Լիզա Ճաղարյան. Լիկբեզ նիկոլականների համար

1151

Հայաստանում հիսունից ավելի կուսակցություն կա։

Դրանց ճնշող մեծամասնությունը, եղած-չեղած` մի հաշիվ են, եւ պատկերացրեք` գերադասելի է, որ իրոք չլինեն, որովհետեւ երբ այդ կուսակցությունների, այսպես կոչված` ղեկավարները բերանները բացում ու փորձում են միտք արտահայտել, անմիջապես սկսում ես մտածել, որ էս աշխարհիս երեսին լռությունից երանելի բան չկա։

Դատարկախոսության ու պոռոտախոսության այս խառնարանում, կրկի՛ն ցավոք, այս կարգի կուսակցությունների համակիրներն ավելի շատ են։ Դառն իրողություն է, բայց դե` սա է վիճակը։ Այսպես չլիներ, Հայաստանը հիմա ապրել–չապրելու խնդրի առաջ հայտնված չէր լինի։

Բայց ուրիշ բան եմ ուզում ասել։

Ֆեյսբուքում մի գրառում աչքովս ընկավ։ Գրառման հեղինակը, որ երդվյալ «մեծարգոյական» է, շատ անկեղծորեն (հուսով եմ) նեղսրտել է, թե ինչու, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի առաջին դեմքերից մեկը Նիկոլ Փաշինյանի հերթական բլթոցը խստորեն քննադատել է, իսկ ահա «Մամիջօղլիի» (գրառման հեղինակի բնորոշումն է)  արնատենչ կոչերին չի անդրադարձել։
Դժվար է պատկերացնել, որ Նիկոլի հետ թեւ թեւի երկիրը փրկողներն այսքան կարճամիտ են։ Կամ` գուցե ձեւացնում են, որ չեն հասկանում` հերթական անգամ ՀԱԿ-ի դեմ գրառման շուրջը կիսագրագետ, բթամիտ, ծախու եւ չնչին արարածների խառնակույտին իրար գլխի հավաքելու ու «չայխանայի» մակարդակի տխմարություններ զառանցելու համար։

Նախ հիշեցնեմ, որ «Մամիջօղլիներին» (կրկնեմ` բնորոշումը գրառման հեղինակինն է) խորհրդանշող կուսակցությունները եթե այսօր հնարավորություն ունեն այդքան համարձակորեն տեսակետներ հայտնելու, խորհրդարանում մանդատ ունենալու, ժամանակ առ ժամանակ սպառնալու պարոն պատուհասին, դրա մեղավորը միմիայն Նիկոլ Փաշինյանն է։ Հենց ինքը` Նիկոլ Փաշինյանը, նրանց պատմության փոշոտ դարակներն ուղարկելու, իսկ հանցագործներին էլ բանտ ուղարկելու փոխարեն` վերակենդանացրեց ու կրկին դարձրեց գործոն։ Ու կյանքն էլ ցույց է տալիս արդեն քանիերորդ անգամ, որ Նիկոլին ձեռնտու էր եւ է, որ դրանք լինեն, եւ ինքն ամեն անգամ հանրությանը «սարսափեցնի», թե տեսեք հա՜, եթե ինձ թախտից գցեք, սրանք հետ են գալու ու ձեզ հում–հում ուտեն (իբր` ինքը նույն բանով չի զբաղված)։

Հիշեցիք, հուսով եմ։

Ինչ էլ ասեն «Մամիջօղլիները», նրանք Հայաստանի իշխանությունը չեն, ընդամենն իշխանություն կորցրած ընդդիմադիր ուժեր են, եւ նրանց բլթոցները ճակատագրական նշանակություն չունեն ու չեն կարող ունենալ մեր երկրի համար։ Իսկ երբ բլթացնում է Նիկոլ Փաշինյանը (եւ` շատ հաճախ), նրա ցանկացած բլթոց պատիժ է դառնում մեր երկրի գլխին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու գլխին։ Եվ շատ տրամաբանական է, որ ՀԱԿ-ականները Նիկոլ Փաշինյանի իրար հերթ չտվող սխալներն են նկատում ու քննադատում, ոչ թե` զանազան–զարմանազան կուսակցությունների օդում փուչիկի պես պայթող պոռոտախոսությունները։

Իրոք` լիկբեզի կարիք ունեք, եթե այս պարզագույն բանը չեք հասկանում։

Չնայած` զարմանալի չի։

Եթե մինչեւ հիմա ձեր թեւերը փռում եք մեր երկիրն այսքան ահավոր փորձությունների ենթարկած պատուհասի վրա, դժվար էլ հասկանաք։

Խղճիս հանգստության համար գրեցի։

Նախորդ հոդվածըԴեւիսի գավաթ․ Ջոկովիչի հաղթանակի շնորհիվ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ փուլ
Հաջորդ հոդվածըՇնորհավորանք Բաբկեն Արարքցյանին