‘Լիզա Ճաղարյան. «Կզողների» ժամանակը’

3961

Շաաաատ տպավորված ու «հպարտության զգացումից» ոգեշնչված` երեկվանից կայքերն ու Ֆեյսբուքը ողողած այն լուսանկարով, որտեղ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը` իր «ծանրակշիռ տարածքով» չորստակվել էր իր «մի բուռ» շեֆ Սերժիկ Սարգսյանի (մարդկությանն անհայտ հիմնավորմամբ` ԵՊՀ խորհրդի նախագահն է) առաջ, հիշեցի, որ մի ժամանակ ես էլ էի այս նույն համալսարանի ուսանող (անտանելի ուսանող էի, բայց դե` ինչ կա, էն եմ ասում` ուսանո՛ղ էի, ավելին` նույնիսկ հաջողեցի ավարտել ու դիպլոմ ստանալ):

Արամ Սիմոնյանն, ի դեպ, դոկտոր-պրոֆեսոր է, ու այս առիթով հիշեցի նաեւ, որ հնարավոր է` ես էլ դառնայի դոկտոր-պրոֆեսոր, եթե համալսարանի` ինձ համակրող դասախոսներից մեկի միջնորդավորված հրավերին. «Լիզային ասա, որ ասպիրանտուրայում տեղ ունենք, թող գա», միջնորդավորված չպատասխանեի. «Բա որ խիղճս կորցնեմ ու գա՞մ»:

Ինչ ճիշտն է ճիշտը. ինձանից լավ ոչ ոք չգիտեր, որ ես գիտնականացու չեմ եւ երբեք չեմ դառնա, ու քանի որ խիղճ էլ ունեի` փաստորեն, հետն էլ` հեչ հավես չունեի գիտության գրանիտը կրծելու, ահա՛ այսպես` համալսարանում մի պարապ-սարապ «գիտնական» օրորոցում կամովին խեղդվեց:

Դատելով այն գորշ ու ողորմելի վիճակից, որ այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում է իշխում, «խիղճ» ասվածը վաղուց ձեռքը թափ է տվել սրանց վրա ու ճամփա է ընկել այլ եզերքներ որոնելու: Ու պարզվում է` եթե Խիղճը բացակայում է որեւէ տարածքում, ուրեմն` Արժանապատվությունն էլ անելիք չունի այդտեղ: Թե ինչպես է Արամ Սիմոնյանը դոկտոր դարձել, ինքը կիմանա, իրենից գլխապատառ փախած խիղճը կիմանա եւ մեկ էլ այն անորոշ-անկատար խառնակույտը, որը նպաստել է այս պարոնի գիտնականացմանը: Իսկ թե ինչպես է այս «գիտնականը» Համալսարանի ռեկտոր դարձել, դա էլ հարցրեք իր շեֆ Սերժիկ Սարգսյանին: Թե բարձրաձայն ինչ կթոթովի համալսարանական գիտնականների մեՆՁ եւ խելքի տոպրակ խորհրդատուն, կարեւոր չէ, իսկ ահա մտքում հաստատ կասի. «ՈրԵվհետեւ շա՜տ լավ է սողում»:

Եթե վերոնշյալ լուսանկարին ուշադիր նայեք, ապա դժվար չէ նկատել, որ իր առջեւ «կզած» մի ողջ Համալսարանի, այսպես կոչված, առաջին դեմքին` այդ նույն համալսարանի բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինն ավարտած Սերժիկ Սարգսյանը նայում է «Օլիմպոսի գագաթից»` սառն ու քամահրանքով: Լավ էլ անում է. դե, որԵվհետեւ Քաջ Նազարի բախտով Հայաստանի նախագահի աթոռին հասած այս պարոնի առջեւ չորստակվում է ոչ միայն Արամ Սիմոնյանը, այլեւ չորստակվում են գրեթե բոլոր բուհերի ռեկտորները («գրեթե»-ն գրեցի պայմանականորեն. հնարավոր է` չորստակ չծալվողներ կան, պարզապես ոչ միայն ինքս տեղյակ չեմ, այլեւ Սերժիկ Սարգսյանն էլ տեղյակ չէ. հակառակ դեպքում` այդ մարդը վաղուց զրկված կլիներ ռեկտորի պաշտոնից), եւ չորստակվողներին արհամարհում են բոլորը:

Նույնիսկ` իրենից հզորների առջեւ նույնկերպ չորստակվող Սերժիկ Սարգսյանը:

Ինձ հետաքրքրողը չորստակվողները չեն. ժողովրդի լեզվով ասած` թող էնքան կզեն, էնքանից էլ շատ:

Այս առիթով մտա Վիքիպեդիա, որ Երեւանի պետական համալսարանի 95-ամյա պատմությունը վերհիշեմ, ու պարզվեց, ըստ Վիքիպեդիայի հեղինակի` համալսարանն ունեցել է երեք ռեկտոր (Նորայր Առաքելյան, Ռադիկ Մարտիրոսյան, Արամ Սիմոնյան): Եվ ունեցել է, ուշադրություն, երկու անվանի համալսարանական (Հրաչիկ Սիմոնյան, Նատալյա Մելիքյան): Այսինքն, ըստ այս հեղինակի` պետհամալսարանի պատմությունն սկսվում է այն թվականից, երբ Հայաստանն անկախացավ: Դրանից առաջ եղածը համալսարան չէր: Դե, դրանից առաջ Սերժիկ Սարգսյանը դեռ Ստեփանակերտում Կեւորկովի համար կոֆե էր եփում, ի՞նչ համալսարան` առանց Սերժիկ Սարգսյանի «բարձր հովանու»:

Գայթակղությանը կդիմանամ ու չեմ թվարկի համալսարանի ո՛չ անհամեմատ արժանավոր ռեկտորներին, ոչ էլ` հարյուրավոր անվանի համալսարանականների:

Ընդամենը ներկա համալսարանականներին ուզում եմ հարցնել` այս անպատվությանը ո՞նց եք դիմանում: Չարիքի կայսրության տարիներին այս նույն համալսարանի ուսանողներից շատ-շատերն ավելի ըմբոստ էին ու ավելի ազատ-անկախ, քան հիմա դու՛ք` անկախ Հայաստանի քաղաքացիներդ:

Սխալվու՞մ եմ: Այդ դեպքում ինչպե՞ս եք հանդուրժում, որ այսպես ոտնահարեն ձեր արժանապատվությունը: Թե՞ կարծում եք` Արամ Սիմոնյանը բոլորի՛դ անունից ու բոլորի՛դ լուռ համաձայնությամբ չի սողում իր «անվանի» շեֆի առաջ:

Ա՛յ, այս դեպքում հաստա՛տ սխալվում եք:

Սրանից բխող ծանրագույն հետեւանքներով, որի դառնալեղի պտուղներն ավելի ուշ կվայելեք:

Երբ ուսանողական նստարանին հրաժեշտ կտաք ու, այսպես ասած, կյանք կմտնեք:

Չորստակված ողնաշարներով:

     

Նախորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը’
Հաջորդ հոդվածը‘Շահեն Հարությունյանի ընկերները «Ազատություն Շահեն Հարությունյանին» կոչով երթ կանցկացնեն’