‘Լիզա Ճաղարյան. «Կիսահղի» կարգախոսներով կատվի վազքը մինչև մարագն է’

2609

Ավարտվել է Սերժիկ Սարգսյանի «կարճատև արձակուրդը», թե անհարգելի պատճառներով` երկարաձգվել, վերադարձել է Սերժիկ Սարգսյանը կորեաներից կամ բադենբադեններից, թե դեռ որոնում է երկարակեցության կամ մի գիշերվա ընթացքում Հայաստանի բյուջեի չափ գումար քամուն տալու գաղտնիքը` հասարակությանը հայտնի չէ ու հետաքրքիր էլ չէ:

Էս մարդն արդեն չեղածի հաշիվ է: Ինքն իր սև գործն արել է` աղյուս առ աղյուս կառուցել է իշխանական հանցագործ բուրգը և «կարճատև արձակուրդներով» գլուխը յոլա է տանում ու յոլա կտանի այնքան ժամանակ` մինչև իր կառուցած բուրգը հենց իր գլխին էլ կփլվի:  

Իսկ մինչ այդ` ո՛չ իր ներկայությամբ է ինչ-որ բան փոխվում Հայաստանում, ոչ էլ իր բացակայությամբ: Արտաքուստ` կյանքն ընթանում է իր «բնականոն» հունով: Առանց որևէ փոփոխության` անկուշտ թալանչիները շարունակում են կեղեքել Հայաստանի քաղաքացուն, Հայոց բանակից մեր զինվոր երեխաների մահվան կամ խոշտանգման մասին գույժերը հոսում են ու հոսում, պաշտպանության նախարարը`բանից անտեղյակ «հրեշտակի» դեմքով հարցազրույցներ է տալիս հերթական ողբերգությունից հետո` ուղղորդելով դատարաններին, հանրապետականներն ու իրենց մանկլավիկները նույն թափով «երկնում են» ապուշագույն բառակույտեր, իշխանական «վարձկանները» նույն բութ համառությամբ, հանցագործ իշխանություններին թողած՝ Հայ ազգային կոնգրեսին ու նրա առաջնորդին են քննադատում «անաչառորեն»…

Եվ միայն մեկ փոփոխություն է նկատվում անառիկ թվացող, բայց վաղուց ի վեր փտած սերժիկական բուրգի կրնկի ներքո:

Հասարակության մեծամասնությունը պատրաստ է մինչև վերջ պայքարել, իսկ «մինչև վերջ» նշանակում է մեկ բան` իշխանափոխություն: Դրա ակնհայտ վկայությունը վերջին հանրահավաքում գրեթե ձանձրույթով ելույթներն ունկնդրող ցուցարարների բուռն արձագանքն էր ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ իշխանափոխության անհրաժեշտության մասին պնդող ելույթին: Գաղտնիք չէ, որ այդ օրը ե՛ւ Ազատության հրապարակի հարթակում, ե՛ւ հարթակից ներքև հավաքված էին քաղաքական տարբեր ուժերի համակիրներ և քաղաքացիական ակտիվիստներ: Գաղտնիք չէ նաև, որ այս ուժերից շատերը խուսափում են Սերժիկ Սարգսյանի բոստանը քար նետելուց և հենց դրա պատճառով էլ խեթ-խեթ են նայում կոնգրեսականներին: Գաղտնիք չէ նաև, որ սերժիկական «վարձկանների» նենգ ջանքերն ինչ-ինչ պտուղներ տվել են, և Կոնգրեսի նկատմամբ ոմանց վերաբերմունքը միանշանակ չէ: Սակայն ակնհայտ էր նաև, որ Հրապարակում հավաքվածներին շատ դժվար է ոգևորել  «կիսահղի» կարգախոսներով: Հասարակության գերակշիռ հատվածը հասկանում է, որ միայն իշխանափոխության և ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով է հնարավոր հասնել դրական փոփոխությունների, իսկ մնացած, այսպես կոչված՝ միջոցառումներն ընդամենը հանգրվանային քայլեր են, որոնք գուցե անհրաժեշտ են, բայց ընդամենը հանգրվանային են, և եթե որոշ քաղաքական ու քաղաքացիական ուժեր շարունակեն սրթսրթալ «Սերժիկ, հեռացիր» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսերից ու շարունակեն տեղում դոփել` Հայաստանում ոչինչ չի փոխվի, այնպես, ինչպես ոչինչ չփոխվեց Մաշտոցի պուրակի «աննախադեպ հաղթանակից» հետո:

Որքան շուտ հասկանան այս ուժերը, որ Հայաստանն ամենակուլ ճահճից հանելու միակ ճանապարհն իշխանափոխությունն է` այնքան լավ իրե՛նց համար: Որովհետև հասկանան-չհասկանան` առանց իրենց աջակցության էլ է հասարակության ցասման ձնագունդը խոշորանում: Եվ ով չի տեսնում սա կամ ձևացնում է, որ չի տեսնում` ինչ-ինչ շահերից ելնելով, կամ էլ` պարզապես վախենում է, ինքն էլ է մնալու ավերակված բուրգի փլատակների տակ, և ոչ իր հետապնդած շահն է փրկելու շահամոլին, ոչ էլ իրեն հետապնդող վախը` վախկոտին:

Այնպես որ` Սերժիկ, հեռացիր:

Եվ իհարկե` պայքար, պայքար մինչև վերջ:

Նախորդ հոդվածը‘ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարել է «Բորսայի Լավագույն Անդամ 2013?մրցանակաբաշխության հաղթողներին’
Հաջորդ հոդվածը‘Կաթոլիկները նշել են Միգրանտների և փախստականների միջազգային օրը’