‘Լիզա Ճաղարյան. Հիշենք` որտեղ էինք եւ ուր ենք հասել’

5125

Չեմ հիշում` որ թվականն էր: Եթե ուզենամ` կճշտեմ, բայց այս դեպքում դա էական չէ:

Մոսկվայում ԱՊՀ անդամ տասներկու պետությունների նախագահների հերթական հավաքն էր, և ինձ բախտ էր վիճակվել, առաջին ու վերջին անգամ՝ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող լրագրողների խմբի մեջ հայտնվել: Բեմում նստած էին տասնմեկ երկրների նախագահները, դահլիճում` հարյուրավոր լրագրողներ: Մամուլի ասուլիսը պետք է արդեն սկսված լիներ, բայց չէր սկսվում: Սպասում էին Հայաստանի նախագահին: Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն անհանգիստ շարժումներ էր անում, բայց Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը նահանջելու միտք չուներ. ի՞նչ ասուլիս` առանց Լևոն Տեր-Պետրոսյանի: Ի վերջո` բացվեց դահլիճի դուռը, և ներս մտավ Հայաստանի Հանրապետության նախագահը: Բորիս Ելցինի դեմքն, առանց չափազանցության, ճառագեց, մնացյալ նախագահների ակնածանքն էլ էր ակնհայտ ու անթաքույց: Մեր թանկագին Հեյդար Ալիևն, իհարկե, բացառություն էր՝ հասկանալի պատճառով. ինքը պարտված երկիր էր ներկայացնում, Լևոն Տեր-Պետրոսյանը` իր երկրին հաղթած պետություն:

 Մեր նախագահը դանդաղ ու հպարտ բարձրացավ բեմ և նստեց: Ու բոլորը տեսան ու հասկացան, որ ուշացած դահլիճ մտնող Նախագահը ներկայացնում է արժանապատիվ և անկախ մի երկիր, որի անունն է Հայաստան:

 Ելցինը թեթևացած շունչ քաշեց, ու մամուլի ասուլիսն սկսվեց: Այդ ընթացքում դահլիճում նստած այլ պետությունների լրագրողները հասցրին Հայաստանի լրագրողներիս հայտնել իրենց անթաքույց հիացմունքը` երանի ձեզ, էս ի՜նչ նախագահ ունեք: Դե, մեր խմբում էլ ոմանք, իրոք, հպարտության զգացումից խունջիկ-մունջիկ եկան, ոմանք էլ դեղնականաչակապտեցին չարությունից: Հավաստի աղբյուրների պնդմամբ` մինչև հիմա էլ դեղնականաչակապտած են:

Ինչու՞ հիշեցի այս պատմությունը: Գրեթե ամեն օր հիշում եմ` հենց տեսնում եմ Բաղրամյան 26-ը զավթածին` ստորաքարշորեն ծռմռվելիս այլ պետությունների ղեկավարների առջև, և այդ ղեկավարների հեգնական վերաբերմունքը նրա նկատմամբ:

Իսկ ինչու՞ այսօր պատմեցի:

Որովհետև այսօր Հայաստանի առաջին և միակ ընտրյալ Նախագահի ծննդյան օրն է, և այսպես հարմար գտա շնորհավորել նրա տարեդարձը:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք Փարիզի արվարձանում պատանդներ են վերցրել ‘
Հաջորդ հոդվածը‘Փարիզի դատախազությունը հերքում նոր զոհի մասին տեղեկատվությունը’