‘Լիզա Ճաղարյան. Ընկ. Գ. Մանուկյանը «Երկիր Մեդիա»-ում’

2748

Չեմ թաքցնում` երեկվանից կարկառուն դաշնակցական Գեղամ Մանուկյանի «Երկրի շաբաթը» վերջին թողարկման ազդեցության տակ եմ: Խոսքս այն հատվածի մասին է, որն ընկեր Գեղամը նվիրել էր վերջին օրերին հարձակումների ենթարկված և ծեծված Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք պայքարում են Սերժիկ Սարգսյանի և նրա հանցախմբի դեմ: Ա՛յն Սերժիկ Սարգսյանի և նրա հանցախմբի, որոնց նկատմամբ դաշնակցական վերնախավը հայրական գորովանք ու մայրական քնքշանք է տածում: Ամենայն հավանականությամբ` հանուն Միացյալ Հայաստանի:

Ի դեպ, առաջին անգամ էի ըմբոշխնում ընկեր Գեղամի դատախազական կեցվածքով «շանթուորոտը», մինչ այդ «դավաճանաբար» անտեսել եմ սույն մեծ հայրենասերի հաղորդաշարը:

Եվ ի՞նչ էր որոտում ընկեր Գեղամը:

Դիմակազերծում և հեգնում էր ծեծվողներին:

Դե, ես էլ, որ առաջին անգամ էի տեսնում շատ «նեՌվային» ընկեր Գեղամին, մտածեցի` երևի դաշնակցության «պյուրոն» որոշել է ջրի երես հանել մեր երկրում կատարված բոլոր արատավոր երևույթները, և ընկեր Գեղամը հասարակությանը կհիշեցնի նաև, թե ինչպես էր` այժմ «խաղաղության աղավնի» դարձած ՀՅԴ-ն Հայաստանի անկախության ամենածանր օրերին կատաղի պայքարում առաջին քայլերն անող իշխանության դեմ և այն ժամանակ հեչ չէր հիշում, որ հենց այդ նույն շրջանում մեր երկիրը կենաց-մահու կռիվ է տալիս Ղարաբաղում և Հայաստանի սահմանին, չէր հիշում, որ սովետմիության փլուզումից և սարսափելի երկրաշարժից հետո մեր երկիրը հազիվ է շնչում, ու առնվազն շանտղություն է այդ իրավիճակում այդպես նենգաբար հարվածել սեփական իշխանությանը: Կհիշի, թե ինչպես էին տեղական «ընկերները» Սփյուռքի դաշնակցության փողերով կիսաքաղց լրագրողներ առնում մեր նորանկախ երկրի պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետութիւն» թերթից, որ հենց կշտանան` կատաղի գրիչ շարժեն պաշտոնաթերթի «ծախու» լրագրողների և «նրանց տերերի» դեմ: Կհիշի, թե ինչ ահաբեկչական կառույցներ էին ստեղծել, որոնք պետք է հանուն Միացյալ Հայաստանի սպանեին «դավաճաններին»: Կհիշի, որ քաղաքական սպանությունները դադարեցին հենց այն ժամանակահատվածում, երբ այդ կառույցների դաշնակցական ղեկավարներն ու կատարողները հայտնվեցին բանտում, և կրկին բուռն վերելք ապրեց, երբ «իրավիճակի փոփոխությունից» հետո այդ «հալածյալները» հայտնվեցին ազատության մեջ:

Լսում էի ընկեր Գեղամին ու սպասում, որ ահա` ուր որ է կբողոքի, թե ինչու են Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում «անարդարաբար» բանտերում հայտնված դաշնակցականները մինչ օրս «իրավիճակի փոփոխության» տակ կքած, և ինչու սրանց չեն արդարացնում ընկեր դաշնակցականների համար բարեպատեհ այս տարիներին:

Սպասում էի, որ կհիշի իրենց կուսակից այն «դավաճանին», որին պատժելու համար ընկեր դաշնակցականները չզլացան սպանել նաև նրա կնոջը և մի քանի ամսական նրանց երեխային մեծահոգաբար ողջ թողեցին, որ կամ ինքնակամ մեռնի իր ծնողների արյան ծովում, կամ` արյան մեջ «խլվլա»` մինչև իրավապահները հայտնաբերեն արցունքներից նվաղած մանկանը…

Սպասում էի, որ ընկեր Գեղամը կհիշի ու կհիշեցնի, թե ինչպես էր դաշնակցության «փառք ու պարծանք» ընկեր Վահան Հովհաննիսյանը հարբած մաուզերիստի սեանսներ տալիս «Պապլավոկ»ում, բարեբախտաբար` այս անգամ օդ կրակելով: Այն նու՛յն «Պապլավոկ»-ում, որտեղ տասնյակ մարդկանց աչքի առաջ գազանաբար սպանվեց իրենց կուսակից Պողոս Պողոսյանը` «պրիվետ, Ռոբ» ասելու համար, և «հին ընկերները» շատ հավեսով դավաճանեցին անմեղ զոհին ու ավելի քնքշանքով սեղմվեցին «իրավիճակի փոփոխությամբ» իրենց ազատություն նվիրած ընկեր Ռոբերտին:

Շա՜տ սպասումներ ունեի ընկեր Գեղամից, որոնց մասին չեմ զլանա հիշեցնել մեր երկիրը լինել-չլինելու խնդրի առջև կանգնեցրած Սերժիկի իշխանությանը անգթաբար քծնող ՀՅԴ վերնախավին և նրանց կատարածուներին` ընկեր Գեղամի կերպարանքով, եթե շարունակեն «սրբի» կեցվածքով դիմակազերծ անել նրանց, ովքեր, դաշնակցության սիրած արտահայտությամբ ասեմ` վերջին օրերին «թրքաբար» ծեծվել են, և միայն ընկեր Գեղամի նմանները կարող են ձևացնել, թե Սերժիկն ու իր ավազակախումբը ոչ մի կապ չունեն այս ահաբեկությունների հետ:

…Սպասումներս չարդարացան: Ընկեր Գեղամի պայծառացած ուղեղի միայն մի ծալքն էր բացվել, ու այդ «ծալքում» միայն ծեծված Հայաստանի քաղաքացիներին «ցցի հանելն» էր շարադրված:

Հ.Գ. «Մի քիչ փող ղրգեք» ընկ. Գ. Մանուկյանին:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Երանոսյանի արտահայտությունը «մի քիչ կոռեկտ չէր»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մենք պարտվեցինք նախորդ խաղում, սակայն դա չի նշանակում, որ հաջորդում մեզ նույնն է սպասվում» ‘