Լիզա Ճաղարյան. Հպանցիկ հայացք պարոն Պետրոսի տվայտանքներին

2067

Մեծ աշխարհ է. պատահում է նաեւ այնպես, որ մեկ էլ մի օր աչքդ բացում ես ու որոշում «հետադարձ հայացք գցելով հասկանալ» ինչ–որ բաներ, որ մինչ «հետադարձ հայացք գցելդ» չես հասկացել։ Այնպես որ` կարիք չկա ոչ զայրանալու, ոչ էլ զարմանալու, որ Պետրոս Մակեյանը որոշել է հե՛նց հիմա «գցել» այդ հետադարձ հայացքը ու հասնել մինչեւ 1996 թվականի «խավարչտին խորխորատներն» ու այնտեղից խարխափելով վերադառնալ մեր օրերը։

Հնարավոր է` հայտնվեն չար ու նախանձ մարդիկ եւ նենգաբար հարց տան, թե ինչո՞ւ հենց այդ նույն 2008–ի բոլորիս հայտնի պայքարի օրերին, երբ ինքը` Պետրոս Մակեյանը, ակտիվորեն մասնակցում էր Լեւոն–Տեր Պետրոսյանի գլխավորած Շարժմանը, իր ամենատես ու ամենագետ հայացքին պարապուրդի էր մատնել։ Մի կաթիլ կասկած չունեմ, որ 2008–ին կամ դրանից մի քիչ անց էլ պարոն Մակեյանը գործի գցեր իր «արծվային» հայացքը, նույնքան եւ նույնիսկ առավել «անխոցելի փաստեր» կպեղեր ընդդեմ Տեր–Պետրոսյանի, որոնցից մեկն էլ սա կարող էր լինել, օրինակ, 2008–ի արյունոտ Մարտի 1–ի հաջորդ օրը. «Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ շարունակ դարձավ քաղաքական օրակարգ թելադրողը։ Բացի դրանից, իրենց հանցավոր համագործակցությունը  ժողովրդի թիկունքում քողարկվեց, հիշենք առաջին նախագահի հետընտրական ելույթը, որտեղ, մեջբերելով Չարենցի խոսքերը, ասաց․ «․․․թող վերջին զոհը լինեմ ես», ինչը եւս իր «կանխատեսումների» շարքից էր» («Հրապարակ»)։

Կարծում եմ, միայն այս մեջբերումը լիուլի բավարար է` պատկերացնելու համար, թե ինչ կուռ եւ երկաթյա տրամաբանությամբ է «հյուսված» պարոն Մակեյանի հոդվածաշարը, եւ թե որքան անպատվաբեր զբաղմունք է նրա մնացյալ «հիմնավորումներին» հակադարձելը։

Այնպես որ, ավելի լավ է հպանցիկ հայացք նետենք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ պարոն Մակեյանի տվայտանքներին ուղղությամբ եւ առանց մեծ ճիգերի նկատենք, որ այս ողջ «մեղադրական եզրակացության» նպատակը մեկն է` արդարացնել Ռոբերտ Քոչարյանին, եւ Մարտի 1–ի հանցագործությունը նրա ուսերից գցել «միմյանց հետ համագործակցող» մի շարք «դավադիրների» ուսերին։

Ավելի կոշտ չասեմ… Խղճահարություն հարուցող ջանք է։

Իսկ թե ինչու է պարոն Պետրոսը լծվել Քոչարյանի պաշտպանների սայլին, ես, իհարկե, իր ընդդիմախոսներին էժանագին «պիտակավորումներ» հղող այս կուսակցապետին իր բառապաշարով չեմ հակադարձի։

…Վստահ եմ, Քոչարյանին գրեթե անթաքույց արդարացնելու անհաջող փորձ անող Պետրոս Մակեյանն այս հոդվածաշարն արարել է առանց դույզն–ինչ շահի, անսահմանության ձգտող անաչառությամբ տոգորված եւ, իհարկե, հանուն մեր կապուտաչյա հայրենիքի պայծառ ապագայի։

Ամեն։

Նախորդ հոդվածըՔաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ պայմանագրային զինծառայողներ
Հաջորդ հոդվածըԹե ինչու է «հատկապես ՀՀՇ-ական շրջանը» դարձել բոլորի աչքի փուշը