‘Լիզա Ճաղարյան. Հանդիպման վայրը չի փոխվել` Ազատության հրապարակ’

2092

Քանի որ շատ մոռացկոտ ժողովուրդ ենք, ամեն դեպքում հիշեցնեմ. Հայաստանի վիճակը, բոլոր առումներով, այլեւս օրհասական է, եւ սա չափազանցություն չէ: Բոլորը գիտեն սրա մասին, նույնիսկ օրհասական վիճակի հասցնող թալանչիները գիտեն, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Ու քանի որ գիտեն` ավելի կատաղի են թալանում:

Բոլորը նաեւ գիտեն, նույնիսկ այնքան լավ գիտեն, որ հոգնեցրել են իրենց այդ «իմացությամբ», որ «ո՜վ հայ ժողովրդի» միակ փրկությունը միասնությունն է:

Ա՛յ, հենց այս օրհասական պահին էլ` շաբաթներ առաջ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է վաղվա` դեկտեմբերի 10-ի երթի մասին: Երթը, բոլորս գիտենք,  նվիրված է Մարդու իրավունքների օրվան, ինչը նշանակում է` սա երթ է ընդդեմ ՀՀ իշխանությունը զավթած ավազակախմբի, քանի որ հենց նրանք են տարիներ շարունակ ոտնահարում մարդու իրավունքները Հայաստանում: Երթի ժամն էլ է հայտնի` 13.00: Վաղուց է հայտնի:

Վաղուց նաեւ հայտնի է, որ հենց Կոնգրեսը որեւէ նախաձեռնությամբ հանդես է գալիս, մեկ էլ Մսրա Մելիքի քնից արթնանում են մի շարք «նախաձեռնողներ» կամ մշտարթուն «պահակներ» եւ հայտնում իրենց մեկ այլ նախաձեռնության մասին, որը շատ «պատահաբար» համընկնում է հենց այդ նույն օրվան ու այդ նույն ժամին:

Նույնը կատարվեց հիմա: Պարզվեց` վաղը ինչ-որ մի խումբ էլ մի այլ վայրում է պաշտպանելու մարդու իրավունքները, եւ միայն ու միայն ժամը 13.00-ին: Մի տիկին էլ` ոչ ատամնատեխնիկ, հրովարտակ արձակեց, որ ինքը շատ է ուզում տեսնել, թե ոնց են մարդիկ լցվում Երեւանի փողոցները եւ անպայման` ժամը 13.00-ից: Մի տղամարդ էլ հենց այդ օրն է ուզում պառկել ինչ-որ կանտորայի դիմաց եւ էլի անպայման` ժամը 13.00-ին: Մի քանի խմբակներ էլ «խորհրդավոր» լռում են` չեն լսել, չեն տեսել:

Ոմանք կարծում են, որ սա պատահականություն է: Համենայն դեպս, իրենց շատ «բարեկիրթ» լռությունը դա է վկայում: Որովհետեւ սրանք հենց այն նույն մարդիկ են, որոնք, եթե Հայ ազգային կոնգրեսը որեւէ բողոքի ակցիայի զուգահեռ` նույն ժամին ինքն էլ որեւէ քայլ նախաձեռներ, կթնդացնեին օդը «ո՜վ հայ ժողովրդի» մոտիվներով: Չեն թնդացնում: Ուրեմն` վստահ են, որ սա պատահականություն է: Հո չհամարձակվեցի՞ք մտածել, որ կարծում են` պատահականություն չէ, բայց լռում են, որովհետեւ դա իրենց ձեռնտու է: Կամ էլ, ո՞վ գիտե, գուցե  տեղյակ են, որ «13.00»-ով հմայվածները հարկադրված են այդ ժամն ընտրել, որովհետեւ առավոտ վաղ խաշի են հրավիրված, երեկոյան էլ` խորովածի գորՁ կա, դե՛, միջակայքում էլ մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ` 13.00-ն է մնում:

Ինքս վստահ եմ, որ սա պատահականություն չէ: Ավելի քան վստահ եմ, որ հենց այդ ժամն ու միջոցառման այլ վայրերն ընտրվել են միմիայն մեկ նպատակով` նվազեցնել Կոնգրեսի հայտարարած երթի մասնակիցների թիվը: Եթե նրանց հաջողվի ինչ-որ չափով նվազեցնել երթի մասնակիցների թիվը, դա ի՞նչ է տալու «ո՜վ հայ ժողովրդին»:  Բնականաբար` առավել լկտիացած իշխանություն, որը կրկին համոզվելու է, որ դեռ էլի՛ կարող է հեծնել ու քշել ՀՀ քաղաքացիներին, քանի դեռ իրենց դեմ պայքարողների թվի նվազեցման համար պայքարող «նվիրյալներ» կան ընդդիմության շարքերում, որոնք որքան էլ նվազեցնում են «հակառակորդների» թիվը, միեւնույն է` դրանից իրենց թիվը չի ավելանում ու չի ավելանում:

Գուցե մի ա՞յլ «թիվ» է ավելանում` հասարակությանը ոչ տեսանելի: Հնարավոր է: Բայց դրանից բարելավվում է միայն այդ խմբակների մասնակիցների նյութական վիճակը, իսկ Հայաստանինը` շարունակում է օրհասական մնալ:

Գուցե ոչ մի թիվ էլ չի՞ ավելանում, սեփական հավակնությունների ճիրաններում թպրտու՞մ են: Բայց մինչեւ ե՞րբ: Չհասկացա՞ն մինչեւ հիմա, որ Կոնգրեսին թուլացնելով` դեռ ոչ ոք չի ուժեղացել:

Կասեք` չե՞ն սիրում Կոնգրեսին: Բայց Կոնգրեսն իրենց չի հրավիրում սաունա` միասին գարեջուր խմելու ու գիրկընդխառն ջուրը նետվելու: Կոնգրեսը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում միասին պայքարել Հայաստանը օրհասական վիճակի հասցնողների դեմ, մեկ էլ` «ո՜վ հայ ժողովրդի» ոտնահարված արժանապատվության եւ իրավունքների վերականգնման համար:

Եվ ով գիտակցում է սա, իր համակրանքներն ու հակակրանքները տանը թողած` վաղը ժամը 13.00-ին կմիանա Ազատության հրապարակում հավաքվածներին: Ով էլ չի գիտակցում` մեղքն իր վիզը, թող «վարի այս անվերջ սեւահողը»… 

  

Նախորդ հոդվածը‘Զորակոչիկները վիճակահանությամբ ընտրում են զորամասը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«ՌԻԱ-Նովոստի»-ի լրագրողները ռուսական մեդիադաշտի նկատմամբ պետական վերահսկողության խստացում են արձանագրում’