‘Լիզա Ճաղարյան. Ի՞նչ եք ակնկալում լսել մեղադրյալի որդուց’

5827

Մեղադրյալ Քոչարյանի դատավարության առաջին օրից սկսած չեմ հասկանում եւ երբեք էլ չեմ հասկանա, թե ինչու են գրեթե բոլոր դատական նիստերից հետո լրագրողները շրջապատում մեղադրյալի որդուն եւ հարցերի տարափ տեղում այս երիտասարդի գլխին։ Ի՞նչ են ուզում պարզել այդ հարցերով, ընթացող դատավարության հետ ի՞նչ առնչություն ունի այդ երիտասարդը՝ բացի աշխատասեր Քոչարյանի շատ աշխատասեր որդյակն ու Սիրուշոյի սիրասուն ամուսինը լինելուց։

Ենթադրենք՝ Քոչարյանի որդու հուզաթաթախ պատասխանները լսողներս մեզ ստիպում ու հավատում ենք, որ Քոչարյան Լեւոնն իրոք հուզվել է, շա՛տ է հուզվել՝ լսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների մղկտոցը ու հենց հիմա էլ նստած իրենց տան մի մութ պուճախում՝ շարունակում է ջանասիրաբար հուզվել, գիշերն էլ այդ նույն կեղեքող հուզմունքից աչք չի կպցնելու՝ հետո՞։

Որտե՞ղ էր այս հուզված տղան տասը տարի առաջ, ի՞նչ կապ ուներ այս տղան Հայաստանում կատարվող ողբերգությունների, սրճարանում «անզգույշ քաշքշված» Պողոս Պողոսյանի, այժմյան Հյուսիսային պողոտայից վայրագորեն վտարված հին երեւանցիների, Մարտի 1-ից հետո հարյուրավոր անմեղ քաղաքացիների ազատազրկման ու խոշտանգումների, կիսաքաղց ապրող տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիների հետ։

Լսե՞լ է այս հուզված երիտասարդը Պողոս Պողոսյանի գազանային սպանությունից հետո իր «անմեղ» հայրիկի սպառնալիքն արդեն իսկ սպանված մարդու հասցեին. «Եթե ողջ մնար, ես նրան մի քանի բան կասեի»։ Երեւի լսել է ու հիացել իր աշխատասեր հայրիկի «միակտղամարդկությամբ»։ Ավելի հավանական է՝ չի էլ լսել. ինքն ու՜ր, Պողոս Պողոսյանն՝ ուր։

Հայաստանում ու՞մ համար է գաղտնիք, որ այժմյան մեղադրյալ Քոչարյանի շատ աշխատասեր ընտանիքը «արդար քրտինքով» միլիոններ էր կուտակել վերոնշյալի «փադիշահության» տարիներին ու կյանքն էր վայելում աշխարհի շենշող ծագերում՝ թքած ունենալով ե՛ւ Հայաստանի քաղաքացիների, ե՛ւ Արցախի քաղաքացիների վրա։ Այդ տարիներին որեւէ լրագրողի հետաքրքրե՞լ է, թե ինչ են մտածում մեղադրյալ Քոչարյանի որդիներն իրենց հոր «քաջագործությունների» մասին։ Ես չեմ նկատել։

Մի օր հանկարծ արդարադատությունը բախեց այս ընտանիքի «ամենաաշխատասերի» դուռը, եւ մեկ էլ պարզվեց՝ այս աշխատասերներն առանց Արցախի իրենց կյանքը չեն պատկերացնում, պարզվեց՝ շատ ծանր են տանում Մարտի 1-ի զոհերի հարազատների արցունքները ու միայն մեկ բան են տենչում՝ որ բացահայտվեն մարդասպանները։ Իսկ թե ինչու էին «համեստորեն» լռում տարիներ շարունակ, ինչու՛ չէին պահանջում իրենց «հերոս» հայրիկից, հետագայում էլ իրենց «հոպար» Սերժիկից, որ բացահայտեն մարդասպաններին, լրագրողներին այս հարցերը չեն հետաքրքրում։

Եվ ճիշտը դա է՝ չպետք է հետաքրքրի, թե ինչու՛ չէին պահանջում, որովհետեւ պատասխանը պարզից պարզ է՝ թքած ունեին։

Ուրեմն, չպետք է հետաքրքրի նաեւ հիմա, թե ինչ են մտածում քոչարյանական աշխատասեր ընտանիքի անդամներն ընթացող դատավարության մասին։

Չպետք է հետաքրքրի թեկուզ այն պատճառով, որ էն գլխից բացառվում է, թե Քոչարյանի սիրասուն զավակներն անաչառորեն կգնահատեն իրենց հարազատ հոր «սխրանքները»։

Այդքան հաճելի՞ է մի փութ մեղրով անգամ չուտվող ստեր լսելն ու ունկնդիրներին մատուցելը, հարգարժան լրագրողներ։

Լպիրշ կեղծիքների պակաս կա՞ մեղադրյալ Քոչարյանի դատավարության ժամանակ եւ դատարանի մատույցներում։

Չասեք՝ կա։ Խորապես կվիրավորեք մեղադրյալի «անձնազոհ» փաստաբանական խմբին, ամբարտավան մեղադրյալին եւ հովանոցների տակ պիցցա ուտողներին։

Նախորդ հոդվածը‘Թրամփի թեկնածուն հրաժարվել է ղեկավարել Պենտագոնը’
Հաջորդ հոդվածը‘Եթե դատավորը պիտի թափ չունենա, ապա էլ ո՞վ պիտի ունենա’