‘Լիզա Ճաղարյան. Ձեռի հետ՝ Սերժիկի ու իր պատժիչ ջոկատների մասին’

3604

Որեւէ տարբերություն նկատե՞լ եք այն ժամանակահատվածի, երբ ՀՀ իշխանությունը «քրտնամխած» աշխատում է օրուգիշեր, եւ այն ժամանակահատվածի միջեւ, երբ ՀՀ իշխանությունը զվարճանում է՝ էլի՛ օրուգիշեր։ Ավելի պարզ՝ Հայաստանում տարբերություն կա՞ աշխատանքային եւ տոնական օրերի միջեւ։ Մեր պետության քաղաքացին զգու՞մ է, որ ահա՛ քանի-քանի օր է՝ Սերժ Սարգսյանն ու իր կուսակցության «վերին արտի ցորեն» անդամները հայտնի չէ, թե ինչով են զբաղված, հատկապես ու մասնավորապես քանի՛ օր է, որ զբաղված են այդ «հայտնի չէ»-ով, ո՛վ որտե՛ղ է զբաղված «հայտնի չէ»-ով, եւ ե՛րբ է սկսվել այդ «հայտնի չէ»-ն ու երբ է ավարտվել կամ ավարտվելու։

Կամ՝ երբ հայտնի էր, թե ինչով են զբաղված (հասկանալի է՝ տանջվում-չարչարվում էին հանուն երկրի բարօրության ու քաղաքացիների բարեկեցության), Հայաստանի քաղաքացին զգու՞մ էր իր մաշկի վրա սրանց տանջանք-չարչարանքների արդյունքները։

Պատասխանը բոլորս էլ գիտենք. եթե այս իշխանությունը կլոր տարին Ամանոր նշի կամ Մարտի ութ, Սերժիկ Սարգսյանն այս հարսանիքից վազի մյուսը, այս կնունքից «ճախրի» մյուսը ու թեւերը պարզած՝ Դարչոյի պարը «տժժացնի», կամ «տքնի» գիշեր ու ցերեկ՝ «ազգի համար», միեւնույն է՝ նույն արդյունքն ենք ունենալու, ինչ որ ունեինք ու ունենք։ Եթե մեր գրպանները դատարկ են, շարունակելու են դատարկ մնալ, եթե իրենց գրպանները ուռուցիկ են, շարունակելու են ուռուցիկ մնալ։ Եթե հայհոյում էինք սրանց աշխատանքային օրերին, նույն «ջերմությամբ» հայհոյում ենք նաեւ տոնական օրերին։ Եթե երկիրը գլորվում է անդունդն աշխատանքային օրերին, անտրտունջ գլորվում էր նաեւ տոնական օրերին։

Եվ միայն մեկ ոլորտ կա, որն աշխատել ու աշխատում է օրուգիշեր, եւ մեծ անարդարություն կլինի, եթե ասենք՝ վատ են աշխատել կամ աշխատում։ Տոնական օր լինի, թե աշխատանքային օր, Սերժիկ Սարգսյանի պատժիչ ջոկատները՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, մշտարթուն են եւ զբաղված են մեն-միակ գործով՝ հայտնաբերում են Հանրապետական կուսակցության ղեկավարի «մշտնջենական» իշխանությանը սպառնացողներին ու վնասազերծում։

Սերժիկ Սարգսյանն իր իշխանազավթման առաջին օրերից մինչ օրս միայն այս գործն է անթերի իրականացրել։ Անմեղ քաղաքացիների սպանության «գործով» ռեկորդ է խփել, քաղբանտարկյալների թվով ռեկորդ է խփել ու շարունակում է խփել։

Նրա «գելխեղդներն» այնքան զգոն էին, որ նույնիսկ Ամանորի գիշերը հարձակվեցին Ազատության հրապարակում հավաքված մի խումբ քաղաքացիների վրա եւ հասցրին մի գիշերվա ընթացքում եւս մեկ քաղբանտարկյալ «կերտել»։

Հերն անիծած, որ այս «հաջողությանը» զուգահեռ՝ Հայաստանում ծաղկում ու բարգավաճում է քրեական հանցագործությունը, «օրենքով գողերի» երկրորդ հայրենիքն է դարձել Հայաստանը, նրանց չորեքթաթ դիմավորում են հանրապետական ԱԺ պատգամավորներ ու այլեւայլ կարկառուն հանրապետականներ, գողերն ազատորեն ելումուտ են անում մարդկանց բնակարաններում եւ մաքրազարդում ազնիվ քաղաքացիների ունեցվածքն ու իշխանավոր թալանչի իշխանավորների դիզած միլիոնները, դե հետն էլ՝ եթե շատ բարի են, միայն խոշտանգում են տանտերերին, եթե քիչ են բարի՝ սպանում են (բա չէ՝ զահլա կա)։

Եվ եթե այս շռնդալից հաջողություններ գրանցած ոլորտում Սերժիկ Սարգսյանն իրավունք ունի դժգոհելու, ապա միայն մի պատճառով՝ Հայաստանը սեփական Սիբիր չունի, որ Հանրապետականի շեֆն «էտապներով» աքսորի իր «արեւով» չերդվողներին։ Այս հարցն էլ, կարծես, նոր սահմանադրության օգնությամբ կամաց-կամաց լուծում են։ Ողջ Հայաստանը աքսորավայր են դարձնում։ Բաց երկնքի տակ։

Մի ժամանակ, ասում էին, թանգարան ենք բաց երկնքի տակ։

Դե, կարեւորը՝ ավանդույթը չի խախտվում, էլի՛ բաց երկնքի տակ ենք լինելու։

 

  

 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում հարյուրավոր պատանդներ են վերցրել’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկներ. Կոչ ենք անում համախմբվել ‘