Լիզա Ճաղարյան. Ձեռքս քարացել է ցավի վրա, Վանո

1846

Արժեզրկումների անխնա շրջան էր, երբ հեռացար երկրից։

Արժեզրկումների այդ շրջանը ոչ միայն շարունակվում է, այլեւ ավելի ու ավելի գարշադեմ է դարձել հիմա, երբ ձեռքդ թափ տվեցիր ու լքեցիր նաեւ այս աշխարհը։

Հենց լքեցիր, անօգնական շուրջս նայեցի ու մեկ էլ հանկարծ տեսա, որ մենակ եմ մնացել։

Տեսա, որ ոչ ոք չի մնացել մեր տղերքից, որ գլուխս դնեմ ուսին, ասեմ` Վանո ջան, Վանո ջան, ու լաց լինեմ։

Ես գիտեի, որ էլ չես գալու։

Գիտեի, որ էլ չեմ տեսնելու քեզ։

Շատ էի ուզում տեսնել ու պատկերացնել վերադարձդ, բայց չէր տեսնվում, չէր պատկերացվում։

Գիտեի, որ սարից իջնող աղբյուրի ակի մոտ չենք նստելու եւ հացուպանիր չենք ուտելու։

Զարմանալի բան է, Վանո. եթե ջանք էի թափում, որ վերադարձդ պատկերացնեմ, հենց այդ պատկերն էի տեսնում` նստած ենք շնկշնկան աղբյուրի մոտ, քո ձեռքով ինձ ես տալիս հացուպանիրը եւ քթիդ տակ Ջիվանի ես դնդնացնում։

Որովհետեւ քեզ լիարժեք, լիաթոք ու երջանիկ` այդ պահերին եմ տեսել։

Չեմ կարողանում ձեռքս ետ տանել ցավի վրայից։

Չգիտեմ` ետ տանեմ ու որտեղ դնեմ։

Ետ տանելու տեղը չեմ գտնում։

………………………………………………..

Անտանելի փոքրացել է աշխարհը ու հո չի ցավեցնում, հո չի ցավեցնում։

…Բայց մենք ցավի սովոր մարդիկ ենք, թասդ բե՛ր, Քանքարավոր Ընկեր։

Լուսանկարը` Գերման Ավագյանի

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը
Հաջորդ հոդվածըԻնտենսիվ փոխհրաձգություն հայ–ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ