‘Լիզա Ճաղարյան. Լրտեսական կրքեր Բաղրամյան 26-ում’

3256

Հայաստանի քաղաքացիների համար նորություն չեն Սերժիկ Սարգսյանի «լրտեսական կրքերը»: Ժամանակ առ ժամանակ այս պարոնը շպիոն Օնիկի նման անէանում է, իսկ ավելի պատկերավոր ու Հայաստանի քաղաքացիներին սրտահաճո ասած` գետնի տակն է անցնում, իսկ այդ «առեղծվածային» անհետացումների մասին վերջինիս մամուլի ծառայությունը կամ շփոթահար լռում է, կամ` այնքան կցկտուր տեղեկատվություն է տարածում, որ ավելի լավ է լռեր:

Դեռ Հայաստանի հասարակությունը չէր հասցրել մի կուշտ «հաճոյախոսել» ոչընտիրի հասցեին` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի շիկացման օրերին Բելգիայի Թագավորությունում Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին «ներկա» ստանալու (եթե որեւէ մեկը կգտնվի, որ, թեկուզ կակազելով, կպարզաբանի, թե այդ ծանր շրջանում, երբ պատանիներ էին զոհվում ադրբեջանցիների գնդակոծություններից, Բելգիայում ինչ էր կորցրել սույն անձը ու ինչ գտավ հօգուտ մեր երկրի` անչափ երախտապարտ կլինեմ) եւ այնտեղից էլ, կրկին շպիոն Օնիկի կարկատած թիկնոցն ուսերին առած` մի քանի օր աներեւութանալու ու Սոչիում հայտնվելուց հետո` ռազմաճակատի առաջին գծից փառապանծ հաղթանակով վերադարձած զորավարի անհեթեթ ժպիտը դեմքին` հարցազրույց տալու համար, մեկ էլ` Սերժիկ Սարգսյանի մամուլի ծառայությունը հաջորդ կցկտուր ու մառախլապատ հաղորդագրությունը տարածեց, ըստ որի` օգոստոսի 11-ից զբոսաշրջիկ պարոնը «մեկնել» է կարճատեւ արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: 

Երջանիկ մոռացկոտներին հիշեցնեմ, որ այս Սերժիկ Սարգսյանը «կարճատեւ արձակուրդ» գնալուց առաջ եւ հիմա, ի դժբախտություն մեր երկրի քաղաքացիների, դեռեւս զավթած է պահում Հայաստանի նախագահի աթոռը եւ պարտավոր էր այս նույն Հայաստանի քաղաքացիներին ի գիտություն պարզաբանել, թե ինչ ասել է, օրինակ` կարճատեւ արձակուրդ: Մեկի համար կարճատեւ արձակուրդը հինգ օր է, մյուսի համար` տասնմեկ, երրորդի համար` երեսուն կամ երեսունմեկ օր… Դե, իսկ թե «արտերկիր» ասվածն ինչ անծայրածիր տարածք է, նույնիսկ մանկամսուրի թոթովախոս սանը գիտի:

Եվ եթե ամենախառն իրավիճակներում «թեժ պոստից» ծլկելու սովոր այս պարոնը թաքցնում է հասարակությունից, թե որտեղ եւ որքան է վայելելու իր «վաստակած» հանգիստը, ապա տարրական տրամաբանությունը հուշում է, որ թաքցնելու բան կա, այդ թաքցնելիքն էլ երկրի ղեկավարին, նույնի՛սկ Սերժիկ Սարգսյանի նման արատավոր ղեկավարին անհարիր բան է: Եվ թե որն է այդ «անհարիր բանը», շուտով, շատ շուտով կգան լավ ժամանակներ, եւ բլբուլ կտրած ու իրար հերթ չտալով` դրա մասին կպատմեն այն մեծահարուստները, ում տռուզ գրպանները պարբերաբար թափ է տվել ու քանի դեռ զավթած է պահում նախագահական նստավայրը` դեռ էլի՛ է թափ տալու «փոքրիկ թուլությունների» պղտոր հորձանուտում ճղփճղփացնող ոչընտիրը: Իսկ մինչ այդ` հասարակությունը գուշակություններ է անում, թե որտեղ է ինքնամոռաց «անհարիր բաների» հաճույքին տրվել Սերժիկ Սարգսյանը ու դրան համարժեք էլ` յոթհարկանի «բարեմաղթանքներ» է հղում նրան:     

Հ.Գ. Ի դեպ, այս գուշակությունների շարքում բացառենք երկրորդ անգամ Կորեայում «ցողունահարվելու» տարբերակը: Կյանքը ցույց տվեց, որ էս աննամուս կորեացիները, ի տարբերություն աշխարհասփյուռ խաղատների տերերի, շա՜տ բերանբաց են, եւ դժվար թե Սերժիկ Սարգսյանը երկրորդ անգամ նրանց դուռը բախի: Եթե նույնի՛սկ կորեացի «ցողունագետները» երդում-կրակ ուտեն, որ այս անգամ պացիենտի աչքերը կապույտ են դարձնելու եթերի նման, մազերը խուճուճացնելու են` հանց կոծոծ, կախված թշերը ասֆալտապատելու են, բոյն էլ երեքուկես սանտիմետրով ավելացնելու են:

Նախորդ հոդվածը‘Պիեռ-Էմերիկե Оբամեյանգ. կոմիքսների մեծ սիրահարը’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ժիրինովսկիի հայտարարությունները «ոչ միշտ են համընկնում Կրեմլի տեսակետի հետ»’