բոլորով»։

Իհարկե` «նախանձից տրաքողներին» հանած։

Նախորդ հոդվածըԱնգլիական 4 ակումբներ հետաքրքրվում են Ժիրուի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՈւսմանովի փաստաբանները մտադիր են բողոքարկել ԵՄ պատժամիջոցները