‘Լիզա Ճաղարյան. Խաղաղասերի «պացիֆիստն» է լավը’

2071

Որ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում միայն խելագարը կամ սադիստը կարող է պատերազմի վերսկսում ցանկանալ` սա, կարծես, պարզից պարզ է: Որ իրավիճակի սրումը կարող է «խանդավառել» միայն Սերժիկ Սարգսյանի և նրա որոշ հղփացած թիմակիցների` հույս ներշնչելով, որ արտաքին վտանգին դեմ հանդիման` Հայաստանի քաղաքացիները կմոռանան իրենց կատարած հանցագործությունները մեր պետականության հանդեպ, սրանք էլ այդ ընթացքում կփորձեն ամրապնդել իրենց փտած հիմքերը` սա էլ, ուզենք, թե չուզենք, տեսնում ենք ՀՀԿ-ականների «հայրենասիրաքստիկ» դեմքերին:

Սակայն,  մի բուռ խելագարների ու սադիստների ցանկությունը կամ Հայաստանի իշխանությունների կարճատես խանդավառությունը դժվար թե այնքան մթագնի հայաստանցիներիս աչալրջությունը, որ մոռանանք ամենակարևորը` հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերջին շրջանում սրվել է միմիայն Ադրբեջանի ագրեսիվ նախաձեռնությամբ, և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի բանակներն ընդամենը օտարի ոտնձգությունից պաշտպանում են մեր մեծ ու փոքր հայրենիքները:

Գաղտնիք չէ, որ մեր դիվանագիտական օղակները հանցավոր անգործության են մատնված, իսկ մեր երկրի, այսպես կոչված, «բազմազբաղ» ղեկավարն էլ հազիվ հասցնում է հարսանիքների ու արտերկրյա միջոցառումների մասնակցել: Ահա սրանց զուգահեռ` ադրբեջանական դիվանագիտությունը ակտիվորեն` մի կողմից անընդմեջ խախտում է զինադադարը, մյուս կողմից էլ` վայնասուն է բարձրացրել աշխարհով մեկ, թե` մենք խաղաղ-խաղաղ, միամիտ-միամիտ, հրեշտակ-հրեշտակ նստած «չայ» էինք խմում, մեկ էլ օկուպանտ հայերը մեզ սկսեցին ջարդել, հասեք…

Եվ հանկարծ այս իրավիճակում` Հայաստանում «Ոչ պատերազմին» խաղաղության երթի կոչ է արվում ի հեճուկս Հայաստանի «ռազմատենչ» հատվածի, որը, ոնց որ թե, մեծամասնություն է, և երթի հայտարարությունն էլ, որքան էլ չցանկանանք դա տեսնել` հակամարտող կողմերին հավասար մեղադրանք է ներկայացնում: Հայտարարությունը մի քանի անգամ կարդացի, բայց զուր էի փնտրում` գոնե ակնարկ չտեսա այն մասին, որ սահմանային լարվածության հեղինակը Ադրբեջանն է:

Երթն էլ, ի գիտություն Հայաստանի քաղաքացիների, ուղևորվելու է դեպի Ռուսաստանի դեսպանատուն: Եվ թե ինչու է մնացած գերտերություններին շրջանցում այս երթը, եթե մինչ օրս դրանցից որևէ մեկը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մեր օգտին երբևէ կեսհայտարարություն կամ կեսքայլ չի արել, այլ` ճիշտ հակառակը, այս «մանրուքի» մեջ էլ շատ չխորանանք, այլ համարենք, որ երթի կազմակերպիչներն անմեղ խորամանկություն են անում: Պարզ է, չէ՞. եթե միայն Ռուսաստանին մեղադրեն, արևմտյան լրատվամիջոցներն առավելագույն հաճույքով կլուսաբանեն այդ երթը:

Ի՞նչ է տալու այս տարօրինակ և ոչնչով չհիմնավորված նախաձեռնությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, բացի ադրբեջանական հակահայկական քարոզչությանը նոր լիցք հաղորդելուց և հուշելուց միջազգային զանազան ատյաններին, որ հակամարտող կողմերին շարունակեն նույն բառապաշարով դասեր տալ, ինչն արել են մինչ օրս:

Ինքս չգիտեմ` է՛լ ինչ է տալու:

Որպեսզի հասկանամ այս երթի հեղինակներին, երևի շատ խաղաղասեր պետք է լինեմ: Այնքան խաղաղասեր, որ սահմանին կանգնած մեր զինվորներին ասեմ` եթե ձեզ վրա կրակում են, դուք ընդամենը ճերմակ թաշկինակ ծածանեք, մեկ էլ տեսար` հակառակորդն ամոթից գետինը մտավ թաշկինակի հուզիչ ալեծածանումից ու ձեզ սպանելու փոխարեն`բայաթի վեր քաշեց Լեյլիի ու Մեջնունի ողբերգական սիրո մասին:

Ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ:

Փաստորեն` անհրաժեշտ չափով խաղաղասեր չեմ, և ամեն օր աշխարհի ու իմ Հայաստանի համար խաղաղություն տենչալիս մտքովս չէր անցել, որ խաղաղասերից խաղաղասերն էլ կա:

Հ.Գ. Այս տողերը գրելիս լիովին հաշվի եմ առել, որ որոշ «պացիֆիստներ» այնպիսի «խաղաղասիրական» հարձակումներ կարող են գործել ինձ վրա, որ անմահ Յոթծովիմերանն անգամ նախանձից պայթի: 

Նախորդ հոդվածը‘Շառաչուն ապտակը սանձեց լկիտությունը. «Ժողովուրդ» ‘
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները՝ կենսաթոշակային փոփոխությունների մասին’