‘Լիզա Ճաղարյան. «Էս երկրից» գնացողների խզված ձայնալարերը «բուժվել են»’

5843

«Եթե Նազենի Ղարիբյանը մնա մշակույթի ոլորտի ղեկավար, ես կգնամ այս երկրից», -«ուշագրավ» այս վերնագիրը պատահաբար աչքովս ընկավ Ֆեյսբուքում։

Էական չի, թե ով է այս «սպառնալիքի» հեղինակը։ Բնականաբար՝ «մշակութասեր» է։ Էական չի նաեւ «սպառնալիքի» պատճառը։ Էականն այն է, որ տարբեր ծանրակշիռ կամ անհեթեթ հիմնավորումներով նման «սպառնալիքներ» վերջերս հաճախ ենք լսում կամ կարդում։

«Այս երկիրն», ի դեպ, Հայաստանն է։ Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք՝ Հայաստանից հեռացողներից ոչ մեկը չի գրում կամ ասում՝ իմ երկիրը, մեր երկիրը։ Բոլորը գրում են՝ այս երկիրը, է՛ս երկիրը (իրենք Լուսնից են իջել, «էս երկրի» բնակիչ չեն)։

Սա էլ՝ գլուխը քարը։

Ուրեմն, այս մարդիկ ապրել են Հայաստանում ռոբասերժական բեսպրեդելի, աղաղակող ապօրինությունների, ալան-թալանի, հարյուրավոր քաղբանտարկյալների առկայության, մի քանի տասնյակ քաղաքական «բացահայտված» սպանությունների պայմաններում, Հոկտեմբերի 27-ի նախճիրից, Պողոս Պողոսյանի նկատմամբ գազանաբարո եւ հրապարակային հաշվեհարդարից ու Մարտի 1-ի անմեղ զոհերի գնդակահարությունից հետո եւ… հիմա, երբ՝ թեկուզ սխալներով կամ սայթաքումներով, բայց նոր իշխանությունը փորձում է անդունդից հանել «էս երկիրը», հայտնվել են ինչ-որ մարդիկ, որոնց մեծագույն մասի ծպտունն անգամ չի լսվել նախորդ տարիներին, իսկ եթե նույնիսկ լսվել է, ապա միմիայն քծնանքով շաղախված «կենաց»՝ նախկին հանցագործ իշխանություններին ուղղված, ահա՛ սրանք հիմա չեն կարողանում ապրել Հայաստանում։

Սա էլ՝ գլուխը քարը։

Չեն կարողանում, դե՛ չեն կարողանում, ի՞նչ արած։

Ցանկացած Հայաստանի քաղաքացու հեռանալը երկրից՝ կորուստ է, երբեմն՝ շատ ցավալի, երբեմն՝ քիչ ցավալի։ Երբեմն էլ՝ ցանկալի (մեր մեջ ասած)։ Բայց մի էական տարբերություն կա այսօր հեռացողների եւ նախկին հանցագործ իշխանության տարիներին հեռացողների միջեւ։

Նախկին հանցագործ իշխանության տարիներին Հայաստանից հեռացողները չէին սպառնում, զանազան կիսագրագետ լրագրողների դիմաց չէին նստում ու հաթաթա տալիս, թե շուտով ազգը զրկվելու է իրենց նման գանձերից կամ «մորքուրի գանձ»-երից։ Չէ, կամ փախչում էին՝ ընդդիմադիր հայացքների համար «ժողովրդավար» իշխանության հետապնդումներից գլուխներն ազատելու նպատակով, կամ էլ գնում էին մի կտոր հաց վաստակելու իրենց ընտանիքների համար։ Ու կրկնում եմ՝ գնալուց առաջ չէին սպառնում հրապարակավ, որովհետեւ նախապես գիտեին, որ օրվա իշխանությունը թքած ունի ՀՀ քաղաքացիների վրա՝ գնացողների էլ, մնացողների էլ։ Դեռ մի բան էլ ավելի. այդ իշխանությունը նույնիսկ մտքում, նաեւ անթաքույց (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ականջը կանչի) ուրախանում է, որ արտագաղթում են՝ ինչքան քիչ լինեն Հայաստանի քաղաքացիները, այնքան հեշտ կլինի ընտրությունների շրջանում կեղծիքները հորով-մորով անելը, բողոքի ցույցերն էլ սակավաթիվ կլինեն։

Սա էլ՝ հեչ։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մնացողները մի քանի աստիճան ցածր են մեծախոս հոխորտացողներից։

Երեւի այս մարդկանց թվում է՝ ռոբասերժական տարիներին Հայաստանից  Չարտագաղթողներս երջանիկ էինք ու հիացած սրանց ապօրինություններով, կամ՝ հաճույք էինք ստանում, որ մեզ հետապնդում կամ ճնշում էին։ Չենք արտագաղթում, որովհետեւ հանցագործ իշխանությունների օրոք էլ է Հայաստանը ՄԵՐ երկիրը, հիմա էլ է ՄԵՐ երկիրը։ Ցանկացած իշխանություն շատ չնչին է, որ, օրինակ՝ ի՛նձ, ստիպի խռովել իմ երկրից։

Եթե նախկինների օրոք անմռունչ ապրել եք Հայաստանում, այս դեպքում էլ ձեր բարոյական նկարագիրը տնտղեք, եւ եթե հիմա սպառնում եք, որ հեռանալու եք, կրկին հայելու մեջ ինքներդ ձե՛զ ուշադիր նայեք։

Ի դեպ, այսօր ամենահեշտը Նազենի Ղարիբյանին «քրքրելն» է։ Ընդդեմ Նազենիի՝ Օրենքը սեփական փափուկ մարմնամասերին հարմարեցնող մշակութային վա՛յ գործիչների անտառ է ծառս եղել։

  

 

 

 

Նախորդ հոդվածը‘Էքրեմ Իմամօղլու. «Պետք է կարողանալ ընդունել պարտությունը»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Գեորգի Դանելիան’